«Օքեյ ա՞», որ հանրակրթությամբ զբաղվողը «պիպետկով ուռի»․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն ԻՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ , ո՛չ ավել, ո՛չ պակաս, ծխում՝ օգտագործելով կաթուցիչ։ Վերջինս, ըստ էության, չի հերքում թմրանյութ օգտագործելու փաստը, բայց ասում է, որ տեսանյութն ութ տարի առաջվա է, իր նախկին ամուսինն է հրապարակել՝ իրեն «վարկաբեկելու» համար: Բայց սա դեռ ամենազարմանալին չէ։ «Դրանից հետո բազմաթիվ կանայք ու տղամարդիկ, որոնք հաստատ կա՛մ երեխեք ունեն, կա՛մ կունենան, մտնում են ու արդարացնում այս կնոջը, գրում են՝ «դու բարձունքում ես», «մենք Ձեր կողքին ենք», «Ձեր ձեռքերում են մեր երեխաների ապագան»: Արա՛, չեմ ուզում հավատալ, որ ես տենց մտածող մարդկանց հետ նույն հայրենիքն ունեմ.... Այսինքն՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելը օքեյ ա՞, իսկ դա հրապարակելը՝ քը՞խ: Ընդհանրապես տղամարդկային կամ մարդկային չի կնոջը սպառնալը, դրա մասին անգամ խոսք չկա, բայց, արա՛, ձեր համար օքեյ ա՞, որ ձեր/մեր երեխեքի հանրակրթությամբ զբաղվողը պիպետկով ուռի՞», - հարց է բարձրացնում «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը:
Այս խայտառակ պատմության մեջ ապշելու դրվագների պակաս, իսկապես, չկա։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՋՈՒԼԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․ «Իհարկե, իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին»։ Տարօրինակ է՝ ինչի՞ն է անվերապահ աջակցում Ազարյանը, թմրամոլությա՞նը։ Էլ ավելի ուշագրավ է այն, որ Տիգրան Ավինյանի խոսնակը, փոխանակ շեֆին պաշտպանի, ում սոցցանցերում եւս «քլնգում» են այս թեմայով, մի հատ էլ վերահաստատում է, որ «ուռող» տնօրենուհին իրենց քիփն է։ «Դե ՔՊ-ի օրոք Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ՝ ինչո՞ւ կնոջ իրավունքներից չէիք խոսում, երբ բանտարկում էին ընդդիմադիր կանանց, երբ Եռաբլուրում, բառիս բուն իմաստով, քարշ էին տալիս հերոսների մայրերին, երբ զուտ ընդդիմադիր հայացքների համար աշխատանքից ձեր ղեկավարների հրամանով ազատում էին մանկավարժների, ովքեր երբեք նման անպարկեշտ ու մանկավարժին ոչ հարիր վարքագիծ չեն ունեցել։ Հիմա եկել ասում եք, թե բա՝ աջակցում եմ։ Տվյալ «մանկավարժն» առնվազն պիտի ազատվի զբաղեցրած պաշտոնից», - գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
Վերոնշյալ թեմայով ոչ պակաս աբսուրդային է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ մեկնաբանությունը։ Լրագրողների հարցին, թե ինչ է արել ՄԻՊ-ն այս առումով, մեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, նա նախ, չգիտես ինչու, ընդգծեց, որ տեսանյութը հրապարակվել է ոչ աշխատանքային օրերին։ Տպավորություն է, որ ոչ աշխատանքային օրերին մարդու իրավունքները կարող են խախտվել, որովհետեւ օմբուդսմենի համար «վիխադնոյ» է։ Ինչեւէ, ինքն իրեն ուղղելով՝ Մանասյանը, այնուամենայնիվ, արձանագրեց, որ ցանկացած հարց եթե վերաբերելի է լինում իրենց հաստատության գործունեությանը, անմիջապես սկսում են գործառույթների իրականացում։ Հետո երկար-բարակ սկսեց խոսել քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին։ Ու այդպես էլ անհայտ մնաց՝ սույն տնօրենին աշխատանքից հեռացրի՞ն, տունը խուզարկեցի՞ն, արյան անալիզ վերցրի՞ն, ի՞նչ արեցին պատկան մարմինները:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

