ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լակոտ-լուկուտների, գյադաների հետ աշխարհում ոչ ոք հաշվի չի նստում. Բաբուխանյան

03.07.2020 22:49 Հրապարակումներ
Լակոտ-լուկուտների, գյադաների հետ աշխարհում ոչ ոք հաշվի չի նստում. Բաբուխանյան

 ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գնահատմամբ` այս կորոնավիրուսային խայտառակության համար պատասխանատու են միայն ու միայն Փաշինյանն անձամբ, իր առողջապահության նախարարն ու ամբողջ իշխանությունը: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք TV»-ի զրույցը նրա հետ:

«ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՐ, ԲԱՅՑ ԲԱՆՏԱԽՑԻՑ»

– Պարոն Բաբուխանյան, արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով, իսկ կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թիվն օր օրի շարունակում է աճել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ակնհայտ է, որ այս իշխանությունն առնվազն ոչ կոմպետենտ է: Ինչպես հիշում եք, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի, այս իշխանությունը զբաղված էր հանրաքվեի շուրջ թռչկոտելով, միտինգներ կազմակերպելով, մետրոյում բուկլետներ բաժանելով եւ այլն: Այսօր էլ չկա որեւէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի կորոնավիրուսի դեմ պայքարին: Ուրիշ երկրներում կառուցում են նոր հիվանդանոցներ, բանակի միջոցով կառուցվում են հոսպիտալներ: Մինիմալն եմ ասում` փողոցում, կանգառներում, մուտքերում, խանութներում ընդհանրապես չի կազմակերպվում անգամ ախտահանում: Տրանսպորտի վիճակը խայտառակ է, այսպիսի տրանսպորտով չեղած տեղը կորոնավիրուս կառաջանա, երբ մարդիկ խցկված են երթեւեկում, ու չկան նորմալ ավտոբուսներ, որտեղ հնարավոր կլիներ պահպանել միմյանցից հեռավորություն: Կորոնավիրուսը խնդիր է դարձել այս իշխանությունների խայտառակ անգործության, իսկ որոշ դեպքերում` կասկած կա, որ միտումնավոր գործողությունների հետեւանքով: Այն անձը, որն այսօր զբաղեցնում է առողջապահության նախարարի պաշտոնը, նախկինում Հայաստանում զբաղված էր հակապետական, հակազգային «Գարդասիլ» ծրագրով, որը միջազգային մաֆիայի միջոցով տարբեր երկրներում հանգեցրել է խայտառակ իրավիճակների ու մահերի:

– Ամեն դեպքում, այսօրվա իրավիճակի համար առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանն արդեն ներողություն է խնդրել` ընդունելով, որ իսկապես եղել են բացթողումներ:

– Նա պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից, որովհետեւ, որպես նախարար, սկզբից միտումնավոր կազմակերպել է անգործությունն իր համակարգի, ոչնչացրել է լավագույն կադրերին, հեռացրել է աշխատանքից լավագույն փորձված մեր բժիշներին, առողջապահության համակարգի ղեկավարներին, որոնք տասնյակ տարիների կազմակերպչական եւ պրոֆեսիոնալ փորձ ունեին: Իսկ նրանց տեղը բերել է չգիտեմ ում բարեկամ-ծանոթներին, անփորձներին: Սկսել է փակել բուժհիմնարկները, ոչնչացրել բուժկառույցները` ՁԻԱՀ-ի հիվանդանոցը, ծննդատներ եւ այլն: Եվ ամենամեծ խայտառակությունն այն է, որ պարզվեց` այսքան ծանր վիճակում, երբ մարդիկ չեն կարողանում նույնիսկ ստանալ թեստավորում, էլ չեմ ասում` բուժօգնություն, բազմաթիվ կլինիկաներում, որտեղ կային մեծ հնարավորություններ, բայց իրենց ծանոթ-բարեկամների կլինիկաները չէին` թե՛ մասնավոր, թե՛ համալսարանական, այնտեղ հիվանդների բուժում չի իրականացվում: Այսինքն` այստեղ եւս կոռուպցիա կա:

«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է»

– Ի դեպ, կոռուպցիայի մասին. վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ եղան թե՛ ծխախոտի մաքսանենգության, թե՛ զենքի եւ ադամանդի վաճառքի մասին, որոնք առնչվում են այս իշխանության հետ: Ի՞նչ ազդեցություն այն կունենա արտաքին քաղաքականության վրա:

– Հայաստանի վարկը միջազգային առումով այնքա՜ն է նսեմացվել. Խոսում էին հպարտ արտաքին քաղաքականության մասին, այդ «հպարտությունը» միայն ռուսների դե՞մ էր բռնել: Ասօր հասել ենք նրան, որ Վրաստանն է ասում` եկեք օգնենք այս խեղճ պետությանը: Կոռուպցիան եւ պետական միջոցների վատնումն արդեն փաստ է: Միայն այդ անիմաստ, հիմար հանրաքվեի վրա արդեն իսկ ծախսվել է պետական բյուջեից 125,5 միլիոն դրամից ավել:

– Ընդ որում` մի հանրաքվեի համար է այդքան գումար ծախսվել, որը չեղարկվեց...

– Այսինքն` անձամբ Նիկոլի, իր նախարարների ու կառավարության մեղքով հսկայական գումարներ վատնվեցին: Վատնվեցին ոչ միայն հսկայական գումարներ, այլեւ` ժամանակ, երբ պետք էր պատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս գումարներով կարելի էր հիվանդանոց կառուցել, համապատասխան ապարատներ բերել` հիվանդներին օգնելու համար, ժամանակին թեստեր բերել երկիր: Մինչդեռ այսօր առողջապահական համակարգը քայքայված է, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն կամ գոնե թեստավորվել: Ասում են` գնացեք, տներում բուժվեք:

– Իսկ ո՞վ է մեղավոր Նախիջեւանի հետ սահմանում տեղի ունեցած դիրքային  փոփոխությունների համար: «Իրավունքը» այդ մասին գրում էր դեռեւս երկու տարի առաջ, սակայն հիմա նոր-նոր սկսել են խոսել այդ մասին: Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովում մի քննիչ հանձնաժողով էլ սրա համար պետք է ստեղծել:

– Այո, երկու տարի առաջ այս օրերին բարձրաձայնողը մենք էինք: Նախիջեւանի ուղղությամբ 11 հազար հեկտար կորստի մասին է խոսքը: Այդ դիտակետերը գրավեցին ադրբեջանցիները եւ այսօր հնարավորություն ունեն Երեւան-Գորիս մայրուղին, որը կապում է ամբողջ Սյունիքը Արարատյան դաշտավայրի եւ մնացյալ Հայաստանի հետ, նշանառության տակ պահել: Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը լռում էր, ասում էր` ոչինչ չկա, նորմալ է, իրենց հողն է: Այսօր բերաններին փրփուրներ առած, վրդովված որոշ քաղաքական գործիչները այն ժամանակ լռում էին: Բա ինչո՞ւ ձայն չհանեցիք, ինչո՞ւ չմիացաք մեզ: Չէ՞ որ մենք բարձրաձայնում էինք հարցը, որ սա ազգային դավաճանության խնդիր է: Այն ժամանակ բոլորը ծափ էին տալիս Նիկոլին ու սպասում էին, թե ում որ պաշտոնին կնշանակի: Այսօրվա խորհրդարանը խայտառակություն է, թյուրիմացություն, այն ինչպե՞ս կարող է հարց քննել, այն պետք է օր առաջ լուծարվի: Այս Ազգային ժողովը տապալել է պառլամենտական դիվանագիտությունն ամբողջությամբ, մինչդեռ այն շատ նուրբ, զգայուն եւ պրոֆեսիոնալիզմ պահանջող աշխատանք է: Լակոտ-լուկուտների, գյադաների հետ աշխարհում ոչ ոք հաշվի չի նստում:

«ՆԻԿՈԼԸ ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՉԻ ՇԵՂՎԵԼ, ՄԻՇՏ ԱՐԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՄԵՆՔ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

– Եթե երկու տարի առաջ շատերի լռում էին, ապա այսօր «փրկիչների» պակաս չկա քաղաքական դաշտում: Բոլորը մեղադրում են իշխանությանը, բոլորը զբաղված են կոնսոլիդացիաներով ու կոնսուլտացիաներով: Կան նաեւ կոնկրետ առաջարկներ` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է` պետք է հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձեւավորել, իսկ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջարկում էր «Իմ քայլին» հենց իրենց թիմից ընտրել նոր վարչապետի: Ո՞րն է Ձեր տեսլականը:

– Այս խունտան, որը հակասահմանադրական ճանապարհով զավթել է իշխանությունը, պետք է հեռանա: Նրանց մեկ րոպե շուտ հեռանալը մեր ժողովրդի, մեր երկրի համար նշանակություն ունի, որովհետեւ սրանք մեր պետականությունը տանում են ոչնչացման: Ինչ վերաբերում է այն առաջարկներին, թե այդ նույն խունտայից մեկ ուրիշը գա, կարծում եմ` այս խունտան պետք է հեռանա 100 տոկոսով: Բոլոր այն մարդիկ, ովքեր այդ քաղաքական կուրսի, այս խայտառակության կրողներն են, պետք է հեռանան: Եվ կարեւոր չէ`  Պողոսն  է, թե Նիկոլն է վարչապետ, նրանք բոլորն են այդ վնասակար կուրսի եւ հակազգային գաղափարախոսության կրողները: Նրանք բոլորն են անփորձ եւ անպատրաստ ու այդ սորոսական համակարգերի մեջ ներգրավված: Իսկ ինչ վերաբերում է նոր ծլող «փրկիչներին», ապա պետք է հիշել, որ երկու տարի առաջ, երբ այս խունտան զավթում էր իշխանությունը, կային երեք տիպի քաղաքական միավորներ. մի խումբը լռում էր, մյուս խումբը, ինչպես, օրինակ, ՍԻՄ-ը բարձրաձայնում էր ու զգուշացնում, որ գալիս են վնասարարներ, ովքեր հակազգային գաղափարախոսություն ունեն եւ կոչնչացնեն մեր արտաքին քաղաքականությունը, Արցախը կդնեն վտանգի տակ, քանի որ կառավարման, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման, քաղաքական աշխատանքի որեւէ փորձ չունեն, եւ կար երրորդ խումբը, որը ծափահարում, աջակցում, միանում էր եւ նրանց կամքը կատարում.

– Գուցե իրենք էլ սխալվեցին: Չէ որ ժողովուրդն էլ  երկու տարի առաջ անվերապահ հավատում էր, հիմա սթափվել է ու հիասթափվել օրվա իշխանությունից:

– Ժողովուրդը կարող է եւ սխալվել, հեռատես չլինել, չխորանալ քաղաքական գործընթանցերի մեջ: Բայց եթե քաղաքական գործիչը սխալվել է, չի տեսել, թե այս ուժը քաղաքականապես կարո՞ղ է ստանձնել երկրի ղեկավարությունը եւ ստանձնելով` ո՞ւր է տանելու երկիը, ինչի՞ է հասցնելու, ուրեմն` պրոֆեսիոնալ չէ: Այդ քաղաքական գործիչն առնվազն պետք է ներողություն խնդրի ժողովրդից, որովհետեւ նա էր ժողովրդին կոչ անում` գնացեք, պաշտպանեք Նիկոլին: Իսկ գուցե խնդիրը ոչ թե ոչ պրոֆեսիոնալիզմի, այլ պարզապես հարմարավետության մե՞ջ էր: Չէ՞ որ այն ժամանակ Նիկոլին քննադատելը, ինչպես մենք էինք քննադատում, նշանակում էր դառնալ գործազուրկ` քո ամբողջ շրջապատով: Չէ՞ որ սա նշանակում էր հարվածներ, հարձակումներ, այդ թվում` կյանքի սպառնալիք կար եւ ոչ միայն քննադատող քաղաքական գործիչների, այլ անգամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Իսկ շատերին հարմարավետ էր ասել` այո, Նիկոլի հետեւից գնացեք: Իսկ հիմա ասում են` Նիկոլը դե շեղվեց. Նիկոլը ոչ մի բանից չի շեղվել, արել է այն, ինչ միշտ է արել, ինչի մասին մենք զգուշացրել ենք ժողովրդին:

«ԱՅՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿԵԼ»

– Այլեւս արտակարգ դրությամբ` հնարավոր չէ զսպել քաղաքական զարգացումները: Ըստ Ձեզ` այն կիրառվում են քաղաքական դրսեւորումները լռեցնելո՞ւ, թե՞ այն արվում էր մի շարք խնդրահարույց օրենքներ, այդ թվում` Լանզարոտի կոնվենցիան ընդունելու համար: Չէ որ մարդիկ լիարժեք չէին կարող բողոքի ցույցեր, ակցիաներ անել, քանի որ արգելված է:

– Նախ արտակարգ դրություն իրենց ուղեղներում պետք է մտցնեին, ոչ թե դրանով կանխեին քաղաքական դրսեւորումները: Միանշանակ եւ անկասկած քաղաքական դրդապատճառներով է արվում այս ամենը, այդ թվում` Գ. Ծառուկյանի հանդեպ: Ի դեպ, երբ կգա նորմալ իշխանություն մեր երկրում, այս ընդունած բոլոր օրենքները պետք է չեղարկել, որովհետեւ այս խորհրդարանն անօրինական է, նրա ընդունած բոլոր օրենքները` նույնպես, այդ կոնվենցիան էլ հետը: Իսկ ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ապա այն երկարաձգվում է, որովհետեւ վախենում է այսօրվա ղեկավարող խունտան ժողովրդից, քաղաքական օպոնենտներից: Եվ դրա համար երկրում ստեղծել են, պարզապես, տոտալիտար մի վիճակ:

– Այս իրավիճակում ո՞րն է լուծումը, եւ ի՞նչ է առաջարկում ՍԻՄ կուսակցությունը: Ըստ Ձեզ` կաշխատի՞ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած` «Կոնսենսուս -1»-ը, թե՞ ինչպես ԼՀԿ-ն է ասում` իրենք են այն միակ ուժը, որի շուրջ պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա` առողջ ուժերի հետ համատեղ:

– Նիկոլը պետք է րոպե առաջ հեռանա, բայց ո՞վ է գալու տեղը, սա շատ կարեւոր հարց է: Եթե Նիկոլին գալու է փոխարինի նույն հակազգային, հակաեկեղեցական, հակաարցախյան, հակառուսական կուրսը վարող ուժ, ապա էլ ի՞նչ տարբերություն:

«ՈՎՔԵՐ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ, ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ՆԻԿՈԼԻ ՇՈՒՐՋ, ԱՅՍՕՐ «ԹՔՈՒՄ ԵՆ» ՆՐԱ ՎՐԱ»

– Ունե՞ք մտավախություն, որ կարող են, պարզապես, դեմքերը փոխվել, բայց իրավիճակը` ոչ:

– Այո, կարող են դեմքերը փոխվել, իսկ իրավիճակն էլ ավելի խճճվել: Դրա համար խնդիրը հետեւյալն է` պետք է ունենալ հստակ ծրագիր, հստակ գաղափարախոսություն եւ այդ ծրագրով ու գաղափարախոսությամբ գալ ժողովրդին առաջարկելու իրենց ծառայությունները: Բայց եթե դու երկու տարի առաջ սխալվել ես, գոնե  ներողություն պետք է խնդրես քո արածների, էս ժողովրդին տանջելու, հուսախաբ անելու, ճշմարտությունը չասելու համար: Իսկ եթե երկյուղել ես, վախեցել ես ու քեզ այդպես ես դրսեւորել կամ ավելի վատ` պաշտոնամոլությունից ու հարմարավետությունից ելնելով ես այդպես արել, առավել եւս` այդ դեպքում պետք է պատասխան տաս: Քանի՞ անգամ կարելի է սխալվել, հետո ասել` ես սխալվեցի, ներողություն կամ նույնիսկ չասել: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք հստակ գաղափարախոսություն` այն ազգային, պահպանողական գաղափարախոսությունն է, որի մասին մենք հազար անգամ ասել ենք 31 տարվա ընթացքում: Ո՛չ մի անգամ, ո՛չ մի տեղ չենք փոխել մեր դիրքորոշումը: Միշտ ասել ենք, որ մեր երկրի եւ մեր ազգի փրկությունն ամենասերտ, ամենաջերմ, ամենավստահելի հարաբերությունների ձեւավորումն է առաջին հերթին` Ռուսաստանի հետ: Այսօր կոմպլիմենտար քաղաքականությունը չի աշխատում, ավելին` այն վտանգում է երկիրը: Առավել եւս, այսօր չի աշխատում սորոսական գաղափարախոսությունն ու գործելաոճը: Առանցքում կա նաեւ մի կետ` իշխանության պետք է գան ոչ թե դեղնակտուց, անփորձ, շատ կասկածելի անցյալ կամ ընդհանրապես անցյալ չունեցող մարդիկ, այլ պետք է գան նրանք, ովքեր ապացուցել են իրենց նվիրավածությունն ազգին, կարողացել են իրենց գիտելիքներով, փորձով, ապրած կյանքով հարգանք վայելել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ երկրից դուրս այն քաղաքական գործընկերների հետ շփվելիս, ում հետ այսօր չեն կարողանում շփվել այս նորելուկները:

– Հիմա ազգային դաշտում էլ բավականին ֆեյք խաղացողներն են ի հայտ եկել: Այս անգամ ժողովուրդն ինչպե՞ս է թացը չորից տարբերելու:

– ժողովուրդը պետք է գնա այն մարդկանց հետեւից, ովքեր իրենց չեն խաբել եւ անգամ ամենավտանգավոր պայմաններում ասել են ճշմարտությունը, չեն փորձել հարմարվել, անկայուն իրավիճակի պայմաններում մի բան փախցնել կամ մի տեղ տեղավորվել, այլ ուղիղ ու շիտակ ասել են այն, ինչ որ կա: Ովքեր ծափահարում էին, պարում էին Նիկոլի շուրջ, այսօր «թքում են» նրա վրա, բայց արդյո՞ք այդպիսիներին ժողովուրդը պետք է տեղ տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА