Ռուսաստանը շատ ավելի ազդեցիկ է, քան Ադրբեջանն ու Թուրքիան, հետևաբար Ռուսաստանի հետ ևս պետք է զգույշ լինել
ՆերքաղաքականՈւ՞ր կտանի հայ-ռուսական ներկա հարաբերությունները, հարցին քաղաքագետ Բենիամին Պողոսյանը այսպես է արձագանքում.
- Եթե անկեղծ, ապա թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ Ռուսաստանի քաղաքականության մեջ հստակությունները քիչ են, իսկ անհստակությունները՝ շատ: Մենք մի կողմից ունենք օրենք, որը ԱԺ-ն ընդունեց անցյալ տարի՝ քաղաքացիական հասարակության մի մասի ջանքերով, որը սակայն որևէ իրավական ուժ չունի: Մի կողմից էլ՝ տեսնում ենք, որ բացի ԵՄ-ին անդամակցելու հարցից, հայ-ռուսական հարաբերություններում կան այլ խնդիրներ. հիմա առավել սուր դրված է երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը: Այսինքն՝ Հայաստանը, որքան ես եմ պատկերացնում, նաև արևմտյան գործընկերների առաջարկով, հարց է բարձրացնում պայմանագրի դադարեցման կամ կոնցենսիոն կառավարման առումով՝ այլ երկրի հանձնելու, չնայած պայմանագրով կոնցենսիոն կառավարումը պետք է շարունակվեր մինչև 2038 թվականը: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն անընդհատ պնդում է, որ հայկական կողմը պետք է ԵԱՏՄ կամ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնի, բայց այստեղ այնքան էլ պարզ չէ Ռուսաստանի շահը:
Ենթադրենք, թե հանրաքվեն անցկացվեց, ու մարդկանց մեծ մասը կողմ քվեարկեց ԵԱՏՄ-ից դուրս գալուն, Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, Ռուսաստանի հետ տնտեսական կապերը հիմնականում խզվում են, բնականաբար, Հայաստանում զգալի թվով մարդիկ տնտեսական լուրջ խնդրի առաջ են կանգնում՝ ոչ միայն արտադրողներ, այլ նաև սպառողներ, եթե խոսում ենք գազի սակագնի փոփոխության, էլեկտրաէներգիայի և այլնի վերաբերյալ: Պարզ է, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ էլ ավելի վատ են տրամադրվելու Ռուսաստանի հանդեպ: Ուզում եմ հասկանալ, թե այս ամենից ի՞նչ է շահելու Ռուսաստանը:
Հասկանալի չէ նաև, թե այդ ամենից ի՞նչ է շահելու Հայաստանը, որովհետև բոլորս ենք հասկանում, որ ԵՄ-ին անդամակցելու խոսակցությունները շատ հեռավոր ապագայի՝ տասնամյակների խոսակցություններ են: Այսինքն՝ ԵՄ-ի անդամակցության մասին խոսող բոլոր մարդիկ հնարավոր է լինեն շատ խոր տարիքում, երբ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին, կամ գուցե այդ անդամակցությունն այդպես էլ չլինի:
Հայաստանի իշխանության քաղաքականությունն էլ հասկանալի չէ. մի կողմից ասում են, թե Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդհանրապես սրելու որևէ ցանկություն չունեն, բայց երկու կողմի հարաբերությունները սրվում կամ չեն սրվում ոչ միայն մի կողմի ցանկությամբ: Հիմա Հայաստանը կատարում է քայլեր, որոնք Ռուսաստանում համարում են առնվազն ոչ բարեկամական, իսկ դա նշանակում է, որ հարաբերությունները սրվելու են՝ անկախ նրանից, թե ինչ է ասում Հայաստանի իշխանությունը:
Անհասկանալի է, թե ի՛նչ է շահում Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուց: Մենք հիմա բավականին զգույշ ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում, որ քիչ թե շատ այս խաղաղ վիճակը չվերածվի պատերազմի, բայց Ռուսաստանը շատ ավելի ազդեցիկ է, քան Ադրբեջանն ու Թուրքիան, հետևաբար Ռուսաստանի հետ ևս պետք է զգույշ լինել:
– Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը հրաժարվում հանրաքվեից, եթե իրենք են պնդում, որ ժողովուրդն ուզում է ԵՄ-ին անդամակցել:
– Երևի թե ընկալում ունեն, որ մեծ մասը կողմ կքվեարկի, իսկ այդ փաստը Ռուսաստանը կօգտագործի, ու սահմանված պատժամիջոցներին կավելանան նորերն ու ավելի կոշտ ձևով: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության համար դա ծանր հարված կլինի, գուցե, այո, տնտեսությունը չի փլուզվի, բայց որ հասարակության լայն շերտերի համար այդ վնասներն առավել զգալի կլինեն, դա փաստ է: Իսկ իշխանությունը դա երևի չի ցանկանում, որովհետև այդ դեպքում կտուժեն նաև իրենք բնակչության դժգոհություններից: Այսինքն՝ Ռուսաստանին կոշտ քայլեր ձեռնարկելու «լեգիտիմ» կամ «բարոյական» իրավունք չտալու համար, որը կբերի տնտեսական վիճակի վատթարացման, Հայաստանի իշխանությունը խուսափում է հանրաքվեից: Գուցե պատճառներն այլ են, բայց ես սա եմ տեսնում:

