«Հայաստան է ներմուծվել շուրջ 300 հազար ավտոմեքենա, որոնց կեսը շահագործվում է Երեւանում». ՃՈ ՊԵՏ
Արխիվ 16-202017 թվականի սկզբից Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ինտենսիվ աշխատանք է կատարել ճանապարհային երթեւեկության բարելավման ուղղությամբ: Այս մասին լրագրողների հանդիպման ընթացքում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: ՃՈ պետի ներկայացմամբ` փոփոխությունները վերաբերել են օղակաձեւ խաչմերուկներին՝ նախկինում առավելությունը տրվում էր խաչմերուկ մտնող մեքենաներին, փոփոխությունների արդյունքում առավելություն ունեն խաչմերուկում գտնվող մեքենաները: Մինչեւ նորամուծությունը մտցնելը ուսումնասիրվել է արտասահմանյան փորձը: «Մինչեւ փոփոխությունները մեծ խցանումներ կային Հանրապետության հրապարակում, եւ ոստիկանները ստիպված էին օրը 2 անգամ խցանումները վերացնել: Եվս մեկ նորամուծություն վերաբերում է Հանրապետության հրապարակի լուսակիրներին՝ հիմա եռագույն լուսակիրների փոխարեն, տեղադրված են դեղին նախազգուշացնող լուսակիրներ, եւ երթեւեկությունը կանգնում է միայն հետիոտնին փողոցը հատել թույլ տալու համար: Ըստ քաղաքապետարանի հետ համաձայնության՝ 2018-ին անցումները մոտ 10 սմ-ով ճանապարհային ծածկույթից կբարձարցվեն: Կարապետյանի խոսքով՝ փոփոխությունների արդյունքում կրճատվել է ճանապարհային պատահարների եւ հետիոտնի վրաերթերի թիվը: Մի շարք փողոցներում մեծացել է գծերի թիվը: Նպատակը շրջադարձ կամ պտույտ կատարող մեքենաներին առանձին գիծ ապահովելն է: ՃՈ պետի կարծիքով՝ սա նույնպես հանգեցրել է ճանապարհային պատահարների թվի կրճատմանը եւ խաչմերուկների էական բեռնաթափմանը: Կարապետյանը խոստովանեց, որ «նախկին» նշագծման առկայությունը խնդիր է մնում եւ կարող է վարորդներին շփոթեցնել: «Հին» նշգծումը սեւ է ներկվել, բայց, միեւնույն է, երեւում է: Այս կապակցությամբ Կարապետյանը հայտնեց, որ տեսախցիկների գրանցացծ հին նշագծման հետ կապված խնդիրները հաշվի չեն առնվի:
Հարցին, ի՞նչ է արվում մայրաքաղաքում` տոն օրերին եւ երեկոյան ժամերին պարբերաբար արձանագրվող խցանումներին ՃՈ պետը նկատեց. «Հաճախակի խցանումների հիմնական պատճառը ներմուծված մեքենաների մեծ թիվն է` 10 տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 300 հազար ավտոմեքենա, որոնց կեսը շահագործվում է Երեւանում»: Ուսումնասիրելով միջազգային փորձը ՃՈ-ն այժմ առավելություն է տալիս շրջանաձեւ երթեւեկությանը, այսինքն՝ խաչմերուկում գտնվող մեքենան առավելություն ունի: Հանրապետության հրապարակում վերացել է տրանսպորտային միջոցների կուտակումը, կրկնակի նվազել են նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարները: Խաչմերուկի մոտակա հատվածներում ստեղծվել են երթեւեկելի լրացուցիչ գոտիներ:
Լրագրողների այն հարցին, թե ինչն՞ է պատճառը, որ հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց որդիներին պատկանող թանկարժեք մեքենանները, օրինակ Աբովյան փողոցում` ակնհայտ խախտման դեպքում անգամ չեն տուգանվում` ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ասաց. «ՃՈ տեսուչների համար կարևոր չէ՝ խախտում կատարած անձը բարձրաստիճան պաշտոնյա՞ է, թե՞ ոչ»: Ինչ վերաբերում է Աբովյան փողոցին, ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն հավելեց, որ Աբովյան փողոցում կան տեսանկարահանող սարքեր, հետեւաբար ՃՈ-ի տեսուչների միջամտությունն արգելվում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

