Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին
Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։
Զախարովայի խոսքով՝ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ ժողովրդին։ Նա անթույլատրելի է անվանել «սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նեոնացիստական կրկնումները»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ», կար շուրջ կես միլիոն էթնիկ հայ։ Նա նաև թվարկել է բոլոր այն հայտնի հայերին, ովքեր իրենց անվանել են «Իվան»՝ Բաղրամյան, Այվազովսկի, Թևոսյան, Իսակով և այլք:
«Հովհաննես՝ հենց այսպես է հայերեն հնչում Հովհաննես Մկրտչի անունից ծագող Իոանն անունը։ Եվ հենց դրանից էլ առաջացել է Իվան անունը։ Այն անունը, որն այդքան դուր չի եկել Շիրակի մարզպետին։ Դե ինչ, ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմությունը։ Չէ՞ որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն Իվան էր անվանում»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»։

