էշին փալան չեկավ, Ավինյանին՝ խոսնակ․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՔՊ-ական նախկին պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ պնդում է, որ 2019-ին Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ բուքմեյքերական գրասենյակները փակելու նախաձեռնությունը մշակվել էր` VBet-ի (նախկին Vivaro) շահերից ելնելով։ Հենց այս թեմայից էլ սկսվել էին իր եւ Սիմոնյանի տարաձայնությունները։ Սարգսյանն այս մասին պատմել է «Tete A Tete»-ին։ Նա ընդգծում է, որ սկզբում նախաձեռնությունը ներկայացվում էր որպես խաղամոլության դեմ պայքար՝ բուքմեյքերական գրասենյակները փակելու միջոցով։ Սակայն իր մոտ հարցեր են առաջացել՝ հաշվի առնելով Սիմոնյանի եւ Vivaro-ի հետ կապվող գործարար Վիգեն Բադալյանի ընկերությունը։ Սարգսյանի խոսքով՝ ինքը տվյալ ժամանակահատվածում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ էր, եւ խաղային ոլորտի այլ ընկերությունների ներկայացուցիչներն իրեն ասում էին, թե նախագիծն ուղղորդված է Vivaro/VBet-ի կողմից։ «Գալիս էին ու ասում էին, որ այս նախագիծն ուղղորդված է Vivaro-ից, որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, որովհետեւ օնլայնում ամենաուժեղը Vivaro-ն է, դրա համար այս նախագիծը գրվել է VBet-ում ու Ալեն Սիմոնյանն է բերել»,- պատմել է Սարգսյանը՝ հավելելով, որ փաստաթղթային հետքերից էլ երեւացել է՝ նախագիծը դուրս է եկել հենց VBet-ից։ Փաստորեն, Հայկ Սարգսյանը Ալենին անուղղակի մեղադրում է խաղամոլության չարիքին նպաստելու մե՞ջ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կադրային քաղաքականությունը վաղուց այլեւս զարմանալու տեղ չի թողնում, սակայն, ինչպես պարզվում է, դեռ կան նոր «բարձունքներ», որոնք կարելի է նվաճել։ ՔՊ-ական նախկին պատգամավոր ՋՈՒԼԻԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ հայտնել է, որ ստանձնում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի պաշտոնը։ Թե ինչ չափանիշներով է ընտրվել Երեւանի քաղաքապետի հանրային հաղորդակցության պատասխանատուն, բնականաբար, հարցեր է առաջացնում։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը մայրաքաղաքի քաղաքապետարանի մասին է՝ ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի կառավարման կարեւորագույն կառույցներից մեկի։ Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ Ազարյանը 2016 թ․-ին ավարտել է Երեւանի էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը եւ 2018-ին ունեցել թռիչքային հաջողություններ՝ դառնալով ՔՊ անդամ։ 2022-2024 թթ․ եղել է Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ 2024 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Եվ հետո նոր մտքով անցել է, որ պետք է սովորի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Ու հիմա ուսանող Ազարյանը փոխանակ նոր ուսումնական տարվա առարկաներով զբաղվի, հանկարծ տեղավորվել է քաղաքապետարանում։ Այստեղ են ասել՝ էշին փալան չեկավ, Ավինյանին՝ խոսնակ։
Իսկ իշխանական մամուլի սրտի արձակագիր ՀԱՅԿ ՀՈՎՅԱՆԸ սոցիալական ցանցում զարմացրել է իր խայտառակ գրառմամբ։ «Անցնող ժամանակը մի լավ կողմ ունի՝ սովետահայերին քիչ ա մնացել ապրելու... կասենք ողորմի»,- գրել է նա։ Հետաքրքիր է՝ այս «ողորմին» ո՞ւմ է հասցեագրված։ Ասվածը հեղինակի ծնողներին, տատիկներին ու պապիկներին նույնպե՞ս վերաբերում է։ Թե՞ «սովետահայ» հասկացությունը հանկարծ սկսվում է ուրիշների ընտանիքներից ու ավարտվում սեփական տոհմածառից մի քանի ճյուղ առաջ։ Ու ամենաողբերգականն այն է, որ սույն անձնավորությանը հաճախ հրավիրում են հարցազրույցների եւ ներկայացնում իբրեւ «մտավորական»։ Մտավորական լինելը միայն գիրք գրելն ու հրապարակային խոսք ունենալը չէ։ Դա նաեւ սեփական բառերի պատասխանատվությունը հասկանալն է։ Հատկապես, երբ այդ բառերը վերաբերում են մի ամբողջ սերնդի՝ նրա ապրած կյանքին, հիշողություններին, ծնողներին ու նախնիներին։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

