ՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ
Ադրբեջանցի զինվորը լքել է զորամասը, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը և հրազենով վնասվածք է պատճառել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այդ ընթացքում Ադրբեջանի լիազոր մարմինը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնին, որ իր զինծառայողն ապօրինի լքել է զորամասը և հատել պետական սահմանը։ Ադրբեջանի զինծառայողը ձերբակալվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։
Ադրբեջանի զինծառայողը զորամասը լքելիս, ըստ էության, հանցագործություն է կատարել Ադրբեջանի քրեական օրենսդրությամբ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի հատելով պետական սահմանը և հրազենային վնասվածք պատճառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նա Հայաստանի Հանրապետության տարածքում կատարել է ևս մեկ կամ մի քանի հանցագործություն։
Այս դեպքում ո՞ր երկրում պետք է հարուցվի քրեական գործը՝ Ադրբեջանո՞ւմ, թե՞ Հայաստանի Հանրապետությունում «Իրավունքը» խնդրել է մեկնաբանություն հայտնի իրավապաշտպան, միջազգային իրավունքում իր հետքը թողած աղմկոտ գործերով փաստաբան Լեվոն Բաղդասարյանից.
- Մինչև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քրեական վարույթով անհրաժեշտ դատավարական գործողությունների ավարտը և քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի։
Հակառակ մոտեցումը կարող է վտանգել քրեական հետապնդման արդյունավետությունը, տուժողի արդարադատության մատչելիության իրավունքը և Հայաստանի քրեական իրավազորության փաստացի իրականացումը։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չի ավարտվում պետական սահմանը հատելու պահին։ Այն ենթադրում է նաև այդ սահմանը խախտած և Հայաստանի քաղաքացու նկատմամբ հանցագործություն կատարած անձին ներպետական օրենքի ուժով պատասխանատվության ենթարկելու իրավասության պարտադիր պայման։
Հանցագործության կատարման վայրի պետության իրավազորությունը չի կարող շրջանցվել հանցագործություն կատարած անձի քաղաքացիության կամ զինվորական պատկանելության վկայակոչմամբ։

