ՉՆԱՅԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՄԱՆԸ` ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ
Արխիվ 16-20Դեռ այն ժամանակահատվածում, երբ օրակարգ բերվեց գազալցակայաններում գազի վաճառքը ճնշման փոխարեն քաշով իրականացնելու նախագիծը, Փաշինյանն անձամբ էր վստահեցնում, որ դա վարորդների գրպանի վրա որեւէ ազդեցություն չի թողնելու: Օրինակ, ապրիլի 4-ի կառավարության նիստում նա հայտարարեց. «Գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»:
Դրանից մոտ մեկ ամիս անց որոշումն ուժի մեջ մտավ. գազը սկսեց վաճառվել կիլոգրամներով: Եվ անմիջապես էլ պարզ դարձավ, Փաշինյանի ասած, «մանիպուլյացիաների» իրական իմաստը. բազում էին բողոքները, որ գազը թանկացել է, այն էլ՝ 10-20 տոկոսով: Օրերս այդ հարցով ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը Փաշինյանին հարց ուղղեց. «Կառավարությունը մեզ հավաստիացրեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: Բայց մայիսին գազալցակայաններում գազի գինը թանկացել է 10-20%-ով: Կա՛մ կառավարությունն այս ամբիոնից մեզ ապատեղեկատվություն տվեց, կա՛մ չկարողացավ տիրապետել իրավիճակին...»: Վարչապետն էլ իր պատասխանում իր հերթին, ըստ էության, ընդունեց, որ չնայած իր իսկ խոստումներին, թանկացում կա: Բայց փորձեց մեղմել վիճակը. «Ինձ հավաստիացրել են, որ բոլոր հաշվարկները ճիշտ են: Գազալցակայանների 70 տոկոսում խնդիր չկա, այն առկա է մնացած հատվածում: Հանձնարարել եմ, որ շուկայի վերահսկողական տեսչությունն ավելի խորն ուսումնասիրի հարցը: Ինձ խոստացել են մեկ շաբաթում պատասխանել եւ վստահեցրել են, որ իրենց հաշվարկները ճիշտ էին, գազի գինը չպետք է թանկանար»:
Իհարկե, առնվազն տարօրինակ էր, Փաշինյանի ասած, 70 տոկոսը. եթե գիտեն, թե գազալցակայանների որ մասում «խնդիր չկա», նշանակում է, որ ուսումնասիրել են, այսինքն՝ գիտեն նաեւ, թե որ մասում խնդիր կա: Իսկ եթե ուսումնասիրել են, կոնկրետ գազալցակայանում թանկացում տեսել, ու վիճակը այդ պահին կարգավորված չէր, ապա պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Մյուս տարբերակը. չեն ուսումնասիրել, եւ վարչապետը «աչքաչափով» է 70 տոկոսի մասին խոսում: Բայց ինչո՞ւ 70, եւ ոչ թե 50 կամ 20. եթե չկա ուսումնասիրություն, ինչպե՞ս է վարչապետն ԱԺ ամբիոնից թիվ ներկայացնում: Բայց սա էլ մի կողմ: Վարչապետի այդ հայտարարությանը գրեթե զուգահեռ մենք էլ որոշ ուսումնասիրություններ արել էինք՝ առանց երկար որոնելու հայտնաբերելով մի շարք գազալցակայաններ, որտեղ թանկացումն ակնհայտ էր: Նախօրեին, այսինքն՝ վարչապետի հայտարարությունից մի քանի օր անց եւս մեկ նման ուսումնասիրություն իրականացրին՝ պարզելու համար, թե ինչ-որ բա փոխվե՞լ է: Ոչ մի բան, այն բոլոր գազալցակայաններում, որտեղ թանկացում էինք արձանագրել, ոչինչ էլ փոխված չէր: Բերենք կոնկրետ օրինակ՝ մեկնաբանելով նաեւ, թե ինչն է վկայում թանկացման մասին: Նախ. Աշտարակի կամրջի հարեւանությամբ գտնվող գազալցակայանում դեռ անցած շաբաթ լիցքավորել էինք կոնկրետ ավտոմեքենան, որը նախկինում եւս այստեղ լիցքավորվել էր: Այսպես, եթե մինչ փոփոխությունը պետք էր վճարել մոտ 4000-4200 դրամ, այս անգամ վճարեցինք 4550 դրամ: Բայց ամենակարեւորը, որը վկայում է գոնե այդ գոտում թանկացումների համատարած բնույթի մասին: Լուսանկարում այդ գազալցակայանն է, որի մոտ դեռ նշված է նախկին գինը, երբ վաճառքն ըստ ճնշման էր. 170 դրամ: Հազարավոր վկայություններ կարելի է բերել, որ նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում գները տատանվում էին 210-220-ի սահմաններում, այսինքն՝ նշված եւ այդ հատվածի գործնականում բոլոր գազալցակայաններում գազը մայրաքաղաքի համեմատ վաճառվում էր 40-50 դրամով էժան: Ավելին, այդ պահին կային գազալցակայաններ, որտեղ սահմանված էր 160 դրամ գին: Եվ ահա, ինչպես ցույց է տալիս նույն գազալցակայանից մեզ տրամադրված կտրոնը, գազն այնտեղ արժե 1 կգ-ն 300 դրամ: Դիտարկեցինք նաեւ մայրաքաղաքի մի շարք գազալցակայաններ. բոլոր դեպքերում էլ գինը նույնն էր՝ 300 դրամ: Այսպիսով, մինչ թանկացումը եղած 40-50 դրամ գնի տարբերությունը փոփոխությունից հետո վերացել է, եւ դա փաստ է, որ նշված գոտում եղել է թանկացում: Թե ինչու էր այն ժամանակ գազն այնտեղ էժան մայրաքաղաքի գներից, կարելի է տարբեր բացատրություններ բերել: Սկսած նրանից, որ էժան գինը ֆիկցիա էր, խաբեություն, որ մի գին նշել են, այլ գնով վաճառել, վերջացրած, որ գինն էժան են պահել հարկեր չվճարելու հաշվին: Թեեւ այս վերջին վարկածը տարօրինակ կլիներ նրանով, որ մայրաքաղաքի գազալցման ցանցերը շատ ավելի լավ կարող էին հարկեր չվճարել, այսինքն, այստեղ գինը մի բան էլ էժան պետք է լիներ: Սակայն կա մեկ տրամաբանական բացատրություն. մայրաքաղաքում շատ ավելի բարձր հարկա-տուրքային ռեժիմներ են, քան մարզերում, եւ այդ հաշվին մարզային գազալցակայաններում ավելի ցածր գին պահելու հնարավորություն կար: Այդ՝ հարկա-տուրքային ռեժիմների փոփոխություն չկա: Չնայած կա, մայրաքաղաքում, եթե հիշում ենք, այս տարվա բյուջեի ընդունմանը զուգահեռ, գազալցակայանների տուրքերն էլ բարձրացրին, այսինքն՝ մարզերի համեմատ տարբերությունը դեռ մի բան էլ աճեց: Արդյունքում, որեւէ դեպքում չէր կարող մարզային գազալցակայանների գները հավասարվել մայրաքաղաքայինին, որեւէ տեսանելի հիմք չկա: Բայց փաստը ֆիքսեցինք՝ հավասարվել են: Թե ինչ հետեւության կարելի է հանգել, շատ պարզ է: Այսպիսով, ներկայացրինք կոնկրետ հատված, որտեղ թե՛ վարչապետը, թե՛ ՊԵԿ-ը եւ թե՛ մյուս պատկան կառույցները կարող են գտնել, Փաշինյանի ասած, այն 30 տոկոս գազալցակայանները, որտեղ «խնդիր կա»: Դեռ մնանք այն մտքին, որ պարզապես որոշել են կառավարության քայլի հիման վրա ձեռքերը տաքացնել: Բայց էլի ենք ուսումնասիրելու, եւ եթե հարցը չլուծվի, թանկացումը չկանխվի, արդեն մեկ բան միանշանակ կդառնա. թանկացման մեղավորությունը գալիս է կառավարությունից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

