Թուրքական «չայի» ու բանանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները
ՎերլուծությունՄինչ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում թեյ, ավելի ճիշտ` թուրքական չայ էր խմում եւ բանանը ծոցագրպանը դրած` Դուբլին մեկնում, Հայաստանը պաշտոնապես զրկվեց ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից: Իհարկե, կարող է տպավորություն ստեղծվել, թե դա Նիկոլին առանձնապես չի հետաքրքրում, թե նրա համար շատ ավելի կարեւոր է Էրդողանի հետ մի քանի բառ փոխանակելը, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց դա այդքան էլ այդպես չէ:
ՀԱՊԿԻ–Ի ՓՈԽԱՐԵՆ` ԹՈՒՐՔԻԱ
Բայց գանք հերթով: Թուրքական մամուլին, իհարկե, ուրախացրեց Նիկոլի թեյն ու բանանը: Մի շարք աղբյուրներ դա նույնիսկ համարում են Թուրքիայի միջոցառումների ամենահետաքրքիր դրվագը: Նաեւ նկատելով, որ հայաստանյան իշխանությունները Ռուսաստանի հետ ավանդական անվտանգային հարաբերությունները վերանայելուն զուգահեռ, մեծ կշիռ են տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության գործընթացներին: «ՀԱՊԿ–ին մասնակցելու համար Մոսկվա գնալու փոխարեն` Անթալիայի համաժողովին մասնակցելը դիվանագիտական այս ուղղվածության օրինակներից մեկն է»,– գրել է կայքը: Եվ, երեւի, թուրքերը ճիշտ են` Փաշինյանի վրա այդքան կենտրոնանալով: Էրդողանին, թեեւ ավելի ճիշտ կլինի ասել Էրդողան–Ալիեւ զույգին եւ նրանց թիկունքին գտնվող ուժերին հաջողվեց Հայաստանի օրվա ղեկավարության համար Թուրքիա գնալն ավելի կարեւոր դարձնել, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ նման փաստը, իհարկե, թուրքական կողմի համար ոչ միայն Նիկոլի վրա ուշադրություն դարձնելու, այլ անգամ նրա արձանը կանգնեցնելու պատճառ է:
Ամեն դեպքում, Հայաստանն այս պահին բախվում է առավել քան ծանր հեռանկարներ խոստացող իրավիճակի: Փաշինյանն արդեն չի էլ թաքցնում, որ իրականում իր ողջ գործունեությունն ուղղված էր եւ ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական կուրսը, այսպես ասենք, Հյուսիս–Հարավ ուղղությունից Արեւելք–Արեւմուտք շրջելուն եւ հիմա փորձում է դնել այդ մեխանիզմի վերջին շտրիխները: Դա այս օրերին արտահայտվում է ոչ միայն թուրքական չայ խմելու, այլ, ասենք, այն օրենսդրական փոփոխությունների տեսքով, որոնք այս պահին արտահերթության կարգով «պեչատում» են ԱԺ–ում: Այդ թվում` «Թրամփի ուղու» հետ կապված, որտեղից ի հայտ է գալիս եւս մեկ կեղծիք: Այսինքն, ժամանակին, երբ ստորագրում էին այդ միջանցքի հետ կապված փաստաթուղթը, ներկա իշխանությունները կուրծք էին ծեծում, թե դա լիովին համապատասխանում է հայաստանյան օրենսդրությանը: Ու հիմա իրողությունն այն է, որ հայաստանյան օրենսդրությունն են փորձում այդ նախագծին հարմարեցնել: Ու նման փորձերը նորից ու նորից են խոսում այն մասին, որ ԹՐԻՓՓ կոչվածը ոչ այլ ինչ է, քան «Զանգեզուրի միջանցքի» գեղեցիկ փաթեթավորում տված տարբերակ:
Նաեւ բնական է, որ այս ամենի ֆոնին, Ռուսաստանից նկատվում է մոտեցումների բավականին լուրջ կոշտացում: Խորհրդարանականների մակարդակով ընդհուպ այս ոճի մեջ հայտարարություններ են սկսել ի հայտ գալ. «Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում այն առումով, որ այդպիսով կարող են կորցնել իրենց ամենահավատարիմ ու հուսալի, բնական դաշնակիցներին՝ հանձին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս երկրների»: Ու նման բոլոր նախազգուշացումները, թերեւս, ավելի առարկայական էֆեկտ կունենան, երբ ՀԱՊԿ–ից հետո նաեւ ԵԱՏՄ երկրների սպասվող գագաթաժողովում գործնական օրակարգում հայտնվի Հայաստանի թեման:
Բայց մյուս կողմից ասել, թե ՀԱՊԿ–ի հետ կապված նիկոլյան խաղը նրա համար «հալած յուղի» տեղ անցավ, դա էլ տեղին չէ: Իրողությունը սա է. Հայաստանին ոչ թե հեռացրին կազմակերպությունից, այլ` զրկեցին ՀԱՊԿ-ում քվեարկելու եւ այլ իրավունքներից: «Քանի որ Հայաստանը մի քանի տարի չի կատարել կազմակերպության կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները, առաջարկվել եւ որոշվել է զրկել Հայաստանին քվեարկելու իրավունքից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից»,- մեկնաբանեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
ՀԱՊԿ–Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՆԱԵՎ ԵԱՏՄ–Ի ՀԱՄԱՐ
Այսպիսով, ոչ թե հեռացնում են, որը, թերեւս, շատ կցանկանար Նիկոլը, այլ զրկում են ձայնի իրավունքից: Ու հիմա Նիկոլի որոշելիքն է՝ դուրս գա՞լ ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ: Մեկ այլ տարբերակ է, որ դեռ կպահի ներկայիս սառեցված վիճակը: Բայց նաեւ, ինչ էլ հիմա անի Նիկոլը, մեկ է` չի կարող սկսել մեղադրել Մոսկվային, թե խախտել են ՀԱՊԿ–ի կանոնադրությունը` Հայաստանին հեռացնելով կազմակերպությունից. ձայնի իրավունքից զրկելը ՀԱՊԿ կանոնակարգերով նախատեսված պատժամիջոց է: Ըստ այդմ էլ, ՀԱՊԿ–ում Հայաստանի լինել–չլինելու հետագա ողջ պատասխանատվությունը մնում է հենց Նիկոլի վրա:
Այսինքն, նույն մեխանիզմը կարող է գործել նաեւ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության հետ կապված: Խորքային իմաստով, մեր երկրին կարող են ոչ թե հեռացնալ այդ կառույցից, այլ` սառեցնել Հայաստանի համար Միության մեխանիզմները, քանի դեռ մեր երկիրը պաշտոնապես չի որոշել` գնում է ԵՄ, թե` ոչ: Ընդ որում, եթե ՀԱՊԿ–ի մասով Նիկոլը կարողանում է հայտարարել, թե իբր այդ կառույցը Հայաստանին առանց այդ էլ ոչ մի բան չէր տալիս, ԵԱՏՄ–ի պարագայում նույն բանի հնարավորություն չկա: Մինչդեռ սառեցում ասվածը նշանակում է, որ Հայաստանը պարզապես կզրկվի ԵԱՏՄ երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով գործարկելու այն մեխանիզմներից, գներից, որոնք դեռ կան: Սկսած դեպի Ռուսաստան արտահանումներից, Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների համեմատաբար ազատ տնտեսական գործունեությունից, վերջացրած ՌԴ–ից ներմուծվող ստրատեգիական հումքատեսակներով, դրամական փոխանցումներով եւ այդպես շարունակ: Սա չափազանց լուրջ է, կարող է հիմքից պայթեցնել հայաստանյան տնտեսությունը: Ու եթե Նիկոլը չկարողանա իրավիճակը գոնե մասամբ շտկել «թուրքական չայի», «Թրամփի ուղու» կամ ԵՄ–ից եկած տարատեսակ խոստումների հաշվին, ապա այս դեպքում ներհայաստանյան լարվածությունը նրան հաստատ հեշտ կյանք չի խոստանալու:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ Է ՆԻԿՈԼԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԱԽՔ–Ը
Բայց նաեւ կարելի է ենթադրել, որ Թուրքիայում չայ խմելով եւ այնտեղից վերցրած բանանով Դուբլին հասնելով, Նիկոլը փորձում է ակնարկել, թե իր ցանկությունների վերջնակետը ոչ թե Անկարան է, այլ` Եվրոպան: Միայն թե անսպասելիորեն նիկոլյան այդ ակնարկի «ոտքի տակ բանանի կլեպ» նետեց նրա նախկին ԱԽՔ–ը, լոնդոնյան հաճախակի եւ սիրված այցելու Արմեն Գրիգորյանը: Սա Գրիգորյանի կողմից նոր պաշտոն չստանալու դեմ բողոքի ճիչ էր, թե ինչ–որ մեխանիզմ է փորձում գործի գցել, ինքը կիմանա: Բայց այն, որ չզլանալով, մի հսկա հոդված գրելով, Գրիգորյանը բառացիորն ոչնչացնում է «դեպի Եվրոպա» նիկոլյան «փրկօղակը», դա արդեն փաստ է:
Այսպես, պաշտոնազուրկ ԱԽՔ–ի ամենահիմնական գնահատումը հենց սա է` «ԵՄ անդամակցությունը պատրանք է»: Հոդվածով Գրիգորյանը նախ եւս մեկ «ծածուկ աֆյորա» է բացահայտում` «Սահմանադրական խորհուրդը քննարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջարկով Սահմանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը»: Այսինքն, Հայաստանի ժողովրդին դեպի ԵԱՏՄ կամ ԵՄ գնալու հարցը ուղիղ կերպով հանրաքվեի դնելու փոխարեն այն կարող են քողարկել ընդհանուր «սահմանադրական փոփոխություններ» գաղափարի տակ, որպես քարոզչական ֆոն դրան կցել միտքը, որ եթե չընդունեցին, Ալիեւը հաջորդ օրն իսկ պատերազմ կսկսի, եւ այդ դեպքում դեպի ԵՄ–ի թեզը շատ ավելի մեծ հաջողությամբ է հնարավոր «հորով–մորով» անել:
Միայն թե իր հերթին արեւմտյան բացահայտ ջատագով Գրիգորյանն անգամ ֆիքսում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատելիս պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական եւ տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական...»: Ինքը` Գրիգորյանը, «դեպի ԵՄ» թեզը սխալ է համարում ոչ թե այն պատճառով, որ այն իրոք Հայաստանի համար կործանում է դառնալու, այլ որ նման կուրսի արդյունքում ամեն անգամ էլ ավելի են լավանում հայ–ռուսական հարաբերությունները: Ու այս անգամ էլ` «ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին եւ քայլերին զուգահեռ՝ ես տեսնում եմ Հայաստանը ռուս-բելառուսական «Միութենական պետության» մեջ ներքաշելու սպառնալիքի մեծացում»:
Թե ինչով է Գրիգորյանը փորձում բացատրել իր այդ «հանճարեղությունը, անկեղծ ասած, առանձնապես հետաքրքիր չէ: Ավելի էական է այլ հարց`լոնդոնների սիրեցյալ այցելու Գրիգորյանն անգամ տեսնում է հեռանկար, որ Հայաստանում ռուսական գործոնը կարող է սկսել աճել: Ու նա, թերեւս, ճիշտ է. աշխարհաքաղաքական ներկա զարգացումները հենց այդ ուղղվածության մեջ են: Ու նման իրավիճակում այն հարցն է առաջ գալիս, թե Թուրքիայում ցուցադրաբար «չայ» խմելով, Նիկոլն իրո՞ք կարծում է, որ կարող է սիրաշահել Էրդողանին` որպես դրա այլընտրանք Անկարային «նվիրելով» նաեւ Ռուսաստանի հետ թշնամության բաց օջախ: Կամ, եթե այս պահին սրացումներ սկսվեն Մոսկվայի հետ, Լոնդոնն ինչո՞վ է օգնելու թուրք–ազերիական տանդեմին:
Այսինքն, այն տպավորությունն է, որ բրիտանագլոբալիստական համակարգը Հայաստանը պահել–չպահելու հարցում ունի բավականին լուրջ մտավախություններ: Իսկ ահա Նիկոլը գործում է հենց այն ուղղությամբ, որը միայն էլ ավելի է սրում այդ մտավախությունները: Այսինքն, Նիկոլին պետք է կանգնեցնել` գոնե ստատուս–քվոն պահելու համար: Եթե այդպես է, ապա նման մղումը եւս թերություն ունի. պետք է Նիկոլին նաեւ առաջարկել` եթե դեպի ԵՄ գնալն այս պահին սխալ է` ռուսական ազդեցության հնարավոր աճի ռիսկի պատճառով, ուրեմն ի՞նչ ուղղություն են նրան առաջարկում: Այն պարզ պատճառով, որ պասիվ նստել–սպասել Նիկոլն այս պահին պարզապես չի կարող. բազմակողմ ճնշումները չափից դուրս շատ են: Մինչդեռ, նոր կուրս նրան առաջարկելու տարբերակ այս պահին պարզապես տեսանելի չէ. կա երկու ուղղություն` դեպի Ռուսաստան կամ դեպի Թուրքիայով` Արեւմուտք, այն էլ` տրոհված Արեւմուտք:

