ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք չենք ասում, որ Հայկ Բաբուխանյանը հիմնադրամի հետ սերտ հարաբերություն ունի, հիմնադրամի գաղափարակիցն է. Մինասյանի ներկայացուցչի ինքնախոստովանությունը

04.03.2020 14:27 Հրապարակումներ
Մենք չենք ասում, որ Հայկ Բաբուխանյանը հիմնադրամի հետ սերտ հարաբերություն ունի, հիմնադրամի գաղափարակիցն է. Մինասյանի ներկայացուցչի ինքնախոստովանությունը

«Բաց հասարակություն» հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը` ի թիվս այլ ինքնախոստովանական հայտարարությունների մեկ ուշագրավ փաստ եւս արձանագրեց իր խոսքում: Մասնավորապես, պնդելով դատաձեռագրաբանական փորձաքննություն դեմ առարկությունը պատասխանող կողմի ներկայացուցիչը հետեւյալ ուշագրավ միտքը հնչեցրեց.«Մենք չենք ասում, որ Հայկ Բաբուխանյանը հիմնադրամի հետ սերտ հարաբերություն ունի: Հարցն այն է, որ հայցվորը մեկնել եւ մասնակցել է վերոնշյալ սեմինարին»: Այսինքն, հիմա էլ հերքում են իրենք իրենց, քանի որ չի կարող լինել սորոսական մեկը, ով իրենց հետ «սերտ հարաբերություններ չունի»:

Այդ կապակցությամբ Հայկ Բաբուխանյանը ասաց.«Զարմացած եմ կողմի միջնորդությունից, որովհետեւ ես երբեք չեմ ասել, որ չեմ մասնակցել Բուդապեշտում կայացած այդ գիտաժողովին: Եվ իմ մասնակցությունը դրան, որեւէ կապ չունի այս դատավարության հետ: Մենք բողոքում ենք հետեւյալը, որ Ջորջ Սորոսի ներկայացուցիչը Հայաստանում ինձ անվանարկել է` անվանելով «սորոսական», դա վիրավորանք է ինձ համար: Երկրորդ, Լարիսա Մինասյանը` ի պատասխան լրագրողի այն հարցին, թե, այսպես կոչված, սորոսականները նրանք են, ովքեր պետական շահը առաջ չեն տանում, այլ Ձեր հիմնադրամի սկզբունքներն են փորձում ներկայացնել` Մինասյանը պատասխանել է «Սորոսականը Ձեր սահմանումով Հայկ Բաբուանյանն է» ապա կրկին նշելով. «Ես թվարկում եմ այն մարդկանց, որոնք Ձեր սահմանումով սորոսական են»: Սա զրպարտանք է, ես երբեւէ իմ երկրի պետական շահը չեմ ստորադասել եւ երբեք տվյալ հիմնադրամի սկզբունքները չեմ փորձել ներկայացնել: Ես նորից եմ կրկնում ես 20 տարի առաջ ստացել եմ հրավեր COLPI կազմակերպությունից` հրավերի մեջ նշված էր, որ գործուղման ողջ ծախսերը նրանք վերցնում են  իրենց վրա: Հիմա դժվար է հիշել բոլոր մանրամսները, բայց ասենք ես գնացել եմ բանկ եւ ստացել գործուղման տոմսի գումար` առհասարակ չհետաքրքրվելով, թե այդ գումարը ինչ հաշվից է ինձ տրված, որովհետեւ ես ունեմ հրավերք, Ազգային ժողովից ինձ գործուղել են, տեղեկացրել, որ պետք է ստանամ գումար եւ փոխանցեմ աշխատակազմին տոմս ձեռք բերելու համար, ինձ այլ բան չէր հետաքրքում:  Ի դեպ ասեմ, որ «Բաց հասարակություն» հիմնադրամը ստեղծվել է 1997թվականին, իսկ այս գործողումը եղել է 2000թվականին: Այն ժամանակ քչերը գիտեին, որ «Բաց հասարակություն» հիմնադրամը եւ Սորոսի ֆոնդը` նույն բանն են: Հիմա, ես ուզում եմ հասկանալ, եթե ես, ասենք, բանկից տոմսի գումար եմ ստացել (ինչը 20 տարի անց բնականաբար չեմ հիշում) , ապա դրանից բխում է, որ ես պետական շահը առաջ չե՞մ տանում, այլ հիմնադրամի սկզբունքներն՞ եմ փորձում ներկայացնել առաջնային: Սա ի՞նչ կապ ունի այդ տոմսի  հետ: Ես նորից եմ կրկնում` երբեւէ չեմ դիմել տվյալ հիմնադրամին, որեւէ կապ չեմ ունեցել»:

Անդրադառնալով Հայկ Բաբուխանյանի կողմից մատնանշած Լարիսա Մինասյանի` ի պատասխան լրագրողի հնչեցրած հարցին, պատասխանող կողմի նեկայացուցիչը արեց հաջորդ ինքնախոստովանական հայտարարությունը դիմելով Հայկ Բաբուխանյանին ասաց.«Մենք չենք ասում, որ Դուք պետական շահը առաջ չեք տանում: Ավելին, Ձեր մասնակցությունը այն ժամանակ տվյալ սեմինարին` մենք գտել ենք շատ դրական պետության զարգացման համար, դա միանշանակ է: Մենք չենք ասում, որ Դուք հիմնադրամի գաղափարակիցն եք, ո՛չ Դուք ունեք Ձեր գաղափարը»: Այսպիսով սորոսականները երկրորդ անգամ փաստեցին, որ Հայկ Բաբուխանյանը չի կարող լինել սորոսական, քանի որ չի կիսում իրենց գաղափարները:

Այս ամենից հետո ՍԻՄ նախագահը նկատեց.«Այսինքն Դուք պնդում եք, որ իմ գործուղումը պետության ոչ թե վնաս էր, այլ օգուտ: Հիմա եթե Ձեր հիմնադրամի ղեկավարը լրագրողի հարցին սխալ է պատասխանել, ապա ես ի սկզբանե ասել եմ, թող հրապարակային ներողություն խնդրի տիկին Մինասյանը եւ այս դատավարական վեճն ավարտվի»:

Նախագահող դատավորի հարցին արդյո՞ք հայցվոր կողմը գտնում է, որ Լարիսա Մինասյանը միտում է ունեցել վիրավորել Հայկ Բաբուխանյանին վերջինս պատասխանեց. «Այ՛ո, միտում կար` ինչո՞ւ: Որովհետեւ 1997թվականից մինչ օրս Սորոսի հիմնադրամը ՀՀ-ում բաժանել է 52 միլիոն դոլար գումար: Այդ 52 միլիոն դոլարի մեջ, սակայն, չգիտես ինչու, Լարիսա Մինասյանը հայտնաբերեց պայմանականորեն իբր ինձ տրված 480 դոլարը եւ իր ասուլիսի ժամանակ հնչեցրեց իմ անունը: Որպեսզի գտնի ինձ վրա ինչ-որ մի բան` Մինասյանը քսան տարի հետ գնաց, որպեսզի հայտնաբերի չնչին մի գումար եւ հայտարարի, որ Բաբուխանյանը սորոսական է եւ ծառայում է մեզ` ոչ թե պետությանը: Երկրորդ ապացույցը, որ դա իր կողմից միտում է, որ վերոնշյալ ասուլիսից հետո` Մինասյանը   կրկին ասուլիս է տալիս եւ նորից հնչեցնում իմ անունը: Սա փաստում է, որ մենք գործ ունենք Սորոսի միտումնավոր քաղաքականության հետ, որի նպատակն է ՀՀ-ում լռեցնել այն ազգային գործիչներին, ովքեր հանդես են գալիս բացահայտելու Սորոսի հիմնադրամի վտանգավոր, հակազգային, հակահայկական լինելու փաստը: Լռեցնել նրանց եւ, ըստ էության, հետապնդել քաղաքական առումով»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Տեղեկացնենք ընթերցողին, որ սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 16-00-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА