Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել
ՎերլուծությունԹերեւս ժամանակն է հիշել համաշխարհային մասշտաբով տարվա ռազմաքաղաքական հայտնություն դարձած հուսիթների կամ, պաշտոնապես, եմենյան «Անսար Ալլահ» շարժման մասին: Հաշվի առնելով, որ այն, ինչ հուսիթներն անում են վերջին մեկ–երկու ամիսներին եւ կտրուկ ակտիվացրին այս օրերին, կարող է արմատապես փոխել Մերձավոր Արեւելքի եւ հարակից տիրույթների, այդ թվում` Հայաստանի իրողությունները` միաժամանակ էֆեկտը հասցնելով համաշխարհային մասշտաբի:
ՀՈՒՍԻԹՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԽՄԲԱԳՐՈՒՄ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Բայց նախ ֆիքսենք հուսիթների հետ կապված լուրը, որը տարածվեց նախօրեին: Այն է, Եմենում, հուսիթների նոր հարձակումների ֆոնին, Թուրքիան եւ Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա։ Հիշեցնենք, այս երեք երկրները վերջերս ստորագրեցին «Մեքքայի» համաձայնագիրը, որը ենթադրում է համատեղ պաշտպանություն մոտավորապես ՆԱՏՕ–ի օրինակով: Եվ այն, որ այս նոր դաշինքին շտապեցին տալ «Արաբական ՆԱՏՕ» ոչ պաշտոնական անվանումը, պատահական չէր եւ ենթադրում էր, որ փորձեր կարվեն սրա մեջ ներգրավել արաբական աշխարհը: Ավելին, անգամ Իրանին առաջարկ արվեց, որը Թեհրանը չընդունեց:
Բայց ահա հուսիթների հետ Սաուդյան Արաբիայի բախումների ֆոնին սաուդները տեւական ժամանակ փորձեցին դաշինքի սկզբունքներից ելնելով, օգնություն ստանալ Թուրքիայից եւ Պակիստանից: Վերջինները համառորեն մերժում էին, եւ նման է, որ հիմա վերջապես որոշեցին համաձայնվել: Ամեն դեպքում, «Մեքքայի դաշինքի» ռազմավարական քաղաքական եւ պաշտպանական կոմիտեի` նախօրեին Ռիադում կայացած նիստից հետո տարածված հայտարարության մեջ խոսվում է այդ մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «հանձնաժողովը որոշել է անհապաղ սկսել կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացումը եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համակարգված զինված ուժեր եւ ռազմական կարողություններ ապահովելու, ինչպես նաեւ դրանց արագ տեղակայումն ապահովելու համար»:
Թե սա ինչ է նշանակում եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար, ավելի կոնկրետ` համաշխարհային մասշտաբով, դեռ կհասնենք: Մինչ այդ, գանք հուսիթներին` հիշեցնելով, թե ինչով են զբաղված այս օրերին: Դեռ անցած ամիս հուսիթները Եմենում անցան հարձակման եւ Եմենի` Սաուդյան Արաբիայի խամաճիկային տիրույթում գրավեցին համաշխարհային կարեւորության Բաբ էլ–Մանդեբի նեղուցի ողջ առափնյա հատվածը եւ բուն նեղուցը` դրա ռազմավարական կղզիներով հանդեձ: Որոշակի պաուզայից եւ նախապատրաստումից հետո օրերս հուսիթները վերսկսեցին հարձակումը երկրի հարավային հատվածում, եւ երեկ հայտնի դարձավ, որ վերջնականապես շրջապատված է սաուդամետ ուժերի վերահսկողության տակ գտնվող Թաիզ ռազմավարական նշանակության քաղաքն իր ողջ տիրույթով (Քարտեզում): Այդ քաղաքի ամբողջական գրավումն արդեն «տեխնիկայի հարց» է:
Այդպիսով, հուսիթական ուժերը «կախվում» են սաուդամետ խմբավորումների մայրաքաղաքի դեր կատարող Ադենի «գլխին»: Զուգահեռաբար, հարձակում է զարգանում նաեւ Մարիբի ուղղությամբ, որը Եմենի հիմնական նավթային շրջանն է: Սաուդամետ ուժերը, որոնք առանց այդ էլ դիմադրողականության խնդիր ունեին, հիմա արդեն բացարձակ խուճապային վիճակում են, եւ չնչին հավանականություն կա, որ հիշատակված երկու առանցքային ուղղությունները կպաշտպանեն հուսիթներից: Արդյունքում, եթե հուսիթները գրավում են Ադենի եւ Մարիբիի տարածաշրջանները, ապա գործնականում դա կնշանակի ամբողջական վերահսկողություն Եմենի նկատմամբ:
Այսինքն, Արեւմուտքին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային հաջողվում էր տեւական ժամանակ ներքին պատերազմի մեջ պահել Եմենը` շահարկելով հուսիթների շիաական եւ սաուդամետների` սունիական կրոնական ուղղվածությունը, ապա հիմա Եմենը կարող է միավորվել հուսիթների ամբողջական վերահսկողության տակ: Աշխարհաքաղաքական իմաստով սա կնշանակի Բաբ էլ–Մանդեբի նեղուցում Իրանի կայուն վերահսկողություն: Դրան էլ ավելացրած Հորմուզի նկատմամբ վերահսկողությունը, եւ այդքանով Իրանը դառնում է տարածաշրջանային բացարձակ հեգեմոն, որի այդ ֆունկցիան կունենա համաշխարհային նշանակություն. խոսքը, ի վերջո, վերաբերում է համաշխարհային նշանակության երկու կարեւորագույն ջրային ուղիներին:
ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ
Թե ինչ են նշանակում նման զարգացումները, թերեւս անգամ մեկնաբանության կարիք չկա: Սակայն որոշ դետալներ ընդգծենք:
Այսպես, Թուրքիան իրանական պատերազմի սկզբից ի վեր թերեւս փորձում էր շարունակել իր «երկու աթոռի» խաղը, թերեւս հուսալով, որ վերջին պահին կմիանա հաղթող կողմին եւ կստանա իր դիվիդենտները, սակայն պարզվեց, որ դա ոչ մի տեղ չտանող ուղի է: Այսինքն, թեեւ այս պահին Մերձավոր Արեւելքում ընթանում են տեկտոնիկ փոփոխություններ, սակայն Անկարան պարզապես հայտնվել է երկրորդ պլանում` չտեսնելով կոնկրետ աշխարհաքաղաքական զարգացման ուղղություն: Կարելի էր փորձեմ ԱՄՆ–ի թեւում խաղալ: Սակայն այս պահին ԱՄՆ–ն գոնե արաբական հիմնական զանգվածի կողմից ընկալվում է ցեղասպան Նեթանյահուի հովանավորը, եւ այդ ուղղությունը Թուրքիային պարզապես ներկայացնելու է իսլամի թշնամու դերում: Գումարած այն թշնամությունը, որը կունենա Իրանի հետ: Իրանական ուղղությամբ վեկտորը տանելու դեպքում Անկարան նույնպես մնալու է երկրորդ պլանում: Հաշվի առնելով նախ խնդիրները, որոնք կունենա ՆԱՏՕ–ի եւ Արեւմուտքի հետ: Երկրորդը. ամեն դեպքում հակաամերիկյան պայքարի լիդերն Իրանն է: Էրդողանը գնաց երրորդ ճանապարհով` Սաուդյան Արաբիայի հետ դաշինքի: Սակայն այս դեպքում էլ բավական հավանական է դարձել, որ Սաուդյան Արաբիային նոր պատերազմի դեպքում եթե Իրանը հարվածներ հասցնի, ապա կտրուկ կաճի այդ բախման մեջ Թուրքիայի ներգրավման ռիսկը: Արաբ շեյխերն արդեն այս պահին են ծանր մեղադրանքների մեջ արաբական աշխարհում` որպես Իսրայելի հետ համագործակցողներ: Եվ դա միանգամից անդրադառնում է նաեւ Էրդողանի վրա, որքան էլ որ նա փորձում է տարբեր հարթակներից Իսրայելի թունդ թշնամի խաղալ: Ընդ որում, այս խաղի ընթացքում Էրդողանը մի շարք ռեալ հարվածներ ստացավ նույն Իսրայելից, որի հետ սուր մրցակցության մեջ է Սիրիայում:
