Դպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերում
Դպրոց գնալու ճանապարհածախսի փոխհատուցման համակարգում նոր փոփոխություն է կատարվել։ 2026-2027 ուսումնական տարվանից օրական 2000 դրամ կստանան այն աշակերտները, որոնք իրենց բնակավայրից դուրս գտնվող՝ տարբեր բնակավայրեր սպասարկելու նպատակով կառուցված կրթական հաստատություններ են հաճախում։
Փոխհատուցումը հաշվարկվելու է յուրաքանչյուր փաստացի հաճախած օրվա համար։ Այսինքն՝ 20 ուսումնական օր դպրոց հաճախելու դեպքում աշակերտի համար նախատեսված գումարը կկազմի 40 հազար դրամ։ Նոր շահառու խմբի համար չի կիրառվելու գործող 20 200 դրամ ամսական սահմանաչափը։
Փոփոխությունը կապված է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ստեղծվող կրթահամալիրների հետ, որոնք նախատեսված են նաև հարակից բնակավայրերի երեխաների համար։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունիսի դրությամբ արդեն շահագործման է հանձնվել 29 կրթահամալիր։
Այս դեպքում, սակայն, առաջանում է մեկ գործնական հարց՝ քանի՞ աշակերտ է իրականում օգտվելու նոր փոխհատուցումից, և որքա՞ն գումար է դրա համար նախատեսվել։ Պաշտոնական որոշմամբ փոխհատուցման չափը սահմանված է, սակայն շահառուների ընդհանուր թիվն ու ծրագրի ֆինանսական ծավալը դեռևս առանձին ուշադրության հարց են։
Մինչև այդ, նոր կարգավորումը փաստացի նշանակում է՝ նոր կրթահամալիր հաճախող որոշ աշակերտների համար դպրոց հասնելու յուրաքանչյուր օրը պետությունը կգնահատի 2000 դրամ։
Սիրանուշ Մանթաշյան

