«Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը
ԹեմաԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունը կրկին արդիականացրել է Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի վերականգնման եւ նոր երթուղիների որոնման հարցը։ Այս մասին նա ընդգծեց «Հարավային Կովկասի տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ, որն իրականացվեց ՌԴ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի եւ Արեւելագիտության ինստիտուտի Հայ-ռուսական հարաբերությունների հետազոտման կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։
Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի նախաձեռնությանը, որը ստացել է «Պուտինի ուղի» անվանումը։
Գասումյանովի առաջարկը ենթադրում է Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ Սեւ ծովի ափով երկաթուղային, հնարավոր է նաեւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնում։ Հետագայում երթուղին կարող է շարունակվել դեպի Նախիջեւան, Ջուլֆա եւ Իրանի տարածքով՝ մինչեւ Թեհրան։
Գասումյանովի առաջարկի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իրական առաջընթացի հասնելու համար նա դիտարկում է նաեւ ոչ քաղաքական մեթոդների կիրառման հնարավորությունը՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման հարցում։
«Պուտինի ուղին» նախատեսվում է ոչ թե որպես տարածաշրջանում գործող կամ առաջարկվող այլ տրանսպորտային նախագծերի մրցակից, այլ դրանց հետ համակցված նախաձեռնություն։ Մասնավորապես, այն կարող է կապվել «Հյուսիս–Հարավ» ռազմավարական միջանցքի եւ «Արեւելք–Արեւմուտք» տրանսպորտային ուղղությունների հետ՝ ներառվելով Հարավային Կովկասի միասնական տրանսպորտալոգիստիկ համակարգում։
Այս մոտեցմամբ խոսքը ոչ միայն առանձին երկաթուղային հատվածների վերականգնման կամ կոնկրետ երթուղու գործարկման մասին է, այլ տարածաշրջանի տարբեր տրանսպորտային նախագծերի փոխկապակցման եւ դրանց փոխլրացման։ Նպատակն է Հարավային Կովկասում ձեւավորել ավելի լայն, փոխկապակցված տրանսպորտալոգիստիկ համակարգ։
Սաֆարյանն անդրադարձել է նաեւ «Ռուսական երկաթուղիների» հնարավոր դերակատարությանը։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ ապաշրջափակման դեպքում ընկերությունը կարող է էական դիրք զբաղեցնել տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգում՝ ապահովելով Հարավային Կովկասը հարակից խոշոր երկաթուղային հանգույցների հետ կապող երթուղիների աշխատանքը։ Նման նախագծերի իրականացումը կարող է մեծացնել նաեւ «Ռուսական երկաթուղիների» միջազգային նշանակությունը՝ որպես տարածաշրջանում տրանսպորտային եւ լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության։
Այսպիսով, «Պուտինի ուղու» գաղափարը ներկայացվում է ոչ թե մեկուսացված երթուղու, այլ Հարավային Կովկասի տարբեր տրանսպորտային նախաձեռնությունները մեկ համակարգում համադրելու հնարավորության տեսքով՝ տարածաշրջանը կապելով Ռուսաստանի եւ Իրանի ուղղությունների հետ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

