Հայաստանում հանքարդյունաբերությունը հիմնված է կոռուպցիոն ռիսկերի վրա, որից օգտվում են միայն առանձին մարդիկ
Արխիվ 16-20Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանները շարունակում են մնալ իրենց կարծիքին եւ պնդել` հանքի շահագործումը խիստ վտանագավոր է: Բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ զարմանում է, թե նախկին կառավարությունը, մասնավորապես` բնապահպանության նախարարությունն ինչպես է թույլ տվել, ցիանի օգտագործումը, այստեղ դրա առկայությունը պետք է զգոն պահեր ղեկավարությանը. «Հանքերի շահագործման մասով մենք ունենք թերի օրենսդրական դաշտ: Նախ` այն պոչամբարները, որոնք թողնում են հանքերը, բոլորը մնում է պետության վրա: Այսպես ասած օդային կազմակերպություն բերեցին, որը պետք է գար եւ իր միջոցներով վերամշակեր եւ կորզեր այդ պոչանքներից ամեն ինչ , այնուհետեւ ռեկուլտիվացիա աներ եւ բերեր նորմալ վիճակի, ցավոք այդ ամենը պուչիկ էր, որը պայթեց եւ այսօր մենք կանգնած ենք այդ հարցի առաջ: Մինչեւ այս երկրում հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված չլինեն օրենսդրական փոփոխություններ, մենք չենք կարող որեւէ քայլ անել»,-ընդգծեց Ս. Ադամյանը: Ըստ նրա ՀՀ կառավարությունը պետք է ունենա քաղաքական կամք կասեցնելու Ամուլսարի շահագործման ծրագիրը: Բնապահպանը ուղիղ դիմեց ՀՀ վարչապետին, հորդորելով դրսեւորել քաղաքական կամք եւ թույլ չտալ, որպեսզի հանքը շահագործող մարդիկ ավերեն Հայաստանը. «Երբ տեսնում ենք, թե այդ հանքավայրը Ջերմուկ քաղաքից ինչ հեռավորություն վրա է, եթե նույնիսկ գիտնական չլինեն, կհասկանան որ դրա շահագործումը մահացու վտանգ է»:
«Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ անդրադառնալով հանքի շահագործման տնտեսական օգուտներին եւ վնասներին, նկատեց, որ Հայաստանը կլոնդակի նման երկիր են սարքել` դրսի համապատասխան ուժերը եւ ներսից մարդիկ, որոնք օգտվել են իրավիճակից. «Մեր ամբողջ հանքարդյունաբերությունը կազմում է մեր ՀՆԱ-ի 2,5-2,9 տոկոսը ոչ ավելի: Վնասը հսկայական է, սակայն պետության համար օգուտները քիչ են: Սա պարզապես կոռուպցիոն ռիսկերի վրա հիմնված մի հսկա ոլորտ է` առանձին մարդիկ հարստանում են եւ դրսի տարբեր կազմակերպությունների հետ կիսում են իրենց շահույթը: Իրոք, մեր ամբողջ օրենսդրությունն այնպես է արված, որ շատ շահավետ է դարձել, գալ երկիրը քանդել, օգուտը ստանալ եւ հեռանալ: Այս առումով վտանգները շատ են: Մասնագետները միաբերան ասում են, որ նույնիսկ եթե այսօր հանքը սկսի լիարժեք շահագործվել, ապա հետո հանքը փակելուց միշտ պետք է աշխատել, որպեսզի այդ թթվային դրենաժը ինչ-որ կերպ մեղմել»,-ասաց բնապահպանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

