«Փաստ». Երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Երբ երկրի վարչապետը Անթալիայի հյուրանոցից մի հատիկ բանան է դնում գրպանը, Իռլանդիայի տարանցումով՝ Դուբլինի վրայով ներկրում Երևան, ցուցադրում տեսախցիկների առջև ու խոստանում այն հասցնել մինչև հարավ-արևել յան Ասիա՝ Կամբոջա, առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պարզապես սովորական հումորային տեսանյութի կամ անձնական առօրյա դրվագի հետ։ Սակայն եթե մի կողմ դնենք մրգային աշխարհագրությունը և նայենք քաղաքական հաղորդակցության տրամաբանությանը, ապա պարզ կդառնա, որ բանանի այս «համաշխարհային շրջագայությունը» ամենևին էլ պատահականություն չէ, այլ հստակ հաշվարկված քաղաքական տեխնոլոգիա։
Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, որտեղ հասարակական կարծիքը ձևավորվում է ոչ թե ծանրակշիռ վերլուծական հոդվածներով, այլ ՏիկՏոկի ու Ինստագրամի մի քանի վայրկյանանոց տեսանյութերով, իշխանությունները վաղուց հասկացել են ուշադրության գրավման ամենակարճ ճանապարհը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմներն անողոք են. գիտական խորը հայտնագործությունները, տնտեսական զարգացման բարդ ռազմավարությունները կամ աշխարհաքաղաքական նուրբ բանակցությունները հազարավոր դիտումներ հազիվ են հավաքում, մինչդեռ ինչ-որ մեկի ընկնելը, անհեթեթ ծամածռությունները, «գազ բաց թողնելու» մակարդակի էժանագին հումորները կամ կենցաղային պարզունակ տեսարանները վայրկենապես դառնում են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բուռն քննարկումներ։
Այսպիսով, քաղաքական օրակարգը վերածվում է անվերջանալի ռեալիթի-շոուի։ Քանի դեռ հանրությունը բաժանվել է երկու ճամբարի՝ բուռն քննարկելով, թե ինչու է բանանը Անթալիայից հասել Դուբլին, արդյոք այն չի փչանա մինչև Կամբոջա հասնելը, և ինչ խորհրդանշական իմաստ ունի եգիպտացորեն կրծելը, իրական և կենսական հարցերը մղվում են հետին պլան։ Իշխանությունը հիանալի հաշվարկել է. պետք չէ մարդկանց ծանրաբեռնել պետականաշինության բարդ հավասարումներով, երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսն ու լիովին վերահսկել հանրային էմոցիաները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

