Դեբետում գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբետ բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով վնասվել են ոչխարներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։
Տեղում փրկարարներն ու Գուգարքի համայնքային ոստիկանները պարզել են, որ գայլերի հարձակման հետևանքով Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Աղվան Նազլուխանյանին պատկանող ընդհանուր 75 գլուխ ոչխարներից 25-ը վնասվել են, որոնցից 11-ը՝ սատկել։
Դեպքի վայր է ժամանել նաև Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները պատմել են, որ ընտանիքը մեծ դժվարությամբ է ձեռք բերել ոչխարներին՝ դրա համար վարկեր վերցնելով և հույս ունենալով, որ անասնապահությամբ կկարողանա հոգալ ընտանիքի հոգսերը։ Նրանց խոսքով՝ այսօր պետք է վաճառեին ոչխարներին, որպեսզի կարողանային փակել իրենց ֆինանսական պարտավորությունների մի մասը, սակայն գայլերի հարձակումը մի ակնթարթում ջուրն է լցրել ընտանիքի ամիսների աշխատանքն ու հույսերը։ Ինչպես գյուղացիներն են ասում՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
Համայնքի միջոցներով սատկած ոչխարները թաղվել են բնակելի հատվածից դուրս՝ անտառի խորքում։

