«Փաստ». Ովքե՞ր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։
Բանաստեղծ Հուսիկ Արան էլ հավելել է, որ Անկախության հռչակագիրը պետականության «ծննդյան վկայականն» է, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պետականությունից։ Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր այս հայտարարությունը դուրս է գալիս նեղ կուսակցական շրջանակներից՝ վերածվելով հանրային լայն դիմադրության խորհրդանիշի։
Համախմբման ալիքի ընդլայնման մասին է վկայում նաև այն, որ նախաձեռնությանը պաշտոնապես միացել է «Միասնության թևեր» կուսակցությունը։ Վերջինս հայտարարել է, որ ճգնաժամային այս իրավիճակում նախկին տարաձայնությունները տեղ չունեն, քանի որ առկա են արտաքին պարտադրանքների և ներքին ճնշումների փոխկապակցված վտանգներ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունը արտաքին պահանջների կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պայման, իսկ դրան դիմադրողներին պիտակավորում որպես խոչընդոտ։ «Միասնության թևեր»-ը խստորեն դատապարտել է նաև Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քրեական գործողություններն ու կալանավորումը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ճնշել ընդդիմության դիմադրողականությունը և հող նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների համար։
Համագործակցությունը, ըստ նախաձեռնողների, պետք է կառուցվի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց ազգային շահերի զիջման։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