Բայց այս ամենով հանդերձ, խաղից դուրս չմնալու համար Անկարային պետք էր կոնկրետ քայլ կատարել, եւ երեւում է ավելի լավ տարբերակ չգտան, քան Սաուդյան Արաբիա ընդդեմ հուսիթների ռազմական կոնտինգետ ուղարկելու հիշատակված խոստումը:
ԹՈՒՐՔԻԱՆ ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ՞
Այսպիսով, Թուրքիան իրականում է՞լ զորք կուղարկի Սաուդյան Արաբիա` ընդդեմ հուսիթների: Թերեւս` ոչ: Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայում տեղակայվելու պարագայում թուրքական զորքերը միանգամից կթիրախավորվեն հուսիթների կողմից: Եվ եթե մի քանի հարված ստանան, ապա ի՞նչ պատասխան են տալու: Կսկսեն հարվածել հուսիթներին, ուրեմն Իրանն այս դեպքում Թուրքիային վերջնականապես կընկալի թշնամու դերում: Ու չնայած դրան, քիչ հավանական է, որ թուրքերի այդ հնարավոր պատասխան հարվածը, որը, թերեւս, կարող է ունենալ օդային հարձակումների տեսք, հուսիթների համար առանձնապես խնդիրներ կառաջացնեն: Այսինքն, Անկարան հայտնվելու է առանձնապես բան չստանալով, Իրանի հետ պաշտոնապես թշնամանալու վիճակում: Չպատասխանի, ապա դա թուրքական բանակի համար հեղինակության չափազանց լուրջ կորուստ է դառնալու:
Բայց եթե անգամ զորք չուղարկի, մեկ է, իր նման հայտարարությամբ Թուրքիան արդեն իսկ Իրանի հետ հարաբերությունները ծայրահեղ սրելու հուն է մտել: Ու սա արդեն իսկ խոստանում է որոշակի հետեւանքներ: Այդ թվում, կա այն հարցը, թե նման իրավիճակում ինչ է անելու Թուրքիան, եթե ԱՄՆ–ն նոր հարձակում սկսի Իրանի դեմ, որի մասին խոսակցությունները ներկա փուլում կտրուկ ավելացել են: Իհարկե, բացառել պետք չէ, որ ԱՄՆ–ի նոր պատերազմի դեպքում Թուրքիան իրոք որոշի ռեալ պատերազմի մեջ ներքաշվել` մասնակցելով ԱՄՆ–ի օպերացիաներին: Բայց եթե մտնի, եւ ԱՄՆ–ն նորից ձախողվի, ապա դա Էրդողանի համար է մահացու հարված լինելու: Ասենք, ամեն դեպքում նա նման իրավիճակում ներկայանալու է Նեթանյահուի դաշնակցի եւ հանուն դրա` իսլամական պետության դեմ պատերազմողի կերպարով, որը եւս դժվար թե կարողանա մարսել:
Կարճ ասած, այս պահին Մերձավոր Արեւելքում կան իրադարձությունների հետագա զարգացման մի քանի եւ մոտավորապես հավասարազոր հավանակություն ունեցող սցենարներ: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես սկսեց խոսել ընդդեմ իրանամետ հուսիթների զորքեր ուղարկելու մասին, այդ սցենարներից ցանկացածի դեպքում թուրք–իրանական հարաբերությունները միայն վատթարացման ուղղություն են ունենալու:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս օրերին մի կողմից Միրզոյան Արոն է փորձում Թեհրանին համոզել, թե անկախ «Թրամփի միջանցքից», մեր սահմանը չի օգտագործվելու Իրանի դեմ: Բայց Թեհրանը քանիցս է զգուշացրել, որ այդ հավաստիացումներին չի հավատում, առավել եւս, որ զուգահեռաբար Նիկոլն էլ շարունակում է հայ–թուրքական սահմանի բացում եւ «Թրամփի միջանցք» քարոզել:

