Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով
Ներքաղաքական«Իրավունքը» բացառիկ զրույց է վարել հայտնի իրավապաշտպան, աղմկոտ գործերով փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հետ անօրինական շինությունների, քաղաքային իշխանության վարքագծի, նախընտրական և հետընտրական շրջանի վերաբերյալ։
- Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքում ինքնակամ շինությունների քանդման աշխատանքները։
- Երեսուն տարիների թողտվության հետևանքով Երևանը շնչահեղձ է եղել ինքնակամ շինություններով։ Ողջունում եմ քաղաքային իշխանության՝ օրինականությունը վերականգնելու կամքն ու ցանկությունը։ Սակայն այդ նպատակը չի արդարացնում քաղաքացու նկատմամբ ցանկացած վերաբերմունք։
Ինքնակամ շինությունը քանդելու լիազորությունը մարդու արժանապատվությունը ոտնահարելու լիազորություն չէ։
Այդ շինությունները տիրապետող մարդիկ մեր համաքաղաքացիներն են, մեր հայրենակիցները։ Նրանց հետ թշնամու լեզվով խոսելն անթույլատրելի է։ Հնարավոր իրավախախտումը չի զրկում մարդուն հարգալից վերաբերմունքի, լսված լինելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
Իրավական պետությունում յուրաքանչյուր միջամտություն պետք է ունենա օրենքով նախատեսված հիմք, պատշաճ ընթացակարգ և համաչափ գործադրում։ Քաղաքացուն պետք է հասկանալի լինի՝ ինչ որոշում է կայացվել, ինչ հիմքով, ինչպես կարող է այն վիճարկել և օրենքով նախատեսված որ ժամկետում կատարել իր պարտականությունը։ Օրինականությունը սկսվում է հենց այն մարմնից, որը քաղաքացուց օրենքի պահպանում է պահանջում։
Տարիներ շարունակ աչք փակած կառավարման հետևանքները չի կարելի ամբողջությամբ բարդել քաղաքացու ուսերին։ Երեկվա թողտվությունը չի օրինականացնում ինքնակամ շինությունը, բայց այսօրվա խստությունն էլ չի վերացնում իշխանության՝ սեփական անգործության համար պատասխան տալու պարտավորությունը։
Քաղաքային իշխանության նման գործելակերպը ստիպում է հարցնել՝ չի՞ ցանկանում պահպանել իրավունքի ու բարեվարքության պահանջները, թե՞ չի տիրապետում անհրաժեշտ իրավական գործիքակազմին։ Առաջինի դեպքում պետք է բարձրացվի պատասխանատվության հարցը։ Երկրորդի դեպքում՝ որպես երևանցի, փաստաբան և իրավապաշտպան, պատրաստ եմ աշխատակազմի համար վերապատրաստում անցկացնել՝ իրավաչափ վարչարարության և քաղաքացու հետ պատշաճ հաղորդակցության վերաբերյալ։
Իշխանությունը ծառայություն է, իսկ լիազորությունը՝ պատասխանատվություն։ Քրիստոնեական խիղճն էլ պարտավորեցնում է դիմացինի մեջ տեսնել մարդուն՝ նույնիսկ նրա սխալը շտկելիս։
Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով։ Քաղաքը կարգի բերելու իրավական ու բարոյական չափանիշը նաև այն է, թե այդ ընթացքում ինչպես ենք վերաբերվում մարդուն։
ԴՕԿ Կուսակցության նախընտրական ծրագրում, որտեղ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ նախընտրական ցուցակը գլխավորում էի ես պարտադիր պայման էր դիտվել նման գործելաոճը ,պայմանավորված օրենքի դիկտատուրայով: Քաղաքացին, նաև այս ընտրողներից շատերը,ովքեր այսօր բողոքում են անարդարությունից ,անհավասար մոտեցումից ,ընտրություններին խոնարհվե ին վարչական ռեսուրսի ու ընտրակաշառքի առաջ։ Իրավամբ,յուրաքանչյուր քաղաքացի արժանի է իր իշխանությանը։

