«ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ Է ԹՈՂՆՎԵԼ 26,8 ՄԼՆ ԽՄ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈՒՐ»
Արխիվ 16-20Օգոստոսի 29-ին ԱԺ-ում ընդունվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրանով թույլ տրվեց սահմանված 170 մլն խմ-ից 40 մլն խմ ավելի ջուր բաց թողնել Սեւանա լճից: Մինչ այս պահը, որքա՞ն հավելյալ ջրառ է իրականացվել` հաշվի առնելով, որ գյուղացիները շարունակում են դժգոհել, որ ոռոգման ջրի խնդիրը, ինչպես որ ունեին մինչ ջրառ իրականացնելը, այնպես էլ՝ այսօր շարունակում են ունենալ: Այս եւ ջրառի հետ կապված այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ ղեկավար ԿԱՐԵՆ ԵՓՐԵՄՅԱՆԻՆ:
- Սեպտեմբերի 17-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 26 միլիոն 846 հազար խմ մետր ջուր:
- Ի՞նչ նպատակով է արդեն իսկ բաց թողնված ջրառը օգատագործվել եւ ի՞նչ արդյունքներ է տվել:
- Բաց թողնված հավելյալ ջրառի վերը նշված քանակը օգտագործվել է ոռոգման նպատակով: Գործընթացն այսպես է ընթանում` տարեսկզբին ՋՕ-ն մեզ ներկայացնում են իրենց ոռոգելի հողերը եւ ըստ դրա՝ որոշվում է ջրի պահանջարկը: Այնուհետեւ կնքվում է պայմանագիր` ջրառ ընկերության եւ ՋՕ ընկերությունների միջեւ, ապա համաձայն կնքված պայմանագրի՝ կատարվում են ջրբացթողումները:
- Ի՞նչ սկզբունքով եք որոշում ՋՕ-ի առաջնահերթությունը, քանի որ ներկա դրությամբ կան մարզեր, որտեղ ոռոգման ջրի խնդիրը դեռ արդիական է:
- Հավելյալ ջրառը տրամադրվել է Արտաշատ ՋՕ-ին, Երեւան ՋՕ-ին, Կոտայք ՋՕ-ին , Արագածոտն ՋՕ-ին եւ Էջմիածին ՋՕ-ին: Ընդգծեմ նաեւ, որ թվարկածս ոչ բոլոր ՋՕ-ներն են ամբողջությամբ սնվում Սեւանից: Օրինակ` Արագածոտն եւ Կոտայք ՋՕ-ներն ամբողջությամբ են սնվում Սեւանից, որովհետեւ այնտեղ նոր պոմպակայաններ չունենք: Մնացածը մասամբ են սնվում Սեւանից, ինչպես օրինակ` Արտաշատ ՋՕ-ն, որտեղ ունենք Ազատի ջրամբար եւ Մխչյանի պոմպակայանները, որոնց միջոցով մենք դոտացիա ենք տալիս, եւ Էջմիածին ՋՕ-ն, որն ունի Ռանչպարի պոմպակայանը, որին նույնպես դոտացիա ենք տալիս:

- Պարոն Եփրեմյան, ինչպե՞ս կբացատրեք, որ անգամ այս պահին, օրինակ, Հրազդանի տարածաշրջանում եւ Արտաշատի գյուղերում ոռոգման ջրի խնդրի մասին գյուղացիները շարունակում են բարձրաձայնել:
- Կոնկրետ այդ տարածքներում, չեմ կարծում, որ նման խնդիր դեռ լինի: Բայց եթե ինձ տրամադրեք կոնկրետ հասցեներ, ես կհանձնարարեմ, որպեսզի ՋՕ-երի միջոցով այդ հարցը կարգավորվի: Որովհետեւ նման խնդիր չպետք է լինի հավելյալ ջրառից հետո: Ջրառ ՓԲԸ-ն զբաղվում է ջրի տեղափոխմամբ, իսկ գյուղացիների խնդիրներով անմիջական զբաղվում են ՋՕ-ները` նրանք են գյուղացիների հետ պայմանագիր կնքում եւ մատակարարում իրականացնում: Ես կարող եմ այս տեղեկությունը եւս տալ. դեռեւս 2018 սկզբին պլանավորել էինք, որ 31 կվտ/ժ էներգիա, որը համարժեք է 800 միլիոն դրամի: Փաստացի սեպտեմբերի 17-ի դրությամբ մենք արտադրել ենք 47 միլիոն՝ 31 միլոնի փոխարեն: Եվ կանխատեսվող ծախսը մինչեւ սեզոնի վերջը կլինի 53 միլիոն:
- Կարո՞ղ եք ասել՝ կոնկրետ հավելյալ ջրառի արդյունքում որքա՞ն հավելյալ էլեկտրաէներգիա է արտադրվել:
- Այդ հարցին կդժվարանամ պատասխանել, դրանով «Միջազգային էներգետիկ կորպորացիան» է զբաղվում. Սեւանից ջուր տեղափոխելու այդ ջրանցքը պատկանում է տվյալ ընկերությանը: Եվ այդ ջրանցքի վրա իրենք ունեն հեկ-եր, որոնք էլ հոսանք են արտադրում: Բայց ես նման ինֆորմացիա չունեմ՝ արտադրվե՞լ է լրացուցիչ էլեկտրաէներգիա, թե՝ ոչ, եւ առհասարակ, նման նպատակ կար` ջրառի հետ կապված:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

