Լիլիթի «Օրագիրը» հանձնվեց ունկնդիրների դատին
Արխիվ 16-20Երգի պետական թատրոնում կայացավ ԼԻԼԻԹ ՄՌԱՎՅԱՆԻ «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապա համերգային երեկոն: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր եւ, կարծես, իր օրագիրը լինի:
Նշենք, որ ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթը, որպես իր ամենասիրելի երգեր, առանձնացրեց «Մայրիկը» եւ «Հայրիկը». «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս եւ ամեն անգամ մեծ հուզմունքով եմ կատարում»:
Ի դեպ, Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից եւ առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014թ-ին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահում՝ “Armenian Music Awards” ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:
Նա մասնակցել է «Окно в Европу», «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», «Звездопад талантов», «Ярославская мозаика», «Берега надежды», «Шоумир», «Золотая нота», «Международная ОЛИМПИАДА искусств» եւ այլ միջազգային մրցույթների ու զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի:
Թե որն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթն անկեղծացավ. «Քանի որ մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար հենց դա էլ գնահատվում է հանրության եւ մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարեւոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի անհնար է հաջողության հասնել»:
Պարզեցինք նաեւ, որ Լիլիթը բացի երգելուց, իր ուժերը փորձել է նաեւ դերասանական ոլորտում՝ նկարահանվելով ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում, ինչպես նաեւ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում:
Անդրադառնալով իր տեսահոլովակներին՝ Լիլիթ Մռավյանն ասաց, որ նկարահանել է երեք տեսահոլովակ՝ «Լիլի», «Տիեզերական արագություններ» եւ «Բարի լույս», որոնցից վերջինը՝ Հայաստանում:
Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ հավելեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում, որպեսզի հանդես գա նաեւ որպես հաղորդավար. «Երբ նկարահանում էինք իմ «Բարի լույս» տեսահոլովակը, ծանոթացա ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, որն ինձ առաջարկեց վարել ATV «Հայելուկ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագիծը: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը եւ սկսեցինք նկարահանել հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներին ու պատանիներին, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում»:
Իսկ վերջում Լիլիթը խոստացավ, որ ստեղծագործական անակնկալները դեռ առջեւում են, քանի որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաեւ նկարահանել տեսահոլովակներ: Ավելին՝ քանի որ Լիլիթը նվագում է ջութակ, դաշնամուր եւ տիրապետում հարվածային գործքիներից թմբուկին, երգչուհու երաժշտական պրոդյուսեր ԱԴԵԼԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ չբացառեց, որ ապագայում հնարավոր է հանդիսատեսը Լիլիթին բացահայտի նաեւ՝ որպես երաժշտի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

