Հաջորդը լինելու է ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան
ՆերքաղաքականՆախորդ շաբաթ Ազգային ժողովը 62 կողմ եւ 34 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։
«ԱՅԴ ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԻՄՔԵՐ ՍՏԵՂԾԵԼՆ Է՝ ԼԱՅՆ ՃԱԿԱՏՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
— Պարոն Այվազյան, Ձեր գնահատմամբ՝ այս նախագծի ընդունումն ի՞նչ կտա եւ ի՞նչ կվերցնի հասարակությունից:
— Նախ, եվրոպական ստանդարտներն են ներդրվում այդ ոլորտում, իսկ Եվրոպան ինքը ընտանիքում բռնությունների կանխարգելման գործում ձախողել է։ Այսինքն՝ Եվրոպայում այդ թվերը չեն իջնում, հակառակը՝ տարեցտարի աճում են: Այդ հարցը Եվրոպայւոմ չի լուծվում։ Մի բան, որ բերում ես, պիտի բերես միջազգային հաջողված փորձով, իսկ դա ձախողված է։
— Խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել ընտանեկան բռնության պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Կարո՞ղ է վաղն էլ նման հեշտությամբ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվի, ինչի դեմ ժամանակին թեժ պայքար կար։
— Այո, կընդունվի։ Պարզ է, թե ինչի են ձեռնպահ քվեարկել, որպեսզի չարժանանան եվրոպացիների, այսպես ասած, քննադատությանն իրենց հասցեին։ Իրենք ասում են չէ՞, որ կողմ են եվրաինտեգրմանը եւ այլն։ Ինչպե՞ս կարող են եւ կողմ լինեն, ե՛ւ դեմ քվեարկեն նման նախագծերին։ Իսկ այդ նախագծի նպատակը հիմքեր ստեղծելն է՝ լայն ճակատով ընտանիքների ներքին գործերին միջամտելու համար: Այն, ինչի համար հայտարարվում է, որ ընդունվում է, այսինքն՝ ծայրահեղ բռնության դեպքեր, ծեծ-ջարդ, դրանք արդեն Քրեական օրենսգիրքը կարգավորում է։ Բայց այս օրենքը միայն այդ դեպքերի համար չէ: Եթե ընտանիքում կա ինչ-որ վեճ, հարեւանը լսում է դա, ապա նա կարող է զանգել ոստիկանություն, եւ գան, մտնեն ընտանիք ու, ասենք, ամուսնուն հայտարարեն բռնարար, կնոջը՝ զոհ: Ամուսնուն արգելեն, ենթադրենք, մոտենալ բնակարանին: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում մեկը մտնի ինչ-որ մեկի տուն ու ասի, որ արգելում եմ քեզ՝ տղամարդուն, գաս քո տուն, որտեղ վիճել ես կնոջդ հետ։
Իրականում ծեծուջարդի մասին չէ խոսքը, դա շատ փոքր տոկոս է կազմում ընդհանուրի մեջ։ Բայց այս օրենքը ընդհանուրի համար է, ոչ թե՝ ծեծուջարդի։
— Այս օրենքը կազդի նաեւ երեխաների, նրանց դաստիարակության վրա եւս: Երեխաները կարո՞ղ են իրենց ծնողների վրա բողոք ներկայացնել եւ պատիժ ակնկալել։
— Դե թեժ գիծ է ստեղծվելու՝ օրենքի համաձայն։ Թեժ գիծ ով ասես կարող է զանգել։ Երեխան կարող է զանգել ե ասել, որ՝ մամաս ինձ պատժեց, ու գան ծնողին դրա համար պատժեն։ Մամաս, տատիկս, հորեղբայրս, քեռիս, փող չտվեցին՝ գնամ գիշերային ակումբ, դա տնտեսական բռնություն է համարվելու։ Փողը ձեռքիցս վերցրին, որ վատ շրջապատի հետ չգնամ շփվեմ եւ այլն, սրանք տնտեսական բռնություններ են համարվելու: Իսկ եթե մի երկու բան էլ հոգեբանորեն խրատ տան, ապա կասեն՝ հոգեբանական բռնություն է կիրառվել: Այսինքն, իրենք ներկայացնում են, որ իբր այս օրենքը ծեծուջարդի դեմ է, բայց սա իրականում դրա դեմ չէ։ Իրականում, որ նայեք ընտանեկան բռնություն հասկացությունը՝ պապ, հորեղբայր եւ այլն, այսինքն՝ ինչքան մոտ մարդ կա, մտնում են այդ ցուցակի մեջ: Նշանակում է՝ երեխայի նկատմամբ դաստիարակչական ցանկացած դրսեւորում կարող է դիտարկվել՝ որպես բռնություն։
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ՄԵՆՔ ԳԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՏԱՆԵՆՔ»
— Փաստորեն, ստացվում է, որ պառլամենտում նստած այս ընդդիմությունը ոչ մի նախագիծ չկարողացավ կանխել։ Ինչ որոշում պետք է իշխող ուժին, դա անցկացնում են…
— Կարող է չի ուզում կանխել։ Դե, ունենք ընդդիմություն, բայց, այսպես ասած, Արեւմուտքի գծած սցենարի մեջ: Այսինքն, ով ավելի լավ, օրինակ, Հայաստանին կտանի դեպի եվրաինտեգրում: Դրա մասին է խոսքը: Խոսքն այն մասին չէ, որ եվրաինտեգրումը վատ բան է, խոսքն այն մասին է, թե ով ավելի լավ դա կանի։ Հիմա ես ինչքան հասկանում եմ, խորհրդարանական ընդդիմությունը ասում է՝ մենք գանք իշխանության, Հայաստանը դեպի Եվրոպա ավելի լավ կտանենք։ Եվրոպա տանելու համար իրենք չեն կարող մերժել նման ստանդարտներով նախագծերը։
— Պարոն Այվազյան, այսինքն՝ սպասենք, որ հաջորդիվ խորհրդարան է բերվելու նաեւ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիա՞ն։
— Պարտադիր, առանց դրա չի լինի։ Ուղղակի, մի քիչ թարս կողմից եկան, սկզբում, սովորաբար կոնվենցիան են ընդունում, հետո նոր օրենսդրական նախագծերն են բերում դրա հիման վրա։ Հիմա հակառակն են անում, օրենսդրական նախագիծը բերում են, հետո կբերեն կոնվենցիան: Դեռ շատ ուրիշ բաներ էլ կբերեն։ Հերթով բերելու են: Բա դա է դեպի Եվրոպա գնալու չափանիշները, պիտի այդ ոլորտում էլ համապատասխանենք դրան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

