Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային. Կրթության փորձագետը ահազանգում է
ՀանդիպումՀայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը:
Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
Ինչի՞ մասին են ահազանգում այս տվյալները հարցին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ցավով է նշում.
-
Ես արդեն տասնամյակներ է՝ ասում եմ, որ պետք է դադարենք կրթության ոլորտում սին հույսեր տալուց, մենք անընդհատ ասում ենք՝ շուտով լավ է լինելու, հետո ձախողվում ենք, հետո ասում ենք՝ մի շտապեք, ժամանակ է պետք, ու այդպես արդեն 35 տարի անցավ: Անընդհատ սպասումների մեջ ենք պահում համակարգը, անընդհատ ասում ենք, թե իքս կազմակերպությունը հետազոտել է ու ասում է, որ Հայաստանը օրինակելի երկիր է, տեսչական մարմնի հետազոտություններն ենք մեջբերում, որոնց համաձայն 20 տոկոսով բարձրացել է ընթերցանության ցուցանիշները, ասում ենք՝ նոր չափորոշիչներն ու դասագրքերը շատ լավն են, ասում ենք՝ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է, կրթության բյուջեն քառապատկվել է, մարդիկ էլ մտածում են, թե շատ լավ է, ամեն բան ընտիր է ոլորտում, ու մեկ էլ պարզվում է, որ արդյունքներն ամենևին էլ ընտիր չեն:
Ցավալին այն է, որ այս հետազոտությունը՝ PISA-ն, հանրակրթության ոլորտի ամենահայտնի հետազոտությունն է, ու եթե շատ երկրներ ուզեն Հայաստանի հանրակրթության մասին ինֆորմացիա ստանալ, առաջին հերթին նայելու են այս հետազոտության արդյունքները, այսինքն՝ սա ամենակարևոր ցուցանիշն է:
Շատ ցավալի է, որ այս հետազոտության մեջ մենք նաև ՏՏ ոլորտի գծով ձախողում ունենք, այս տարի առաջին անգամ, բացի մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, ստուգվել է նաև հաշվողական խնդիրներ լուծելու հմտությունը, որն ավելի շատ թվային՝ արհեստական բանականության հետ կապված ցուցանիշներ են, որտեղ Հայաստանն ամենավատ արդյունքն է ցույց տվել, ընդ որում, դա այն դեպքում, երբ մենք ասում ենք, թե տարածաշրջանային կենտրոն ենք, արհեստական բանականության գործարան ենք բացում և այլն:
Մասնագետը նկատում է նաեւ.
- Այս ստուգատեսին մեր ցուցանիշներն այնքան ցածր են, որ լավն այն է, որ հաջորդ անգամ կարող է մի քիչ լավ լինել, որովհետև սրանից վատ հնարավոր չէ, այլևս տեղ չկա: Միակ եվրոպական երկիրը, որը մեզանից որոշ բաներով հետ է, Կոսովոն է, իսկ նախկին խորհրդային հանրապետություններից միայն Ղրղզստանից ենք առաջ, այսինքն՝ խորհրդային հանրապետությունների մեջ նախավերջին տեղում ենք, էլ նահանջելու տեղ չկա:
Մտահոգիչ է, որ բոլոր ցուցանիշներով ցածր ենք, բայց հետաքրքիր է, որ երկու պարամետր կա աշխարհում, որով առաջատար ենք. մեկը բուլինգն է, պարզվում է, որ աշխարհում ամենաքիչ բուլինգի դեպքերը գրանցվում են Հայաստանի դպրոցներում, բայց դեռ պետք է հասկանալ՝ իրոք այդպե՞ս է, թե՞ ուղղակի աշակերտները հաղորդում չեն ներկայացրել այդ մասին: Գիտեք, որ մեր մշակույթում ընդունված են թաքցնելը, չհաղորդելը, հնարավոր է, որ երեխան ենթարկվել է բուլինգի, բայց դա չի գիտակցում կամ պարզապես չի ուզում ասել, որ հետո չասեն, թե ինքը գործ տվող է:
Մենք Հարավային Կորեայից հետո աշխարհում երկրորդ տեղում ենք՝ կրթությունը արժևորելու առումով: Մեր երեխաների համար կրթությունը արժեք է, հարց է առաջանում, որ ամեն ինչ շատ լավ է, ինչո՞ւ են արդյունքները վատը: Ստացվում է, որ դպրոցը հավես ու լավ տեղ է, բայց սովորելու տեղ չէ: Պետք է հասկանալ, թե ի՛նչն է խնդիրը, բայց աշխարհը նայելու է այս չոր թվերին, որոնք հրապարակվել են այս հետազոտությամբ:

