Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել
Էրդողանը պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց Բաքվի լիարժեք մասնակցության և սահմանի բացմանն առանց ադրբեջանական կողմի համաձայնության, քանի որ չի կարող ոչ մի քայլ անել այդ ուղղությամբ, չնայած նրան, որ բուն գործընթացը մեկնարկել էր Էրդողանի կոչով,-նման դիտարկում է անում Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, մանրամասնելով․
-Չէ՞ որ հենց Էրդողանը հայտարարեց, որ Արցախի հարցը կարգավորված է, ուստի Հայաստանի հետ ավելի ջերմ հարաբերություններ զարգացնելու համար խոչընդոտներ այլևս չկան։ Եվ այնուամենայնիվ, այն, որ Էրդողանը մինչ օրս այդպես էլ հստակ քայլեր չի ձեռնարկել, խոսուն կերպով վկայում է Ադրբեջանի դիրքորոշման ամրության մասին, այն է՝ Բաքուն չի ցանկանում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումը։ Հետևաբար, Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործընթացում գործել առանց Բաքվի համաձայնության։
Հայկական ԶԼՄ-ների հետ իմ զրույցներում ես վաղուց էի ասում, որ Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում։ Գիտեմ, որ հայկական կողմն այնքան էլ ճիշտ չէ․ նրանք նախապես համոզված են, որ Թուրքիան ավելի ուժեղ պետություն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ այնքան, ուստի նրանց թվում է, որ սխալ է, որ Ադրբեջանն իր կամքն է պարտադրում Թուրքիային։ Բայց իրականում հենց այդպես է՝ թելադրում է։ Դժվար է չնկատել Ալիևի ներդրումները Թուրքիայում, SOCAR-ի հսկայական ներդրումները, այն լոբբիստական աշխատանքը, որն Ադրբեջանն այստեղ իրականացնում է։ Ադրբեջանը հեռուստաալիքներ ունի Թուրքիայում, ունի հզոր լոբբիստական ուժ, և այսօր այս ամենը կխաղա նրա օգտին
Էրդողանն իր հերթին չի հրաժարվում «Թուրան» նախագծից, սակայն նրա սկզբունքները շատ ավելի մեծ չափով հենվում են կրոնական, այլ ոչ թե ազգային գործոնի վրա։ Ազգային ադրբեջանական գործոնը որոշիչ է։ Կրոնն ավելի կարևոր դեր է խաղում, և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև զգալի դավանաբանական տարբերություն կա։ Այդ տարբերությունը սուննիական և շիական իսլամի մեկնաբանության մեջ է, և դրա համար էլ այստեղ խոցելի կետ կա։ Էրդողանը միշտ զգույշ է եղել հայտարարություններում, նա միշտ մերժել է եղած պնդումները՝ նշելով․ «մենք երկու եղբայրական ժողովուրդ ենք, մենք երկու տարբեր պետություն ենք, բայց մեկ ազգ ենք»։ Այս խոսքերը ակտիվորեն օգտագործվում էին Թուրքիայում։ Սակայն հայտնի է, որ դրա հիմնական տարրը հակահայկական դիրքորոշումն էր։ Հիմա այդ հակահայկական դիրքորոշումն այլևս միավորող գործոն չէ, ուստի նրանց միջև տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել։
Էստուկյանի պնդմամբ․
-Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նախևառաջ՝ այնպիսի ազդեցիկ տերությունների դիրքորոշումները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը և Իսրայելը․
Իրանն Ադրբեջանի հետ խնդիրներ ունեցել է և ունենալու է, որովհետև հատկապես երկրի հյուսիսային մասն անվանում են «Հարավային Ադրբեջան», որտեղ ապրում են զգալի թվով ադրբեջանցիներ, որոնք սկզբունքորեն մերժում են Ադրբեջանի վարած քաղաքականությունը։ Մենք պետք է նաև հիշենք․ թեև նրանք նույնպես իրենց ադրբեջանցի են անվանում, Բաքվի ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն։ Ես դրանում համոզվել եմ տեղում մարդկանց հետ խոսելիս․ Թեբրիզ (Թավրիզ) քաղաքում մարդիկ ամբողջովին դեմ էին Բաքվի իշխանության քաղաքականությանը։

