Լրջագույն խնդիր, որի պատասխանատուն ու կրողը քաղաքային իշխանությունն է
Ով է պատասխապատու մայրաքաղաքում առկա կիլոմետրանոց խայտառակ խցանումների համար, մինչեւ երբ պիտի երեւանցին հանդուրժի հարցը «Իրավունքը» տվել է հայտնի իրավապաշտպան, զտարյուն հայի տեսակ Լեվոն Բաղդասարյանին, ով արդարացիորեն փաստեց.
- Հայաստանում կարծես նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում՝ «պատասխանատու եմ, բայց մեղավորը ես չեմ»։
Սա պատասխանատվությունից փախչելու յուրատեսակ կործանարար։ բանաձև է
Նախ՝ պետք չէ ամեն անգամ մեղավորներ փնտրել։ Իշխանության առաքելությունը մեղավորների ցուցակ կազմելը չէ։ Իշխանության առաքելությունը խնդիրները լուծելն է։
Իսկ եթե խնդիրը չի լուծվում, ապա թիվ մեկ պատասխանատուն, ուզենք թե չուզենք, այն իշխանությունն է, որն ունի այդ խնդիրը լուծելու լիազորությունը։
Երբ նավը խորտակվում է, նավապետը չի ասում՝ «Ես պատասխանատու եմ, բայց մեղավորը ես չեմ»։
Նավապետը կա՛մ փրկում է նավը, կա՛մ վերջինն է լքում այն։
Հիմա՝ Երևանը։
Երևանում օրվա ընթացքում տեղաշարժվելը դարձել է անհնարին։ Խցանումը վաղուց արդեն պարզապես անհարմարություն չէ։ Այն դարձել է քաղաքի բնականոն կյանքի, աշխատանքի, բիզնեսի, շտապօգնության, հրշեջ ծառայությունների և, ընդհանրապես, քաղաքացու ժամանակի դեմ ուղղված լրջագույն խնդիր։
Քաղաքային իշխանությունը, անշուշտ, կարող է բերել և բերում է տասնյակ պատճառներ։ Դրանց մի մասը նույնիսկ հիմնավոր է։
Բայց պատճառ ունենալը դեռևս արդյունք ունենալ չէ։
Քաղաքացին իշխանությանը չի ընտրում, որպեսզի ամեն օր լսի, թե ինչու որևէ բան հնարավոր չէ անել։ Քաղաքացին իշխանությանը ընտրում է, որպեսզի տեսնի՝ ինչ է արվում այդ խնդիրը լուծելու համար։
Երևանի այս իրավիճակի քաղաքական պատասխանատվությունը քաղաքային իշխանությանն է։
Իսկ եթե իրավասու մարմինը գիտակցում է խնդիրը, ունի դրա լուծման համար անհրաժեշտ լիազորություններ , սակայն երկար ժամանակ չի ձեռնարկում օրենքով ու իր լիազորություններով նախատեսված անհրաժեշտ քայլերը, ապա արդեն իրավական գնահատականի հարց է առաջանում՝ այդ թվում՝ հնարավոր անգործության մասով։
Ես չեմ պատրաստվում այստեղ ճանապարհային երթևեկության դասագիրք գրել։
Անհրաժռշտ է
վերջ տալ փողոցների անհարկի և անպատասխանատու փակմանը,։Մոր փորից ելնողը երբ ուզի ,ոնց ուզի օրվա ցանկացած ճամի փողոց է փակում ,փողոց է քանդում ու քանդած թողնում։Անհրաժեշտ է կարգավորել երթևեկությունը, վարչական տոտալ հսկողւթյուն ու պատասխանատվություն կիրառել ճանապարհը խոչընդոտողների նկատմամբ, վերանայել երթևեկության կազմակերպման սխալ լուծումները և, ամենակարևորը՝ վերջապես առաջնահերթություն տալ Երևանը բեռնաթափող նոր ու շրջանցիկ ճանապարհների կառուցմանը։
Որովհետև այս քաղաքը չի կարող անվերջ ապրել նույն մի քանի փողոցների հաշվին։
Եվ մի կարևոր բան էլ։
Մեկ տարի անց Երևանի ավագանու ընտրություններն են։
Այնպես որ՝ «ասեք,կաբեբքի» տարբերակի վրա այլևս հույս չդնեք։
Այդ տարբերակը ոչ միայն չի աշխատելու, այլև կարող է շատ թանկ նստել։
Իշխանությունը կարող է այսօր ասել՝ «մեղավորը ես չեմ»։
Կարող է վաղը մեկ ուրիշին մատնացույց անել։
Կարող է մյուս օրը նոր պատճառաբանություն գտնել։
Բայց կա մի բան, որից ոչ մի իշխանություն չի կարող խուսափել՝ ժամանակից և քաղաքացու գնահատականից։
Եվ երբ գա այդ օրը, հարցնելու են ոչ թե ով էր մեղավոր,այլ^ ով էր պատասխանատուն
Փաստաբան^ Լևոն Բաղդասարյան

