Իրանը մնում է` «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքի առաջ
ՎերլուծությունԱյսպիսով, ամերիկյան ընտրությունները, որոնցից շատ բան է կախված, եւ որոնց, առանց չափազանցության, հակադիր հույսերով էին սպասում ողջ աշխարհով մեկ, ավարտված են: Արդյունքներն էլ, իհարկե, սպասելի էին: Այն է` Թրամփին հաջողվեց շատ կարճ ժամանակում մսխել այն ԱՄՆ–ի չափանիշներով աննախադեպ դիրքերը, որոնք ուներ նախագահական ընտրություններից անմիջապես հետո` դրանով նպաստելով, որ դեմոկրատները, որոնք նույն նախագահական ընտրություններում կատաստրոֆիկ վիճակի էին հասել, այս ընտրություններում ունենան միանգամայն տպավորիչ ռեւանշ:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՄՆ–ՈՒՄ
Թե ինչում էր Թրամփի սխալը, դա ամերիկյան հանրապետականների խնդիրն է: Այս պահին հարցն այլ է. ինչ են խոստանում աշխարհին այն իրողությունները, որոնք այս պահին կան ԱՄՆ–ում:
Փաստը սա է. Թրամփը պահում է նախագահական աթոռը, ինչը միանգամայն ծանրակշիռ գործիք է երկրի քաղաքական, առավել եւս` արտաքին քաղաքական կուրսը վերահսկողության տակ պահելու համար: Առավել եւս, որ ժամանակին, երբ դեռ Բայդենն էր նախագահը, նույն դեմոկրատներն այն չափով էին ուռճացրել նախագահի լիազորությունները, որ հիմա Թրամփը կարող է իրեն համեմատաբար հանգիստ զգալ: Ու մյուս կողմից` դեմոկրատները ստացան Կոնգրեսի եւ Սենատի նկատմամբ միանգամայն ծանրակշիռ վերահսկողություն, եւ առաջին գաղափարներից մեկը, որն առաջ քաշեցին, դա Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու տեսլականն է: Բայց եթե անգամ չհաջողվի, մեկ է` դեմոկրատներն արդեն ունեն այն ծանրակշիռ դիրքը, որ կարող են լիովին հարամել Թրամփի նախագահության մնացած ժամկետը` նրան զրկելով այն բացարձակ ազատությունից, որ ուներ մինչ այս:
Թեեւ մյուս կողմից էլ դեմոկրատների ներկա դիրքերը երկսայր սրի սկզբունքով են: Այսինքն, եթե մինչ այս կարողանում էին երկրի բոլոր ձախողումները, որոնցից շատերի տակ միանգամայն օբյեկտիվ պատճառներ են դրված, բարձել բացառապես Թրամփի վրա, հիմա արդեն ստիպված են լինելու պատասխանատվությունը կիսել Սպիտակ տան հետ: Այսինքն, դեռ կարող են շահարկել Թրամփի ձախողումները, բայց նաեւ հասկանալով, որ ամեն մի ձախողում իրենց` դեմոկրատներին է հարվածելու, այդ թվում` հանրային վարկանիշի տեսքով: Իսկ դա պարտադրելու է մի շարք հարցերում Թրամփի հետ պարտադրված կոմպրոմիսային լուծումների գնալ:
Իսկ բուն ԱՄՆ–ի համար ամենավատն այն է, որ իշխող երկու մոտավորապես համազոր ուժերն իրար նկատմամբ անհաշտ թշնամանքի դաշտում են գտնվում: Դա ամենաքիչը նշանակում է, որ պետության շահ ասված հասկացությունը շատ դեպքերում մղվում է երկրորդ պլան` տեղը զիջելով խմբակային եւ նույնիսկ առանձին անհատների շահին: Իսկ վատթարագույն տարբերակով, երկրի ներկա երկիշխանությունը կարող է ընդհուպ քաղաքացիական բախումների հասցնել:
Այսպիսով, թե արտաքին հարթակում ինչ ուղղությամբ է շարժվելու ԱՄՆ–ն, հարցը պետքէ բաժանել երկու մասի: Այսինքն, ընտրությունների հետ կապված, հիշատակված ներամերիկյան իրողությունները իրենց սկսելու են դրսեւորել միայն գալիք տարեսկզբից. Կոնգրեսի նոր կազմը պաշտոնավարելու է 2027 թվականի հունվարից: Այսինքն, Թրամփն ազատ գործելու համար դեռ երկու ամիս ունի, ինչը բավականին ժամանակ է` մասնավորապես արտաքին հարթակում հասնելու համար այնպիսի իրողությունների, որոնք դեմոկրատները, մտնելով Կոնգրես, չեն կարողանա անտեսել: Խոսքը, հասկանալի է, առանցքային ուղղությունների` Իրանի, Ուկրաինայի, Եվրոպայի, ՌԴ–ի եւ Չինաստանի հետ հարաբերությունների մասին է: Դժվար է, բայց շանսեր այս պահին Թրամփն ունի:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈԽԵ՞ Ն ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՍՔԸ
Սկսենք Իրանից, որը, դատելով հենց ամերիկյան մի շարք հեղինակավոր գնահատումներից, դարձավ Թրամփի ներկա վիճակի հիմնական պատճառը: Իսկ դեմոկրատները, ելնելով հետընտրական առաջին իսկ հայտարարություններից, շարունակելու են Թրամփի այդ կոշտուկի վրա սեղմել եւ ավելի ամուր: Այսպես, հազիվ էին ընտրական նախնական արդյունքները հայտնի դարձել, որ Սենատի դեմոկրատ առաջնորդը խոստացավ դադարեցնել Իրանի հետ հակամարտությունը։ «Երբ Դոնալդ Թրամփը անտեսի ամերիկյան ժողովրդի կամքը կամ օրենքը, մենք կհետաքննենք, կդատենք եւ կօգտագործենք բոլոր հնարավոր օրենսդրական գործիքները՝ նրա համար դժվարացնելու համար։ Մարդիկ դեռեւս չեն հասկանում, թե ինչի համար ենք մենք պայքարում Իրանում. Թրամփը երբեք դա հստակ չի ասել։ Նա ամեն րոպե փոխում է իր միտքը։ Այս պատերազմը պետք է ավարտվի»,- հայտարարեց Չակ Շումերը: Նաեւ, որ պատերազմը դադարեցնելուն կողմ են նաեւ որոշ հանրապետականներ:
Բայց նման խոստումները դեմոկրատներին կարող են նաեւ փակուղի տանել, եթե Թրամփին հաջողվի առաջիկա երկու ամսում հասնել Իրանի հետ այնպիսի հաշտության, որը հնարավոր կլինի հաղթանակի անվան տակ հրամցնել: Կամ այս ընթացքում անցկացնել եւս մեկ ռազմական կոմպանիա` հույսով, որ դա կբերի ռեալ, տեսանելի եւ շոշափելի հաջողության:
Իրանում այս պահին հակված են այն մտքին, որ Թրամփը, նաեւ Նեթանյահուի դրդմամբ, կգնա երկրորդ տարբերակով: Մի կողմից, իրանական աղբյուրները մատնանշում են, որ ԱՄՆ–ն արդեն տեւական ժամանակ շարունակում է միանգամայն ակտիվ ռազմական բեռնափոխադրումներ դեպի տարածաշրջան: Ընդ որում, իրանցի փորձագետները նաեւ կարծում են, որ այդ նոր կոմպանիան Թրամփը կսկսի Պենտագոնի ղեկավարին պաշտոնանկ անելով` նրա վրա բարդելով նաեւ ընտրություններում պարտության ողջ պատասխանատվությունը` որպես Իրանում հաղթանակ տանել չկարողանալու հետեւանք: Իսկ նոր նախարարով` նոր կոմպանիայի դեպքում, ավելի կոնկրետ` եթե Թրամփը գնա նման ռիսկի, հնարավոր է ամեն մի սցենար, այդ թվում` միջուկային զենքի գործադրումը: Ընդ որում, եթե ոչ ԱՄՆ–ի, ապա Իսրայելի կողմից:
Մյուս կողմից, ակտիվ մեսիջներ են գալիս նաեւ իրանական պաշտոնական շրջանակներից: Նախ` դեպի հնարավոր ցամաքային ներխուժման գոտիներ զորքերի ակտիվ տեղաշարժերի տեսքով: Տպավորիչ մեսիջ է նաեւ Թեհրանից եկող ուղիղ սպառնալիքը, որ նոր պատերազմի դեպքում կսկսեն կիրառել մի շարք նորագույն զինատեսակներ, որոնք օգտագործելուց մինչ այս զերծ են մնացել: Այդ թվում, Պաշտպանության նախարարությունում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարեց. «ՊՆ-ի եւ զինված ուժերի գիտնականները, փորձագետներն ու մասնագետները մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ նոր առճակատման դեպքում... Զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը հանդիպել է Գերագույն առաջնորդի հետ, ով պատվիրել է, որ այսուհետ նաեւ աշխարհագրական սահմանափակումներ չեն լինելու. մեր մշակած հրթիռները ունակ են թիրախներ խոցելու ոչ միայն Արեւմտյան Ասիայում (Մերձավոր Արեւելքում), այլեւ նրա սահմաններից դուրս»:
Այս ֆոնին, իհարկե, չափազանց հետաքրքիր էր նաեւ Չինաստանից ԱԳ նախարարության մակարդակով հնչեցված ուղիղ միտքը. «Մենք զգուշացնում ենք Իսրայելի կառավարությանը եւ ղեկավարությանը. այն պահին, երբ Իսրայելը միջուկային զենք կօգտագործի որեւէ երկրի, այդ թվում՝ Իրանի դեմ, կլինի վերջին պահը, երբ Իսրայելը կճանաչվի որպես պետություն»:
Այսպիսով, նոր պատերազմ սկսելը կարող է Թրամփի եւ Նեթանյահուի համար ծանր մարտահրավերներից դուրս գալու համար հրապուրիչ լուծում ընկալվել: Բայց այն, որ խաղադրույքները շատ բարձր են, դա հասկանում են բոլորը: Առավել եւս, երբ այդպես էլ չկա այն երաշխիքը, որ միջուկային հարվածի դեպքում Իրանը չի կարողանա համարժեք պատասխան տալ: Իսկ առանց դրա, եթե Թրամփ–Նեթանյահու զույգը որոշի նախորդների պես «սովորական» ռազմական արշավ սկսել, ապա բախվելու է մոտավորապես այն նույն խնդիրներին, որոնք կային նախորդ նման արշավների ժամանակ. Պենտագոնի ղեկավարին փոխելով` այդ խնդիրները չեն լուծվում:
Արդյունքում, ամենառեալ տարբերակը, որն այս պահին կա Թրամփի համար, ինչ–որ կերպ Իրանի հետ համաձայնության հասնելն է` ինչ–որ կերպ դեմքը փրկելու տարբերակով: Սակայն հենց այդ դեմքը փրկելու հնարավորությունն է, որ Թեհրանը ոչ մի կերպ Թրամփին չի ուզում տալ. այն բոլոր սպանությունները, այդ թվում` երկրի ներկա Գերագույն առաջնորդի հոր` նախկին Գերագույն առաջնորդի սպանությունը, Թրամփի հետ հարաբերությունների հարցը տեղափոխել են նաեւ անձնական թշնամության դաշտ: Բացի այդ, Թեհրանում եւս հասկանում են, որ եթե ամերիկյան օրենսդիր համակարգում դեմոկրատները փաստացի գալիս են իշխանության, ապա թեկուզեւ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին կոչերը նրանց պարտադրում են նաեւ ռեալ քայլերի գնալ: Ասենք, ֆինանսավորման կրճատման, պատերազմի շարունակելու մասին օրենքների ընդունման, վերջապես, նման որոշումները տորպեդահարելու դեպքում Թրամփի հանդեպ իմպիչմենտի գործընթացի տեսքով: Այսինքն, ապագա զարգացումները, եթե նաեւ այս երկու ամիսն անցնի, Իրանի օգտին են շրջվելու: Իսկ դա նշանակում է, որ Թրամփին մնում է Թեհրանին այնպիսի առաջարկ անել, որից հրաժարվելն արդեն խելամտությունից դուրս կլինի: Կարո՞ղ է. տարբերակներ կան:

