ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկախությունը ոչ թե սոսկ ձեւական շապիկ է, այն ունի իր խորքային իմաստը եւ բովանդակությունը

29.05.2020 14:19 Հայտարարություններ
Անկախությունը ոչ թե սոսկ ձեւական շապիկ է, այն ունի իր խորքային իմաստը եւ բովանդակությունը

ՍԻՄ կուսակցության նախագահի ուղերձը անկախության վերականգնման տոնի կապակցությամբ

Հարգելի հայրենակիցներ

<Սահմանադրական իրավունք միություն> կուսակցության անունից շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության վերականգնման տոնի կապակցությամբ։

Դարերի ընդհատումից հետո, 102 տարի առաջ մեր փառապանծ նախնիներին` իրենց անմնացորդ նվիրումի եւ ինքնազոհողության գնով, մեր պատմական հայրենիքի` Ռուսական կայսրության մեջ պահպանված մի մասի վրա հաջողվեց վերականգնել մեր երկրի անկախությունը։ Հայ ազգը կրկին  վերականգնեց իր պետականաստեղծ ժողովրդի կարգավիճակը,  եւ արդեն 102 տարի մենք ապրում ենք մեր պետության մեջ, որի համար պետք է փառք տանք 1918 թվականի Սարդարապատյան, Բաշապարանյան եւ այլ հերոսական ճակատամարտերի զորավարներին ու մասնակիցներին, Հայաստանի անկախությունը վերականգնող  պետական այրերին։ Ցավոք սրտի, այդ դժնդակ տարիներին Թուրքիայի եւ նրան աջակցող կովկասյան թաթարների ագրեսիայի հետեւանքով, մեծ պետությունների շահերի  հակասությունների եւ Հայաստանի  անփորձության ու արտաքին քաղաքական սխալների արդյունքում, իսկ որոշ դեպքերում` նաեւ դավաճանության պատճառով այդ տարիներին չհաջողվեց պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ մեր տարածքների մեծ մասը մինչ օրս գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օկուպացիայի ներքո։

Խոսելով անկախության եւ ինքնիշխանության մասին` այսօր մենք պետք է սթափ գիտակցենք ներկայիս սերունդների պատասխանատվությունը պետականությունը  եւ ինքնիշխանությունը պահպանելու, ամրացնելու, զարգացնելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու առումով։ Պետք է հասկանալ, որ անկախությունը  ոչ թե սոսկ ձեւական շապիկ է, արտաքին փաթեթավորում, այլ այն ունի իր խորքային իմաստը եւ բովանդակությունը։ Անկախությունը` ազգային իշխանությունն է եւ ոչ թե սորոսական դրածոների հավաքածու։ Անկախությունը` ազգային գաղափարախոսությունն է, ազգային արժեհամակարգը, ինքնիշխան եկեղեցին, դրանց վրա հիմնված կրթությունը եւ գիտությունը, մշակույթը եւ հանրային բարոյականությունը։ Անկախությունը` հզոր բանակն ու տնտեսությունն է, ինքնիշխան արտաքին քաղաքականությունն է, որտեղ ընտրելով մեր ազգային շահերին եւ քաղաքակրթական արժեքներին համահունչ դաշնակիցներին, հնարավորություն է ստեղծվում էլ ավելի բարձրացնել ազգային ինքիշխանության մակարդակը։ Այս առումով կարեւոր է սերտել պատմության դասերը, չկրկնել նախկին սխալները, որպեսզի զերծ պահել երկիրը ծանր հարվածներից ու ցնցումներից, թույլ չտալ մեր թշնամիների ծրագրերի իրականացումը, որոնք նախատեսում  են  հայ ժողովրդի վերջնական ցեղասպանությունն ու աշխարհի քարտեզից մեր երկրի ոչնչացումը։

Ցավոք սրտի, ներկայումս  Հայաստանը հայտնվել է պետականության կորստի եզրին։ Իշխանությունը զավթած արեւմտասորոսական ուժերը իրենց հակազգային ծրագրերով ու անգրագետ գործելաոճով կարճ ժամանակում երկրը հասցրել են սարսափելի ճգնաժամի։ Առողջապահական համակարգը փլուզված է, համավարակի տվյալներով մենք ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում ամենախայտառակ ցուցանիշներն ենք գրանցում։ Զուգահեռաբար իշխանությունների անգրագետ, իրարամերժ քայլերի արդյունքում արագ տեմպերով քայքայվում է տնտեսությունը, որտեղ բոլոր ցուցանիշները գրանցում են հսկայական անկում` ժողովրդին հասցնելով զանգվածային աղքատության ու հուսալքության դուռը։ Իշխանությունը զավթած խունտայի սոցիալական քաղաքականությունը որեւէ շոշափելի աջակցություն չի ցուցաբերում աղքատացած, գործազրկության մեջ գտնվող մարդկանց։ Դրա փոխարեն երկրում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան, բյուջեի աննպատակ ծախսումը, երբ հսկայական գումարներ են վատնվում իշխանավորների պարգեւատրումների, անիմաստ գործուղումների, վայելքների վրա։ Երկիրը ներգրավվել է միջազգային մաֆիոզ քրեական համակարգերի մեջ` կորցնելով իր միջազգային վարքը եւ հեղինակությունը։ Զուգահեռաբար տապալված է արտաքին քաղաքականությունը, Արցախի եւ Ցեղասպանության հարցերի միջազգային առաջխաղացումը, ծածուկ եւ վտանգավոր բանակցություններ են վարվում Արցախի հարցի վերաբերյալ։ Միաժամանակ, երկրի ներսում խունտան շարունակում է ազգային եւ ըմդդիմադիր ուժերի հետապնդման ապօրինի հաշվեհարդարները, խայտառակ հակաիրավական դատավարությունները եւ հակասահմանադրական  սանձազերծ գործընթացները։ Օգտվելով ապօրինի արտակարգ դրությունից` խունտան արագացված տեմպերով քայքայում է մեր ազգային արժեհամակարգը, շարունակում հարվածներ հասցնել ազգային մշակույթին, խորտակում է ազգային կրթությունը, գրոհում է ազգային եկեղեցու դեմ։

Կասկածից վեր է,որ ապազգային խունտայի վերոհիշյալ գործողությունները երկրի անգամ գոյության փաստը դնում են կասկածի տակ։ Հետեւաբար, այս փուլում բոլոր ազգային ուժերը պետք է միավորվեն ազգային փրկության ծրագրի շուրջ եւ ձեւավորեն հակաճգնաժամային ճակատ, որը վերջ կդնի  ապազգային եւ հակասահմանադրական կառավարմանը։ Երկիրը հետ կքաշի ոչնչացման եզրագծից, կձեւավորի ազգային միասնություն, կվերականգնի խաթարված ազգային արժեհամակարգը, Հայաստանի միջազգային վարքը, իրավական կարգ ու կանոնը, օգնության ձեռք կմեկնի աղքատության, գործազրկության ու համավարակի մեջ տանջվող ժողովրդին եւ պատասխանատվության կստանձնի երկրի եւ ազգի ներկայի ու ապագայի համար։

Կեցցե՜ անկախ, ինքնիշխան, միացյալ Հայաստանը, կեցցե՜ հայ ազգը, ազգային միասնությունը, ազգային արժեքներն ու բարոյականությունը, ազգային մշակույթն ու եկեղեցին։

<Սահմանադրական իրավունք միություն> կուսակցության նախագահ` Հայկ Բաբուխանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА