Անկախության հռչակագրով ընդերքը պատկանում է ժողովրդին, սակայն դրանից օգտվում են միայն որոշ արտոնյալներ
Արխիվ 16-20«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերությանը եւ դրա հետ կապված խնդիրներին, փաստեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի համար դարձել է աղետ: Ըստ նրա, Հայաստանում հանքարդյունաբերությունը զարգանում է անտառների հատման», ջրի աղտոտման հաշվին, քանի որ բոլոր հանքերի պոչամբարները գտնվում են աղբյուրների եւ գետերի վրա. «Ստացվում է, որ մետաղական հանքները մեր համախառն ներքին արդյունքում կազմում են 2,8 տոկոս, տուրիզմը` 15, գյուղատնտեսությունը 45 տոկոս: Փաստորեն, 2,8 տոկոս համախառն ներքին արդյունք ունենալու համար մենք ոչնչացնում ենք ամբողջ այն միջավայրը, որը նպաստավոր է տուրիզմի եւ գյուղատնտեսության զարգացման համար»,-նշեց Ն. Վարդանյանը եւ նկատեց, որ անհրաժեշտ է մշակել քաղաքականություն եւ հայեցակարգ, առա այն, որ բոլոր տնտեսական զարգացման ծրագրերը պետք է համահունչ լինեն շրջակա միջավայրի պահպանության հետ: Նրա դիտարկմամբ, առաջին տեղում պետք է լինի շրջակա միջավայի պահպանությունը, քանի որ պետությունն ավելի շատ եկամուտներ եւ օգուտ կունենա շրջակա միջավայրն օգտագործելով գյուղատնտեսության , տուրիզմի եւ այլ նպատակներով, քան հանքարդյունաբերության.«Հանքարդյունահանողները սովորաբար ստանում են կարճ լիցենզիաներ` առավելագույնը 10-15 տարի, ստացվում է այնպես, որ շահագործողները ստանում են գերշահույթ, իսկ մեզ մնում է միայն պոչամբարներ եւ աղբակույտեր: Հանքատերերի մեծ մասը օֆշորային գոտիներում են գրանցված, եւ չկա որեւէ պետություն, որը պատասխանատու կլինի այդ ոչ պատասխանատու հանքարդյունահանության համար»,-շեշտեց Ն. Վարդանյանը:
Անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը, Նազելի Վարդանյանը փաստեց, որ այն չշահագործելու համար մեծ պայքար է տարվում, քանի որ հանքը գտնվում է հանքային ջրերի աղբյուր մոտ: Ամուլսարի շահագործումը լուրջ խնդիրներ կառաջացնի Ջերումուկի հանքային ջրերի համար:
Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե ինչու չեն ազգայնացվում բոլոր հանքերը, Նազելի Վարդանյանը նշեց, որ վատ չէր լինի, եթե հանքերն ազգայնացվեին.«ՀՀ անկախության հռչակագրում գրված է, որ ընդերքը, ջուրը, օդը ժողովրդի սեփականությունն է, իսկ ժողովրդավարական երկիր կառուցելու համար գոնե ընդերքի օգտագործումը պետք է ազգայնացվի եւ ամբողջ շահույթը գնա պետական բյուջե, որից օգուտ կստանա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Մենք չենք ասում, որ բոլոր հանքերը փակվեն, բայց այն հանքերը , որոնք գտնվում են ջրհավաք ավազանում, հատուկ պահպանվող գոտիներում, դրանց շահագործումը պետք է արգելվի: Հանքերի օգտագործումով ստանում են գերշահույթ, մի քանի հոգի հարստանում է, իսկ մեզ թողնում են աղտոտված օդ ու ջուր»,-ասաց Ն. Վարդանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

