Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել
ՎերլուծությունՆախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային հայտարարությունների հերթական փաթեթը նետեց օրակարգ: Հիմնականում, իհարկե, վերջին ժամանակների ոճի մեջ էր: Այն է` Զելենսկին «գցող սրիկա» է եւ չի ցանկանում է ավարտել պատերազմը»: Պուտինը, ընդհակառակը, անգամ քնած ժամանակ է խաղաղության մասին մտածում, եւ, առհասարակ` «Անկեղծ ասած, Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, համարժեք է վարվել Ուկրաինայի հետ։ Նրանք որևէ հատուկ բան չեն արել»:
ԹՐԱՄՓԸ ԵՎՍ ՀԱՍՏԱՏԵՑ
Բայց ահա այս «ստանդարտ կոմպլեկտի» մեջ կար մեկ դետալ, որը, առանց չափազանցության, կարելի է դարակազմիկ համարել: Այն է՝ ԱՄՆ նախագահի խոսքով, կան Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրեր։ «Ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են հանդիպել։ Ես հենց նոր իմացա այդ մասին: Կարծում եմ՝ այն կանցկացվի Չինաստանում։ Եթե նախագահ Սին ցանկանում է անցկացնել այն, ես պատրաստ եմ: Վստահ եմ, մենք կքննարկենք նաև այլ թեմաներ, օրինակ առևտրի, բայց... Այո, ես պատրաստ եմ»,– ընդգծեց ԱՄՆ նախագահը:
Ակնարկը, հասկանալի է, նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 33-րդ ամենամյա գագաթաժողովում հնարավոր հանդիպման մասին է, որը արդեն իսկ «կնքվել» է «Պոտսդամ 2» անվամբ եւ որի մասին վերջին օրերին խոսակցությունները կտրուկ ակտիվացել են: Որոշ հայտնի աղբյուրներ անգամ սկսել են խոսել նման հանդիպման հնարավոր դետալներից: Օրինակ, The Wall Street Journal–ը պնդում է, թե Պուտինը առաջարկել է Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու: Խոսվում է նաեւ իրանական թեման քննարկելուց, գլոբալ տնտեսությունը եւ այդպես շարունակ: Այդ խոսակցությունները «շաքարով կտրեց» ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` օրերս հայտարարելով, որ իրոք Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հիպոթետիկ հնարավորությունը։ Ճիշտ է, ըստ ՌԴ նախագահի խոսնակի, դեռեւս հստակ պատկերացում չկա հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, բայց եթե կան նման քննարկումներ, պետք է որ օրակարգի հարցը եւս դրանց առանցքներից մեկը լինի: Բացակայում էր միայն Սպիտակ տան պաշտոնական մոտեցումը, եւ հենց այդ մասին էլ հայտարարեց Թրամփը` «Պոտսդամ 2»–ի ծրագրեր կան:
Այսպիսով, կլինի՞ նման հանդիպում, թե` ոչ, կամ այն կունենա իմաստային առումով «Պոտսդամ 2»–ի կարգավիճակ, թե՞ կլինի դրա նախնական փուլերից մեկը կամ նույնիսկ կունենա ձեւական բնույթ: Այս հարցերի պատասխանները, թերեւս, այս պահին կարող է առհասարակ դեռ գոյություն չունեն. եթե թեման քննարկումների փուլում է, եւ խոսքն ակնհայտորեն ծանրագույն քննարկումների մասին է, ապա վերջնարդյունքը, որ դրանք կավարտվեն նման եռակողմ գագաթաժողովով, այս պահին խոսել հնարավոր չէ: Բայց դրանով հանդերձ, պատահական չէ, որ «Պոտսդամ 2»–ի թեման պարբերաբար օրակարգում է հայտնվում Թրամփի նախագահության մեկնարկից ի վեր: Դա գոնե մեկ բան հաստատում է. ունենք մի այնպիսի գլոբալ իրավիճակ, որի պարագայում ՌԴ–ի, ԱՄՆ–ի եւ Չինաստանի համատեղ քննարկում–որոշումներն առնվազն հսկայական պահանջարկ ունեն, եթե ոչ` միակ տարբերակն է հակադիր ուղղությամբ` դեպի «բաց» Երրորդ աշխարհամարտին չհասնելու համար: Ու, երեւի, հենց այս վերջին տարբերակն էլ ամենահավանականն է:
Ամեն դեպքում, դետալները, որոնք վերջին տարիներին աչքի առաջ են, հենց այդ նույն տրամաբանությանն են տանում: Օրինակ` ԱՄՆ–Չինաստան, ԱՄՆ–Ռուսաստան գլոբալ հակամարտությունները, Մերձավոր Արեւելքի, Արեւելյան Եվրոպայի` «կախված» վիճակում հայտնված կարգավիճակը եւ այլն: Իսկ այս ամենի խորքային ֆոներից մեկը, իհարկե, այն փաստն է, որ ԱՄՆ–ն այլեւս ի զորու չէ կատարել համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը, այն է` ամերիկյան դոլարն ի զորու չէ գլոբալ ֆինանսական կարգավորիչի ֆունկցիան կատարել:
Դոլարի մասին, իհարկե, շատ է խոսվել, եւ այս պահին էլ իրողությունն այն է, որ այն նեգատիվ դինամիկան, որը համաշխարհային թիվ 1 արժույթն ուներ արդեն ԽՍՀՄ–ի փլուզման փուլում, ներկայումս շարունակում է միայն կտրուկ սրվել: Պատճառն էլ հասկանում են բոլորը. տպագրվել եւ տարածվել են դոլարային լեռներ, սակայն հասել է մի պահ, երբ դրա հետագա տարածումը բախվել է տնտեսական հոսքերը արեւելյան աշխարհ տեղափոխելու անխուսափելի գործոնի հետ: Դոլարին պետք է կենսատարածքի ընդլայնում, սակայն երբ կան այնպիսի միջուկային գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, դա դառնում է անհնար. այլընտրանքը միջուկային բախումն է: Դրա նախնական` ոչ միջուկային տարբերակը հասցրեց ուկրաինական եւ իրանական պատերազմներին, որոնք ձախողվեցին: Ու հիմա երկընտրանքային վիճակ է. էսկալացիայի հետագա ավելացումը անխուսափելի է դարձնում միջուկային բախումը, ինչի մասին, նկատենք, արդեն միանգամայն պարզ խոսվում է ինչպես ուկրաինական, այնպես էլ` իրանական ուղղություններում: Կա՛մ մնում է նստել եւ կոմպրոմիսային լուծումներ գտնել, որն իրատեսական է միայն Պեկին–Վաշինգտոն–Մոսկվա ձեւաչափով: Ու հենց դրա հնարավորության մասին է, որ նախ խոսեց Պուտինը` խոսնակի միջոցով, ապա Թրամփը` անձամբ:
ՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է «ՊՈՏՍԴԱՄ 2»–Ը
Նկատենք, որ «Պոտսդամ 2»–ի թեման ակտիվացավ նաեւ դեռ անցած հոկտեմբերին կայացած Թրամփ–Սի հանդիպմանը զուգահեռ: Ենթադրվում էր, որ եթե այդ փուլում հաջողվեր հասնել կոմպրոմիսի մի քանի հարցերում, այդ թվում` Մերձավոր Արեւելքի, ապա, հաշվի առնելով նաեւ Թրամփի եւ Պուտինի Ալյասկայի հանդիպման արդյունքները, «Պոտսդամ 2»–ը կկայանա: Սակայն մասնավորապես Իրանի հետ կապված լուծումներ այդպես էլ չստացվեցին. կար այն գնահատումը, որ Թրամփի համար դեռ իրատեսական էր ռազմական միջոցներով հաջողության հասնելու տարբերակը: Ասենք, նման գնահատում Վաշինգտոնում ունեին նաեւ ուկրաինական ուղղությամբ, թեեւ Մոսկվայի հետ Ալյասկայում հստակեցրել էին լուծման հնարավոր սխեման:
Սակայն իրողություններն այլ էին. չնայած 40 օրում ՌԴ–ի հարցը լուծելու մասին Զելենսկու խոստումներին, այստեղ ձախողումը բացարձակ էր: ԱՄՆ–ն ձախողվեց նաեւ Իրանում, որի հետեւանքներն այդպես էլ չի կարողանում «մարսել»: Եվ ահա, այս սեպտեմբերին այն բացառիկ ընդունելությունը, որը Թրամփը ցուցաբերեց Վաշինգտոն այցելած նախագահ Սիին, եւ փաստը, որ նրա հետ բանակցությունները 10 բալանոց սանդղակով գնահատեց 12. արդեն ակնարկ էր, որ ԱՄՆ–Չինաստան խորքային հարաբերություններում որոշակի բեկում կա:
Ու եթե ժամանակագրությանը հետեւենք, Թրամփը միանգամից ակտիվացրեց նաեւ ռուսների հետ պայմանավորվածությունների ուղղությունը, որն իր տեսանելի «առաջին պտուղը» տվեց «դիզելային գործարքի», ուկրաինական ուղղությամբ ԱՄՆ–ի ակտիվ ճնշումների տեսքով: Դրան էլ գումարած, որ Մոսկվան սկսեց իր հերթին կտրուկ ակտիվանալ Իրանի հակամարտության հարցով միջնորդական առաքելության ուղղությամբ: Արդյունքում, նորից օրակարգ վերադարձավ «Պոտսդամ 2»–ի թեման, ընդ որում, այս դեպքում շատ ավելի հնչեղ տեսքով, քան երբեւէ` դրա հնարավորության պաշտոնական հաստատման:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Այս դինամիկան առնվազն ակնարկում է այն մասին, որ իրականում երեք գերտերությունների միջեւ պայմանավորվածությունների մակարդակը շատ ավելի խորն է, քան հնարավոր է տեսնել հրապարակային իրողություններից: Բայց նաեւ դեռ չկա այն վերջնական համոզմունքը, որ նման պայմանավորվածությունները, որոնք, բնականաբար, ենթադրում են նաեւ առաջիկա տասնամյակների համար համաշխարհային կառավարման մոդելի ձեւավորում, այս պահին վերջնական փուլում են:
Ժամանակին Թրամփն ակնարկում էր, որ համաշխարհային կառավարման նոր մեխանիզմը տեսնում է հինգ երկրների դոմինանտությամբ` ԱՄՆ–ից, Չինաստանից եւ Ռուսաստանից զատ, նաեւ Հնդկաստանի եւ Ճապոնիայի ներգրավմամբ: Այդ տրամաբանությունը ԱՄՆ նախագահի մոտ փոխվե՞լ է, դժվար է ասել: Սակայն այդ մոդելի մեջ դեռ այն ժամանակ էր ընդգծված Եվրոպայի բացակայությունը, որը, թերեւս, Վաշինգտոնը տեսնում է, որպես իր լիակատար վերահսկողության գոտի, բնականաբար, արեւելքում ռուսական ազդեցությունից հստակ տարանջատումով: Սակայն այս պահին իրողությունն այն է, որ Եվրոպայի դիմադրությունը դեռ կա, եւ այն ռեալ է:
Չնայած, ուկրաինական ուղղությամբ ամերիկյան ճնշումները, իհարկե, գնալով ավելանում են: Բանը հասավ նրան, որ փոխնախագահ Վենսը հրապարակավ հայտարարեց, թե Ուկրաինան ԱՄՆ–ին ի՞նչ դաշնակից: Զուգահեռ, ի հայտ եկան տեղեկություններ, որ ԱՄՆ–ն քննում է Զելենսկուն մեքսիկական նարկոկարտելների հետ կապող գործ, որն արդեն հրապարակային մակարդակի է դուրս գալիս: Եվ եթե Վաշինգտոնը սկսի այդ մասին նաեւ պաշտոնապես խոսել` Զելենսկուն հռչակելով ոչ միայն ոչ լեգիտիմ, այլ նաեւ ԱՄՆ–ում թմրանյութեր ներմուծող հանցավոր համակարգի մասնիկ, ապա դա Կիեւին օգնող ցանկացած ուժի, լինի եվրոպական երկիր, թե` ինչ, կանգնեցնելու է փաստի առաջ. ստանալ նարկոմաֆիայի հետ սերտ համագործակցողի ֆինանսավորողի համարում ունեցող: Այսինքն, ուկրաինական ուղղությամբ լուծումների տարբերակներ, կարծես թե, կան:
Բայց ահա, դեռ տեսանելի խնդիրներ կան իրանական ուղղության հետ կապված: Սա, թերեւս, առանձին հարց է, նաեւ հաշվի առնելով, որ այստեղ նաեւ տեսանելի են դառնում ապագա աշխարհակարգում Հարավային Կովկասի տեղավորման հարցը: Բայց, ամեն դեպքում, դեռ սպասել է պետք, հասկանալու համար, թե Իրանի հարցում վերջնական լուծումներ կլինե՞ն: Եթե այո, ապա «Պոտսդամ 2»–ի հարցը կարելի կլինի գրեթե վերջնական համարել:

