«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն

Շոու բիզնես

Երգչուհի Շպռոտի՝ Անի Թովմասյանի օրերս տեղի ունեցած երեւանյան մենահամերգի հատուկ հյուրն էր 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին ամենալայն լսարանն ունեցող երգիչներից ՌՈՒՍՏԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ նույն ինքը՝ ՄՐԵՆ։ Հիշեցնենք, որ հայ ազգագրական եւ փոփ երգիչ-ստեղծագործող Մրեն գրել եւ գործիքավորել է բազմաթիվ հայրենասիրական ու ազգագրական երգեր, այդ թվում՝ «Միայնակ գայլ»-ը, «Տանկիստներ»-ը, «Դուշման Ռաֆո»-ն, «Բանակ»-ը եւ այլն։ Որտե՞ղ էր նա այսքան տարի, ինչպե՞ս հասավ մեծ ճանաչելիության եւ ինչո՞ւ տեւական ժամանակ լռեց, «Իրավունք»-ը պարզել է նրա հետ բացառիկ զրույցում։

«ՉԳԻՏԵՄ՝ ԻՆՉՈՒ ԷԻՆ ԻՄ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼ, ՉԵՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ ՓՈՐՓՐԵԼ»

— Ձեր «Ախ բանակ» երգի ներքո անցել է մի ամբողջ սերնդի բանակային ծառայությունը՝ սկսած զորակոչվելու քեֆերից մինչեւ զորացրվելու արարողություն։ Երգը հնչում էր ամենուր՝ տներում, փողոցներում, ավտոմեքենաներում ու անգամ զորամասերում։ Ո՞րն էր այս երգի ֆենոմենը։

— Որպես այդպիսին, գաղտնիք չկա։ «Ախ բանակ» երգը գրել եմ 18 տարեկանում, գործիքավորումն էլ անձամբ ինքս եմ արել։ Մինչեւ այդ երգը՝ նվագում էի՝ որպես երաժիշտ։ Հետո ստեղծեցի իմ առաջին ալբոմը, որի գործիքավորումն արել էի իմ սինթեզատորով։ Երկրորդ ալբոմն արդեն արել եմ ընկերներիս հետ, որը լրիվ իմ գաղափարն էր, թե ինչ ձեւ լինի։

— Ի դեպ, նույն այս երգը որքան էլ շատ սիրված էր, բայց զերծ չմնաց տարատեսակ քննադատություններից հետեւյալ տողերի համար․ «Ա՜խ, չգիտեմ յարիս ո՞նց ասեմ՝ տանում են բանակ, լավ կլինի սիրող սրտիս ես խփեմ դանակ»։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Այս արտահայտությունը ոչ թե սիրածի համար ինքնասպան լինելու մասին է, այլ՝ հակառակը։ Այստեղ հայրենասիրական գաղափարախոսություն կա, որ ավելի լավ է սրտիս դանակ խփեմ, սիրած յարի մասին չմտածեմ, այլ իմ երկրի սահմանների պաշտպանության, դիրքերի մասին մտածեմ։ Դրա համար երգի երկրորդ հատվածում ասվում է․ «Արդեն գիտեմ, անգին սեր ջան, գնում ես բանակ, քեզ կսպասեմ ու կգրեմ ամեն ժամանակ»։ Ցավոք սրտի, ոմանց կողմից այն ընկալվեց, թե երգում ասվում է՝ «վա՜յ, չգնամ ծառայության, ինքնասպան լինեմ», բայց ընդհանրապես խոսքը դրա մասին չէր՝ ոչ թե սիրածի, այլ բանակի համար մտածելու մասին էր։

Գիտեք, միշտ մտածում էի, թե ինչու են կառչել այս երգից ու անգամ հեռուստատեսությունով այդքան փնովում են։ Կարող էին ուղղություն ցույց տալ, բայց ընդամենը վնասում էին։ Նրանք երբեք էլ այդպես եռանդով չխոսեցին այն ազգագրական երգերի մասին, որոնք հեղինակել եմ։ Չգիտեմ՝ ինչն էր դրա պատճառը, ինչու էին իմ դեմ պայքար սկսել, չեմ էլ ուզում անցյալը փորփրել, ոչ էլ մտածել եմ այդ մասին։

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՏՎԵՑ ՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԵՍ ՄԱՔՐԵԻ ԻՄ ԿՈՂՔԵՐԸ»

— Ձեր ստեղծագործական դադարը դրանո՞վ էր պայմանավորված, նեղսրտա՞ծ էիք։

— Ո՛չ, դադարը հիվանդանոցներում լինելով էր պայմանավորված։ Շատ քչերը գիտեն այս մասին։ Առաջնեկս՝ տղաս, երբ ծնվեց, վեց ամիս գիշեր ու ցերեկ մնաց հիվանդանոցում։ Լրիվ ուրիշ հիվանդություն էին ասում, բայց, փառք Աստծո, լավ բժիշկի շնորհիվ, պարզվեց՝ բոլորովին այլ խնդիր է։ Այդպես էլ 2-րդ աղջիկս․ 7 տարի հիվանդանոցներում եմ եղել։ Ընդամենը դրանով էր պայմանավորված իմ ստեղծագործական դադարը։ Միշտ մտածում եմ, որ դա էլ պատահական չէր, որովհետեւ, Աստված ինձ տվեց մի ուղղություն, որ ես մաքրեի իմ կողքերը։

— Հրաշք տեղի ունեցա՞վ։

— Անպայման։ Երեխաները լավ են, փառք Աստծո։ Բայց ծնող ես, վախենում ես։ Ժամանակներն էլ այնպիսին էին, որ երբ հագիդ նոր կոստյում էին տեսնում, բժիշկները սկսում էին «կթել»։  Բայց, երբ տեսնում են, որ մի քանի օր նույն կոստյումն է հագիդ, երեւի մտածում էին՝ սա մեր խելքի բան չէ։ Հիմա ծիծաղում ենք, բայց իրականությունն եմ ասում։  

— Այսքան տարի անց՝ նորից հայաստանյան բեմում եք, ի՞նչ զգացողություններ ունեք։

— Նախ զգացողություններս կապված են Շպռոտի հետ։ Նա իմ համար իրական Անի է՝ իր ազգասիրությամբ։ Մինչեւ իրեն ճանաչելը, երբ տեսնում էի, թե ինչեր էր անում մեր ժողովրդի համար, ասում էի՝ հալալ լինի այս անձնավորությանը։ Ու երբ իմացա, որ զոհված ազատամարտիկի աղջիկ է, հասկացա, թե այդ գեները, այդ արյունը որտեղից է գալիս։ Երջանիկ եմ, որ Անիի հետ՝ իմ երկրում, ազգիս հետ ուրախանում ենք։

«ՈՒԶՈՒՄ ԵՄ «ԻՐԱՐ ՈՒՏԵԼԸ» ՎԵՐԱՆԱ, ՍԵՐ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ՄԻ ԲՌՈՒՆՑՔ ԼԻՆԵՆՔ»

— Ինչո՞վ եք հիմա զբաղվում, ո՞րտեղ եք ապրում։

— Հիմա ապրում եմ Կալուգայում։ Երկու տարի է, ինչ ընտանիքիս տարել եմ այնտեղ։ Բացահայտ ասեմ, թե ինչու։ 2016 թվին բնակարան գնեցի Կալուգայում, բայց քառօրյա պատերազմից հետո՝ նորից վաճառեցի, որոշեցեցի ընտանիքիս չտանել հայրենիքից։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո, ոչ թե պատերազմային վիճակով, այլ հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, որոշեցի տեղափոխել ընտանիքս։ Մտածեցի, որ դրսի հայերը միշտ պահում են իրենց ազգայինը․․․

— Իսկ Հայաստանում տեսնում ենք, որ ազգայինը հետընթաց է ապրում․․․

— Այսօր մարդիկ խոսում են ազգայինից, որից անգամ գաղափար չունեն։ Միկոյանը հայերեն ոչ մի բառ չգիտեր, բայց ինչքա՜ն բան արեց հայերի համար։ Որոշեցի փրկել իմ երեխաներին ու դաստիարակել ուժեղ, հզոր երկրում, որ կարողանան վաղը պահել իրենց հայրենիքը, որին վտանգ է սպառնում։  

— Երգո՞ւմ եք Կալուգայում։  

— Այո՛, եւ ոչ միայն այնտեղ։ Փառք Աստծո, ամսական 3-4 անգամ Հայաստան եմ գալիս, առիթների ու հարսանիքների ժամանակ երգում եմ։ Ուզում եմ այս «իրար ուտելը» վերանա, սեր, համերաշխություն լինի, մի բռունցք լինենք, ինչպես իմ երգերն են կարողանում համախմբել։

«ՄԵԿ ԱՄՍԻՑ ԿՈՒՆԵՆԱՄ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ՝ ՔՐՈՋՍ ՀԵՏ, ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ԳՆԱՑԵԼ ՈՒ ԳՆԱՑԵԼ ԵՄ»

— Նորություններ սպասե՞նք տեսահոլովակների տեսքով։

— Իհարկե, մեկ ամսից կունենամ նոր տեսահոլովակ՝ քրոջս հետ։ Սիրո մասին շատ հետաքրքիր երգ է սպասվում։ Էլի նոր երգեր կլինեն, բազմաթիվ ծրագրեր կան։ Այնպես չէ, որ ես գնացել ու գնացել եմ։

— Համենայնդեպս, գոնե Ձեր երգերը հաստատ մնացել են մեզ հետ այսքան տարիներ, օրինակ, հենց «Ախ բանակ»-ը․․․

— Ինչպես նաեւ «Տանկիստ գյումրեցի Տիգրան»-ը, որն էլի իմ գրած երգն է, «Եղնիկների արծիվներ»-ը, «Մեր հրետանին պարտվել չգիտի», «Հայ զինվոր, հայ զինվոր, մատաղ քեզ ծնող մոր» երգերը եւ այլն։

— Ժամանակնե՞րն էին այլ, որ Ձեր բազմաթիվ երգեր մեծ արձագանք էին գտնում, իսկ այսօր շատ երգեր թիթեռնիկի կյանք են ունենում։

— Գիտեք, ես այս ուղղությամբ շատ եմ խորացել։ Միգուցե Աստված ամեն մարդու մի ձեւով է օժտում, մի շնորհով։ Փառք Աստծո, ես ինչ գրում եմ, մնում է։ Հիմա էլ եթե ես մի երգ եմ թողարկում, այն մնում է։

Տեսե՛ք, «Ախ բանակ»-ը երգել եմ 20 տարի առաջ ու մնացել է։ Դադարից հետո՝ էլի երգել եմ երգեր, որոնք մնացել են։ Եղել են երգեր էլ, որոնք գրել եմ, տվել եմ մեր երգիչներն են կատարել, էլի մնացել են։ Միգուցե Աստված ինձ այդպես է ստեղծել, որ իմ գրածները մնան, չգիտեմ․․․

«ՋԱՐԴԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԻՆ» ԵՐԳԸ ԳՐԵԼ ԵՄ ՈՒԹ ՐՈՊԵՈՒՄ»

— 44-օրյա պատերազմի մասին երգեցի՞ք։

— Անպայման, այն էլ ինչքա՜ն եմ երգել։ Ես իմ սթրեսից «Ջարդենք մեր ներքին թուրքին» երգը գրել եմ ութ րոպեում։ Ճիշտ է, ես պատերազմի դաշտում չեմ եղել, զենքը ձեռքս չի եղել, բայց մարդիկ գիտեն, թե ինչերի միջով եմ անցել կամ ինչեր եմ արել, չեմ էլ ուզում դրա մասին խոսել, բարձրաձայնել կամ գրել։ Ինձ դա պետք չէ։

— Ձեզ այսքան տարի փնտրող հայ ունկնդրին ի՞նչ ունեք ասելու։

— Կարող եմ ասեմ, որ շնորհակալ եմ։ Ամենամեծ ուժը դուք եք ինձ պարգեւել, որ ստեղծագործել եմ, դուք եք իմ կողքին եղել, որ ես երգել եմ․․․ (երգիչը հուզվեց, այլեւս խոսքը չշարունակելով, - հեղինակ)։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին