«Փաստ». Իշխանությունների նոր ավանտյուրան
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, դուրս է գալիս սովորական տնտեսական կամ իրավական կարգավորման շրջանակներից: Գործադիրը, հղում անելով ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգությանն ու քաղաքացիների՝ անխափան ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքին, փաստացի մեկնարկեց խոշորագույն մասնավոր ակտիվի վերաբաշխման նոր փուլ:
Խնդրի մյուս կողմը միջազգային իրավական ու ֆինանսական ռիսկերն են: Միջազգային արբիտրաժային դատարաններում նմանօրինակ գործընթացները տարիներ են տևում և, որպես կանոն, պետությունների համար ավարտվում են հսկայական ֆինանսական կորուստներով: Արդյունքում՝ քաղաքական որոշումների կայացման պահին առաջնորդվող կարճաժամկետ շահերը հետագայում կարող են ծանրագույն ֆինանսական բեռ դառնալ պետական բյուջեի և հարկատուների համար:
Ակնհայտ է, որ կառավարությունն այս քայլով ոչ թե էներգետիկ անվտանգությունն է ապահովում, այլ սեփական քաղաքական կամակորություններն է սպասարկում՝ երկրի տնտեսությունը կանգնեցնելով աղետի առջև։ Սեփականության իրավունքն ու օրենքի գերակայությունը ոտնահարող, ներդրումային միջավայրը հողին հավասարեցնող այս ավանտյուրայի ամբողջ ծանրությունն ի վերջո ընկնելու է հենց քաղաքացիների ու պետական բյուջեի ուսերին, իսկ իշխանության անպատասխանատու որոշումների ֆինանսական ու քաղաքական հաշիվը ստիպված են լինելու վճարել բոլորը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74254

