«Ժողովուրդ». Նախկին ԱԽՔ-ի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վերնախավում տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը։
Մյուս կողմից՝ ՔՊ վերնախավի մի հատվածի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու որոշման հարցում ունեցել է իր քաղաքական հաշվարկները և, հնարավոր է, տեղեկություններ, որոնց մասին թիմի մյուս անդամները տեղյակ չեն եղել։ Սակայն նույնիսկ իշխանական շրջանակների ներսում շատերը չեն հասկանում, թե ինչու Գրիգորյանը հենց այս փուլում որոշեց հրապարակայնորեն հանդես գալ նման հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի հեռանալու օրակարգի վերաբերյալ հնչող գնահատականները և կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցության շարունակությունը։
Հատկանշական է, որ ՔՊ-ականները դեռևս չեն շտապում Արմեն Գրիգորյանի մասին հրապարակային գնահատականներ հնչեցնել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանականները փորձում են հասկանալ նրա հետագա քաղաքական դիրքավորումը։ Նրանց համար առանցքային հարց է՝ արդյոք Գրիգորյանի հայտարարությունը պարզապես սեփական քաղաքական հայացքների արտահայտո՞ւմ է, թե՞ նա պատրաստվում է անցնել ընդդիմադիր դաշտ և առաջիկայում հանդես գալ արդեն որպես իշխանության քննադատ։
Այսպիսով, Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ՔՊ ներսում նոր հարցեր է առաջացրել։ Եվ եթե նախկին թիմակիցները տարիներ շարունակ չեն հասկացել, թե ինչ դիրքորոշում ունի իրենց կողքին աշխատող պաշտոնյան, ապա այսօր առավել ևս փորձում են հասկանալ՝ ո՞վ էր իրականում Արմեն Գրիգորյանը ՔՊ իշխանության տարիներին, և ո՞ր քաղաքական ճանապարհն է նա ընտրելու այսուհետ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

