Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը
ՍԻՄ-ՀրապարակումներՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ «Իվանների» մասին հայտարարությունը համեմատել է նացիստների հռետորաբանության հետ եւ Հայաստանի իշխանություններից համապատասխան եւ միանշանակ արձագանք պահանջել։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 28-ի ճեպազրույցում։
«Մենք անընդունելի ենք համարում սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների՝ բոլորին հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նման նեոնացիստական կրկնությունները»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի զինվորականները խորհրդային զինվորներին անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ»՝ անկախ ազգությունից։ Նա հիշեցրել է, որ Կարմիր բանակում ծառայել են հարյուր հազարավոր հայեր, այդ թվում՝ մարշալ Իվան Բաղրամյանը։ Զախարովան, որպես օրինակ, հիշատակել է նաեւ ծովակալ Իվան Իսակովին եւ նկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկուն։ Նրա գնահատմամբ՝ Առուշանյանն իր հայտարարությամբ վիրավորել է հայ ժողովրդին եւ նրա պատմական հիշողությունը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը գրառում էր կատարել, որտեղ տեղ էր գտել «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը» արտահայտությունը։ Դրան անդրադարձել էր «Իրավունքը», ապա հաջորդել էր Հայաստանում ՌԴ դեսպանության կտրուկ արձագանքը, որտեղ մասնավորապես ասված էր․«Չենք ցանկանա մտածել, որ պաշտոնատար անձը, որը ղեկավարում է տարածաշրջանը, որտեղ ծառայություն են իրականացնում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան եւ ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչը արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամության ոգուն»։
Բայց պարզվում է՝ սա միայն Առուշանյանի տեսակետը չէ։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Շիրակի մարզպետի գրառմանը նշել է․ «Կարծում եմ՝ մեջբերում է արել ոչ թե կոնկրետ ուղղված հենց ռուս ազգին, հիմա կարող է Իվան չասեր, Ռաշիդ ասեր․․․Դա քաղաքական է, կարծում եմ կհարթվի եւ վերջ։ Ընդհանրապես մեր թիմում, ԱԺ դահլիճից դուրս որեւէ տեղ քննարկումների ժամանակ մեր թիմից որեւէ մեկ անդամի կողմից չեմ նկատել, որ թշնամական վերաբերմունք լինի Ռուսաստանի Դաշնության կամ ռուս ազգի նկատմամբ․․․Որպես գյումրեցի, կարծում եմ, Դավիթ Առուշանյանը հումորով ինչ-որ բան է նկատի ունեցել, համեմատություն է արել»։
Սարիկը փորձելով «ջրել» թեման՝ էլ ավելի է սրել, վերջում հավելելով․ «Օրինակ, ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի, կվիրավորվեի, կպահանջեի, որ ավելի բարձր մակարդակով արձագանքեն, որովհետեւ Վարդան Ղուկասյանի մասին խոսում է ՌԴ ԱԳ նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդեւը, իսկ մեր մարզպետի խոսքին արձագանքել է ընդամենը դեսպանը»։
Սարիկի արտահայտած մտքերից ակնհայտ է դառնում, որ նույն նացիստական բառապաշարն իր համար էլ է ընդունելի։ Բայց «կատակասեր» Սարիկին, որպեսզի պարզ լինի, թե ինչ ասել է «հիմա կարող է Իվան չասեր, Ռաշիդ ասեր․․․», բերենք հետեւյալ օրինակը՝ իսկ ի՞նչ կլինի եթե մի ռուս գուբերնատոր, ասենք, ՔՊ-ականներին «խաչիկներ» անվանի։ Իհարկե, պատգամավորի կարգավիճակ ունեցող Սարիկը հուսով ենք, որ այսքանը հասկանում է, բայց եթե հասկանում է ու չի դատապարտում, ավելին` արդարացնում է Առուշանյանի ասածը, նշանակում է համամիտ է նրա հետ։ Իսկ եթե նա էլ է համամիտ եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այլ մեկնաբանություն չկա, Առուշանյանն էլ առ այսօր ոչ միայն ներողություն չի խնդրել, այլեւ շարունակում է պաշտոնավորել, նշանակում է ՔՊ-ն նորմալ է համարում թիմում նեոնացիստական դրսեւորումները, նույն է թե՝ այն վերածվում է նեոնացիստական գաղափարներով առաջնորդվող կազմակերպության։
Նկատենք, որ այսպիսի բառապաշարը մեկ էլ հարազատ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» («Слуга народa») կուսակցությունում։ Ուստի՝ տպավորություն է, որ ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ե՛ւ «Ժողովրդի ծառա»-ն նույն կենտրոնից են ղեկավարվում։
Բայց, այս ամբողջ պատմության մեջ եւս մեկ ուշագրավ դրվագ կա։ Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ թվում էր, որ առաջնահերթ այս հարցը պետք է բարձրացներ մանդատավոր ընդդիմությունը։ Սակայն, որեւէ հարց այս մասին չբարձրացվեց։
Դե, Ղրիմը Ռուսաստանի մաս ոչ նախկինում, ոչ հիմա չճանաչելով հպարտացող «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանից եւ եվրոպական խոր ինտեգրման կողմնակից «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից այլ բան դժվար էր սպասել։
Փաստացի, հայաստանյան քաղաքական դաշտում միայն «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության մամուլն է բարձրաձայնել եւ մտահոգություն հայտնել, որ Առուշանյանի արած արտահայտությունը կարող է ընկալվել որպես ազգությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի, ազգամիջյան թշնամանքի սերմացման, իսկ տվյալ համատեքստում՝ նաեւ ռասիստական խոսույթի դրսեւորում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

