Քաղաքային իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ մարդկանց համար ձեռնտու չլինի մեքենայով երթևեկելը․ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր
ՀանդիպումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքի խցանումները թեթևացնելու նպատակով անհրաժեշտ է հետևել զարգացած քաղաքների օրինակին՝ առաջնահերթությունը տալով հանրային տրանսպորտին, ներդնելով առանձնացված երթևեկելի գծեր և որոշակի սահմանափակումներ ավտոմեքենաների համար։ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանի դիտարկմամբ Ավինյանի հայտարարությունը բացառապես քաղաքական է եւ ոչ խնդրին լուծում տալուն միտված․
-Դա քաղաքական հայտարարություն է, այլ՝ ոչ թե ինչ-որ գործուն քայլերի վերաբերյալ: Քաղաքային իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ մարդկանց համար ձեռնտու չլինի մեքենայով երթևեկելը, իսկ այսօր քաղաքային տրանսպորտը օրվա այն ժամերին, երբ քաղաքացիներին հարկավոր է, շատ ծանրաբեռնված է ու ոչ անվտանգ՝ գողությունները շատ են քաղաքային տրանսպորտում: Դրա համար էլ մարդիկ նախընտրում են իրենց մեքենաներով երթևեկել:
Այս իշխանությունը նախ պետք է հասկանա, որ պետք է կարգավորի տաքսի ծառայություն մատուցողներին ու բերի մեկ դաշտ՝ առանձնացված տարբերանշաններով տարբերակելով, ու իրենց ևս թույլ տալ օգտվել այդ առանձնացված երթուղուց: Այդ ծառայություն մատուցողները Երևան քաղաքում քիչ չեն, ու նրանց պետք է ընդհանուր երթևեկությունից տարանջատել առանձնացված երթուղիով, որ նրանք էլ կարողանան երթևեկել դրանով՝ թեթևացնել այն մյուս գոտիները, դրանով հոսքն ավելի կարագանա: Սա քայլ է, որի համար երկարաժամկետ աշխատանք է պետք, ու մի քիչ ավելի օրենսդրական կարգավորում պետք է իրականացվի:
Երկրորդ քայլն այն է, որը քաղաքապետարանը սկսել է, բայց կիսատ է թողել, շատ դանդաղ է անում: Միակողմանի երթևեկությունը պետք է ավելացնել, որքան էլ քաղաքացիները դժգոհում են, որոշ լրատվականներ բողոքում են, փորձը ցույց է տալիս, որ միակողմանի փողոցն ավելի է թեթևացնում: Միակողմանի փողոցները պետք է շատանան, անգամ կարող է լինել այն իրավիճակը, որ Մաշտոցի պողոտան միակողմանի լինի, դա հնարավոր է, եթե նրանք երթևեկության կազմակերպման լավ սխեմա ներդնեն, դա պետք է միանգամից կատարեն, ու հոսքը կշատանա: Նեղ փողոցներում կարող են կանգառն արգելել, իսկ մնացած փողոցներում իմաստ չկա դա անել:
Երբ քաղաքապետարանը կստեղծի այն վիճակը, որ քաղաքային տրանսպորտը այն ինտենսիվությաբ աշխատի, որ Ա կետից Բ կետ կշարժվի իր ժամանակահատվածով, ու կլինի այն ծավալի քաղաքային տրանսպորտ, որ մարդիկ ստիպված չեն լինի երկար սպասել կամ խցկվել այդ տրանսպորտի մեջ, հարմարավետ երթևեկեն, բնականաբար, մարդիկ կնախընտրեն երթևեկել տրանսպորտով, որովհետև այդ կերպ ավելի մատչելի կլինի:

