Հայաստանի հաշվին հակառուսական երկրորդ ճակատ բացել Եվրոպային այս պահին պե՞տք է
ՎերլուծությունԻհարկե, Փաշինյանի Փարիզ մեկնելը կարելի է համարել նաեւ «այց ընկերոջը»` Մոսկվա մեկնելու շեմին: Թե ինչ արդյունավետությամբ, այստեղ նաեւ պետք է հասկանալ, թե իրականում ներկա պահին Եվրոպան շահագրգռվա՞ծ է կամ կարո՞ղ է Հայաստանում իրական երկրորդ ճակատ բացել Մոսկվայի դեմ: Այն իմաստով, որ հիմնական ճակատի` Ուկրաինայի հետ կապված ոչ թե միայն խնդիրների պակաս չկա, այլ այդ խնդիրները միայն խորանում են:
Փորձագիտական հանրությունն այս վերջին օրերին երկու առանցքային փաստ է ֆիքսում: Նախ, որ Եվրոպան մտնում է էներգետիկ ճգնաժամի փուլ։ Բուն հիմքը հասկանալի է` իրանական պատերազմը, որը հասկանալի էլ չէ, թե երբ ավարտին կհասնի: Իսկ փաստը սա է. այս պահին Եվրոպայում գազի գները գերազանցել են 80 եվրոն՝ մեկ ՄՎտժ-ի համար` հուլիսի սկզբին մոտ 40 եվրոյի դիմաց: Պատճառը եւս տեսանելի է` ձմռան շեմին եվրոպական պահեստարանները լցված են 60-67%-ով, ինչը հակառեկորդ է: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն 80 եվրո սակագինը մասնագետները համարում են էներգետիկ ճգնաժամի սկիզբ։ 100 եվրոն, որը ձմռան շեմին դարձել է չափազանց սպասելի, արդեն իսկ շատ լուրջ սթրես է եվրոպական արդյունաբերության համար եւ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի լուրջ պատճառ: 120-150 եվրոն համարվում է տնտեսության փլուզմանը մոտ գոտի։ Ու միաժամանակ մեծ լարվածություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ հարցի պատասխանը, թե որքան ժամանակ կպահպանվի այս իրավիճակը, չկա:
Սրանից էլ զատ, Եվրոպան մտնում է համակարգային քաղաքական շրջադարձի փուլ, որտեղ Ուկրաինային աջակցությունը այլեւս անվերապահ կոնսենսուս չէ, այլ դառնում է ներքին իշխանության համար պայքարի մաս, ինչպես հստակ ցույց տվեցին Գերմանիայում եւ Լեհաստանում կայացած ընտրությունները: Կիեւի հիմնական մտահոգությունն այն է, որ ԵՄ-ն ստիպված կլինի կրճատել ֆինանսավորումը, այն դեպքում, քանի որ խորացող էներգետիկ ճգնաժամը հենց այդ հիմնարար պահանջն է առաջ բերել եվրոպական հանրությունների մոտ: Ամեն դեպքում, արդեն այս պահին քիչ չեն փորձագիտական գնահատումները, որ եվրոպական էլիտաները արդեն քննարկում են մի սցենար, որի դեպքում ձմեռային էներգետիկ ճգնաժամը կդառնա Ուկրաինայի աջակցության քաղաքականության վերանայման կատալիզատոր։
Իհարկե, հաշվի առնելով ԱՄՆ-ում սպասվող փոփոխությունները, որոնցից ակնկալիքները, թերեւս, արդեն իսկ Թրամփին ստիպում են կտրուկ արագացման գնալ ուկրաինական բանակցությունների ուղղությամբ: Այսպես, Թրամփը, կապված Կոնգրեսի առաջիկա ընտրությունների հետ, արդեն սկսել է ընտրողներին վախեցնել` եթե իմ թիմին չընտրեք, «վարի եք գնալու» տարբերակով: Դա, իհարկե, չաշխատող հռետորաբանություն է, եւ Թրամփին այս պահին սկսել են օդ ու ջրի պես անհրաժեշտ դառնալ կոնկրետ արդյունքները, որոնք նա կարող է դնել իր քարոզչության տակ: Իրանի հետ կապված լուծումներ այդպես էլ տեսանելի չեն, Գրենլանդիան, Կանադան, անգամ Կուբան գրավելը մնում են միայն երազանքներ: Միակ ռեալ ուղղությունը դարձել է Ուկրաինան, որտեղ կարող է հասնել արագ խաղաղության: Հենց սա կլիներ այն հնչեղ հաջողությունը, որը, հնարավոր է, որ նաեւ ամերիկյան ընտրողների տրամադրությունների վրա ազդելու լուրջ գործոն դառնա: Եվ այն, որ Վաշինգտոնում սկսեցին խոսել Թրամփի` որեւէ բանով աչքի չընկած բանագնացներ Ուիտկոֆ–Քուշներ զույգին ամերիկյան քաղաքականության ռեալ ազդեցիկ պաշտոնյաներից մեկով` ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆով փոխարինելու մասին, հենց բանակցային գործընթացն ակտիվացնելու միջոց կարող է դառնալ:
Ռատկլիֆն է, որը նաեւ իր պաշտոնական դիրքից ելնելով, կարող է իրական ազդեցություն ունենալ Զելենսկու որոշումների վրա: Նաեւ հաշվի առնելով, որ նույն ամերիկյան ԿՀՎ–ում են կենտրոնացած Զելենսկու դեմ բոլոր կոմպրոմատները, որոնք ջրի երես հանելը կարող է պայթյունային էֆեկտ ունենալ:
Նաեւ հաշվի առնելով, որ ինչպես Մոսկվայից են սկսել իրար հետեւից ազդակներ ստացվել, ամենեւին էլ հակված չեն այն մտքին, որ Վաշինգտոնում կա պատերազմն ավարտին հասցնելու իրական ցանկություն: Նախօրեին այդ մասին Լավրովը խոսեց ամենաուղիղ բառապաշարով, որ Մոսկվան հույս չի կապում բանակցությունների հետ, բայց եթե անգամ դրանք համաձայնվի շարունակել, մեկ է, հիմնական միջոցը համարում են ռազմականը: Ոչ պակաս հստակ ազդակ եկավ ՌԴ նախագահի օգնական Ուշակովից. եթե ԱՄՆ–ն իրոք ցանկանում է արագ բանակցային հաջողության հասնել, պետք է լիովին դադարեցնի Կիեւին տրամադրվող ողջ օգնությունը: Առավել եւս, որ այս պահին ամերիկյան կողմը Մոսկվային ցույց չի տվել խաղաղության հասնելու որեւէ «ճանապարհային քարտեզ», ինչի մասին օրերս խոսում էր Մարկո Ռուբիոն։
Այսինքն, եթե Վաշինգտոնը ԿՀՎ–ի միջոցով Զելենսկու վրա ուղղված ճնշումներին ավելացնի նաեւ ռազմական օգնության լիակատար դադարեցումը, ամեն դեպքում, Կիեւում համոզված լինեն, որ դա լինելու է, ապա ուկրաինական իշխանությունների համար խաղերի այլ տարբերակ պարզապես չի մնալու:
Առավել եւս, որ Կիեւում, կարծես թե, սրվում են տրամադրությունները, որ Եվրոպայից, անգամ Բրիտանիայից եկող աջակցությունը ներկա իրավիճակում կարող է էապես նվազել: Այսպես, երեկ ՌԴ ԱԴԾ–ն ներկայացրեց փաստ, որ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները փորձել են սպանել Մոսկվայում Բրիտանիայի դեսպանին: Թե ինչու, կարելի է կռահել. դեսպանի սպանությունը թեեւ ծայրահեղ, բայց առիթ է Ռուսաստանին մեղադրելու եւ Բրիտանիային ընդհուպ` ուղղակիորեն պատերազմի մեջ ներքաշելու համար: Եվ եթե ամեն բան Կիեւի մոտ հասել է նման ծայրահեղության, ապա սա լուրջ ցուցիչ է, որ Եվրոպայի համար ուկրաինական ուղղությունը կարող է դառնալ ոչ օրակարգային:
Ու հենց այստեղից էլ բխում է արդեն մեր հարցը` այս իրավիճակում Հայաստանի հաշվին հակառուսական երկրորդ ճակատ բացել Եվրոպայի համար որքանո՞վ է օրակարգային:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71831

