Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց
ԻրավականԱբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանի կառուցվող առանձնատունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Հրավիրում ենք նաեւ իրավապահ մարմինների, մասնավորապես Հակակոռուպցիոն Կոմիտեի ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը ՝ Զարոյանի առանձնատան թնջուկի հետ կապված, քանզի հենց վարչապետ Փաշինյանն էր մուրճն ու մանգաղը ձեռքին թմբկահարում, որ «խաչակրաց արշավանք» է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Այս լուսանկարներում, Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանին պատկանող, դեռևս կառուցման փուլում գտնվող առանձնատունն է:
Աբովյանում շրջանառվում են տեղեկություններ, որ նրա անունը հիշատակվում է համայնքապետարանի հնարավոր «ատկատների» վերաբերյալ քննարկումներում։
Ուստի հարց իրավապահ համակարգի վերիշն էշելոնին. գնացել եք արդյոք այս ամենի հետքերով, եւ օրինակ պարզել, եթե իհարկե «դուխ» ունեք եւ կաշկանդված չեք, թե
ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում նման ծավալի շինարարությունը։
Արդյո՞ք այդ գույքի և ծախսերի աղբյուրները արտացոլված են պաշտոնյայի գույքի և եկամուտների հայտարարագրերում։
Վերջին հաշվով, հանրային պաշտոնը ենթադրում է ոչ միայն լիազորություններ, այլև թափանցիկության և հաշվետվողականության պարտավորություն։
Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որ Աբովյանի համայնքապետարանում կոռուպցիոն բնույթի գործով արդեն իսկ իրականացվել են ձերբակալություններ, (հարուցված քր. գործերի շրջանակում) արդյո՞ք քննության շրջանակում ուսումնասիրվում են նաև համայնքապետարանի այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կերած-խմած քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հնարավոր դերակատարումները։ Այսինքն առանց Բաբայանի իմացության ու վերջինիս «դաբրոյի» կարող էին նրա ենթակա «նազիր-վեզիրները» մինչեւ ականջները խրված լինել տարատեսակ կոռուպցիոն սխեմաների մեջ:
Հ. Գ. Ինչպես նաեւ չմոռանաք պարզել, պարոնայք իրավապահներ, թե.
Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանի գույքային դրությունը, եկամուտների և ծախսերի համապատասխանությունը օրենքով ներկայացված հայտարարագրերին:
Արդյո՞ք ստուգվում է կառուցվող առանձնատան ֆինանսավորման աղբյուրը և դրա օրինական ծագումը։
Քննության ընթացքում արդյո՞ք պահանջվել և վերլուծվել են պաշտոնատար անձանց բանկային փոխանցումները, գույքային գործարքները և հնարավոր փոխկապակցված անձանց մասնակցությունը։
Արդյո՞ք գործով քննվում է հնարավոր կաշառքների («ատկատների») համակարգային մեխանիզմի գոյությունը, թե խոսքը վերաբերում է առանձին դրվագների։
Եւ վերջապես պատրաստվում եք արդյո՞ք կոռուպցիոն գործը բացահայտել ամբողջ ծավալով՝ անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից, թե պատասխանատվությունը սահմանափակվելու է միայն առանձին անձանցով, հատկապես երբ օրերս ձերբակալված պաշտոնյաներից՝Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Վիրաբյանին չգիտես ինչու եւ ինչպես արդեն «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց՝թե բա վիրահատության անհրաժեշտություն է եղել:
Այս առթիվ առանձին հետաքննություն իրականացնելու կարիք կա դեռ:

