Անիծված լինի այն օրը, երբ նստեցի այս ղեկին

Վերլուծություն

Կա մի կինեմատոգրաֆիական դրվագ, որը վերջին օրերին ակամա նոր քաղաքական նշանակություն է ստանում։ «Կովկասի գերուհին» ֆիլմում բեռնատարի խցիկից հերոսներից մեկը դուրս է գալիս նյարդայնացած, դժգոհ ու ակնհայտորեն փոշմանած մարդու կերպարով եւ արտասանում այն հանրահայտ նախադասությունը, որը հետագայում առանձին կյանք է ստացել․ անիծված լինի այն օրը, երբ նստեցի այս «փոշեծծիչի» ղեկին։

Կողքից էլ վարորդ Էդիկը հանգիստ, գրեթե փիլիսոփայական անտարբերությամբ պատասխանում է՝ ճիշտ է, հեռացի՛ր, մի՛ խանգարիր աշխատել։ Ֆիլմում սա ծիծաղելի դրվագ է։ Հայաստանի քաղաքական իրականության մեջ, սակայն, այն սկսում է դառնալ գրեթե փաստագրական տեսարան։

Արդեն ութ տարի շարունակ Հայաստանի պետական ղեկին նստած Նիկոլ Փաշինյանը ասում է, թե եղել են օրեր, երբ անիծել է այն օրը, որ դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ ոչ թե մեկ անգամ, այլ՝ ինչպես ինքն է ասում՝ բազմիցս։

Անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի 2018-ի դեպքերի մասին գրքի շնորհանդեսին Փաշինյանի այս ելույթը, եթե մի կողմ դնենք սովորական քաղաքական ճառի շղարշը, բավական ուշագրավ ինքնախոստովանություն էր։ Ահա այստեղ «Կովկասի գերուհու» հերոսը կարող է մի կողմ քաշվել եւ իր բեռնատարի ղեկը վստահել հայաստանյան քաղաքական փորձառությանը։ Որովհետեւ նա գոնե մի մեքենայի մասին էր խոսում։ Իսկ այստեղ խոսքը մի ամբողջ պետության մասին է։

ՆԻԿՈԼԸ ՃԱՐ ՈՒՆԵՆԱՐ, ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՄԵՐԺԵՐ

Փաշինյանն այդ նույն ելույթում խոսում է հեղափոխության մասին՝ իբրեւ հաջողության պատմության։ Ասում է, որ հեղափոխության վերաբերյալ իր եզրակացությունները պարբերաբար փոխվում են։ Եվ այդ ամենի վերջում հավելում է՝ Հայաստանին էլի հեղափոխություն է պետք։

Փաստորեն, մարդը նստեց ղեկին, սկսեց անիծել ղեկին նստելու օրը, հետո հասկացավ, որ հեղափոխությունը հաջողության պատմություն է, իսկ հետո պարզվեց, որ այդ հաջողության մասին իր եզրակացությունները դեռ փոխվում են։ Վերջում էլ եզրակացրեց՝ նորից հեղափոխություն է պետք։

Քաղաքացին այս ամենից ի՞նչ պետք է եզրակացնի։ Հիմա ո՞ր փուլում ենք՝ հեղափոխության ավարտվա՞ծ պատմություն է, հաջողությա՞ն պատմություն է, չավարտվա՞ծ է, թե՞ նոր հեղափոխության նախաշեմին է։ Այսքանից հետո հստակ է մի բան՝ Փաշինյանը ճար ունենար, հիմա էլ քայլ կաներ, կմերժեր ինքն իրեն։

«Կովկասի գերուհու» հայտնի տեսարանում կերպարը դուրս է գալիս մեքենայից եւ փաստացի հրաժարվում է շարունակել այդ անհեթեթությունը։ Նա հասկանում է, որ մեքենայի ղեկին նստելն ինքնին դեռ չի նշանակում, որ դու գիտես՝ ուր ես գնում։

Ահա սա է այն դրվագը, որը, թերեւս, կարելի է առաջարկել ժամանակակից հայաստանյան քաղաքականության համար որպես պարտադիր դիտում։ Որովհետեւ 2018-ին իշխանության գալը ներկայացվեց որպես ժողովրդի հաղթանակ, նոր Հայաստանի ծնունդ, քաղաքական համակարգի արմատական փոփոխություն եւ հին իրականությունից հրաժարում։ Ժամանակն անցավ։ Հին համակարգի բազմաթիվ դեմքեր հեռացան, նորերը հայտնվեցին։ Հետո սկսվեց այն, ինչ սովորաբար սկսվում է իշխանության ամրապնդումից հետո․ հեղափոխությունը դարձավ ոչ միայն իշխանության գալու ճանապարհ, այլեւ իշխանության մնալու բարոյական հիմնավորում։ Այն դարձավ ներկայի ապահովագրական այցեքարտ։ Բայց այստեղ ամենամեծ միֆն այն է, որ 2018-ի իշխանազավթումն արդեն մտնում է գրականություն՝ իբրեւ հեղափոխություն։ Սա ուղղակի խայտառակություն է։

Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 2018-ԻՑ ՀԵՏՈ

Ի վերջո, ի՞նչ ստացավ Հայաստանը 2018-ից հետո։ Եվ հենց այստեղ է «հաջողության պատմություն» արտահայտությունը դառնում խնդրահարույց։

Նույն ժամանակահատվածում տեղավորվում են 44-օրյա պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հայաթափումը, բռնի տեղահանումը, Հայաստանի անվտանգության համակարգի ծանրագույն ճգնաժամերը եւ հասարակության խորացող պառակտումը։

Ուստի, եթե սա հաջողության պատմություն է, հասարակությանը մնում է ընդամենը մի հարց տալ՝ ո՞ւմ հաջողության պատմությունն է։ Քայլարածների՞, ՔՊ-ի՞, թե՞ նրանց, ովքեր հեղափոխությունից հետո իրենց կենսագրության մեջ հանկարծ հայտնաբերեցին, որ 2018-ի «առաջամարտիկներից» էին, հետո ամաչեցին դրանից։ Թե՞ այն ծնողների, որոնց որդին պատերազմից տուն չեկավ։

Ի դեպ, զոհերի մասին․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայի CEVRO համալսարանում ունեցած ելույթի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի զոհերի մասին եւ նշել 4800 թիվը։ Մի քանի ժամ անց նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ տեղի է ունեցել վրիպակ, եւ ճշգրտել թիվը՝ 3755։

Այստեղ նույնիսկ սարկազմը մի պահ պետք է դնել մի կողմ, որովհետեւ խոսքը զոհերի մասին է։ 4800-ը եւ 3755-ը պարզապես թվեր չեն։ Տարբերությունը 1045 է։ 1045 մարդու չափ տարբերություն։ Եվ երբ խոսքը պատերազմում զոհված մարդկանց մասին է, այդ տարբերությունը քաղաքական բանավեճի համար հարմար վիճակագրական միջակայք չէ։ Սա մարդկային կյանքերի մասին խոսակցություն է։

Ամենաանհարմար հարցն այն է՝ ինչպե՞ս է հնարավոր, որ պատերազմի զոհերի թիվը երկրի նախագահի պաշտոնական ելույթում հայտնվի որպես սխալ թիվ։ Իհարկե, մարդը կարող է սխալվել, Խաչատուրյանն էլ։ Բայց պետությունը մարդ չէ։ Պետությունը պետք է ունենա հաշվառում, արխիվ, մեկ հստակ տվյալների բազա։ Պետք է իմանա՝ ով է զոհվել, ով է անհետ կորել, ով է զինծառայող, ով՝ քաղաքացիական անձ։ Եվ այդ տվյալները չպետք է կախված լինեն նրանից, թե տվյալ պահին որ պաշտոնյան ինչ թիվ է հիշել։

ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ ԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԽԱՌՆԱՇՓՈԹ

Թվերի պատմությունը, որքան էլ ցանկալի լինի այն ներկայացնել որպես պարզապես նախագահի վրիպակ, ավելի խոր խնդիր ունի։ Որոշ հրապարակումներում 3833-ը ներկայացվել է որպես 44-օրյա պատերազմի հայկական կողմի ընդհանուր զոհերի պաշտոնական թիվ, որից 3755-ը զինծառայողներ են, իսկ 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Նույն աղբյուրում նշվում է նաեւ 191 անհետ կորածի մասին։

Այսինքն՝ հասարակության համար առաջանում է օրինաչափ հարց․ եթե 3755-ը զինծառայողների թիվն է, ապա ինչո՞ւ նախագահի աշխատակազմն այն ներկայացրեց որպես պատերազմի զոհերի ընդհանուր թիվ։ Եթե 3833-ը ընդհանուր թիվն է, ինչո՞ւ պաշտոնական պարզաբանման մեջ նշվեց 3755։ Եվ եթե պետական կառույցների միջեւ թվերի ներկայացման տարբերություններ կան, ապա ո՞վ է վերջնականապես պատասխանատու հասարակությանը մեկ հստակ եւ ստուգելի տվյալ ներկայացնելու համար։

Վերջիվերջո, յուրաքանչյուր զոհ ունի անուն-ազգանուն, լուսանկար, կենսագրություն, ծառայության եւ բնակության տվյալներ, ընտանիք, իր տեղը պատմության եւ պետական հիշողության մեջ։ Բայց Հայաստանում, ցավոք, նույնիսկ զոհերի թվի շուրջ տարիներ անց շարունակում է մնալ քաղաքական եւ տեղեկատվական մշուշ։ Եվ հետո իշխանությունը զարմանում է, թե ինչու հասարակությունը չի վստահում իր թվերին։

ՂԵԿԸ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՀԵԼ, ԲԱՅՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Նիկոլ Փաշինյանը կարող է անիծել այն օրը, երբ դարձավ վարչապետ։ Անգամ կարող է ասել, որ Հայաստանին նոր հեղափոխություն է պետք։ Բայց կա մի բան, որը նրա քաղաքական թիմը չի կարող խմբագրել՝ իրականությունը։ Որքան էլ փորձեն 2018-ը դարձնել հավերժական քաղաքական վկայական, ժամանակը հարցնելու է՝ ի՞նչ եղավ հետո։ Որքան էլ փորձեն 2018-ի իշխանազավթումը ներկայացնել որպես պատմական հաջողություն, զոհվածների ընտանիքները հարցնելու են՝ իսկ մեր որդիների գինը ո՞րն էր։ Որքան էլ փորձեն Արցախի պատմությունը տեղավորել մի քանի քաղաքական ձեւակերպումների մեջ, տեղահանված մարդը հիշելու է իր տան դուռը։

Եվ այստեղ իշխանության համար ամենավտանգավորը ոչ թե, ասենք, մանդատավոր ընդդիմությունն է։ Ամենավտանգավորը ժամանակն է։ Որովհետեւ իշխանությունը կարող է վերահսկել օրվա խոսույթը, պաշտոնական հայտարարությունը, կարող է նոր ձեւակերպում գտնել հին անհարմար փաստի համար։ Բայց չի կարող հրահանգել պատմությանը, թե ինչ գնահատական տալ։

Հետեւաբար, թող գրեն իրենց գրքերը։ Թող ամեն շաբաթ փոխեն իրենց եզրակացությունները։ Պատմությունը կսպասի։ Եվ երբ մի օր այսօրվա քաղաքական աղմուկը լռի, մնալու են փաստերը՝ ովքեր եկան իշխանության, ինչ խոստացան, ինչ որոշեցին, ինչի համար պայքարեցին, ինչ կորցրինք, ինչ պահպանեցինք եւ ինչ գնով։ Իսկ այդ ժամանակ մարդիկ տալու են շատ պարզ մի հարց՝ երբ հասկացել էիր, որ ղեկը քեզ տանում է սխալ ուղղությամբ, ինչո՞ւ դուրս չեկար մեքենայից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում