ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային պահպանողական ուժերը պետք է ստեղծեն հզոր գաղափարական ընդդիմադիր բեւեռ. Հայկ Բաբուխանյան

03.07.2020 22:51 Հրապարակումներ
Ազգային պահպանողական ուժերը պետք է ստեղծեն հզոր գաղափարական ընդդիմադիր բեւեռ. Հայկ Բաբուխանյան

Երեկ ՍԻՄ գրասենյակում տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք Միություն» (ՍԻՄ) կուսակցության եւ Հայաստանի Քրիստոնեա -դեմոկրատական կուսակցության (ՀՔԴՄ) նախագահներ Հայկ Բաբուխանյանի եւ Խոսրով Հարությունյանի հանդիպումը: Հանդիպումից հետո «Իրավունքը» հարցրեց ՍԻՄ նախագահից, թե ի՞նչ  քննարկումներ են տեղի ունենում ,եւ ի՞նչ է նա մտածում ընդդիմության  գործառույթի վերաբերյալ:

- Մեր հանդիպումները եւ քննարկումներն  ունեն պարբերական բնույթ, սակայն  այժմ մենք մտահոգված ենք երկրում ստեղծված իրավիճակով, երբ կատարվում են հերթական հակասահմանադրական քայլերը իշխանությունը զավթած խունտայի կողմից, որը շարունակում է յուրացնել իշխանությունը եւ  ոտնակոխ անել սահմանադրական կարգը: Խիստ մտավախություն է առաջացնում նաեւ այն փաստը, որ Հայաստանի ապօրինի վարչախումբը կործանել է երկրի արտաքին քաղաքականությունը եւ Արցախի հարցի շուրջ հասունանում է վտանգավոր զարգացում: Անհանգստացնում է նաեւ այն, որ երկրի առողջապահական, սոցիալ-տնտեսական համակարգերը գտնվում են խորը ճգնաժամի մեջ եւ հասել են անկառավարելիության աստիճանի: 

-Արդյո՞ք  ժամանակը չէ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն:

- ՍԻՄ կուսակցությունը ունի 31 տարվա պատմություն, որի ընթացքում բազմիցս  ունեցել է  տարբեր ֆորմատներով միավորումների հարուստ փորձ: Սակայն  դրանք բոլորը եղել են գաղափարախոսական հիմքի վրա: «Ընդդեմ» միավորումները, պատեհապաշտական լուծումները  մեզ համար չեն: Ի դեպ,  այդպիսի  քաղաքական  խաղերը բերում են  այսօրվա տխուր արդյունքների: Պատեհապաշտությունը եւ պոպուլիզմը ծնում են նիկոլներ:

Այո՛, մենք քննարկում ենք  ազգային պահպանողական ուժերի  միասնական գործողությունների  տարբեր հնարավորությունները, բայց հիմքում գաղափարախոսությունն է: Բացի այդ,  կարեւոր է ինչ պատմություն ունի այս կամ այն կուսակցությունը, ինչպես է իրեն դրսեւորել այս կամ այն իրավիճակում եւ հատկապես  2018 թվականի հեղաշրջման ժամանակ: Նորելուկ կուսակցություններին, որոնցից մեծ մասը մարդ-կուսակցություններ են, Նիկոլի նարնջագույն հեղաշրջմանը աջակցածներին, լիբերալ կամ սորոսական խաղեր տվածներին մենք  այդ գաղափարական դաշտում չենք տեսնում: Խնդիրը  ոչ այնքան  Նիկոլի, ինչքան իր քաղաքական թիմի հակազգային գաղափարախոսության մեջ է, եւ երկիրը ճիշտ զարգացման ճանապարհ վերադարձնելու համար պետք է փոխվի հենց գաղափարախոսությունը: Շատ կարեւոր է նաեւ փորձառու, քաղաքական աշխատանքի մեջ գիտելիքներ ունցող գործիչների ներգրավումը քաղաքական գործընթացների մեջ: Դեղնակտուց,  իրենց կյանքում որեւէ քաղաքական փորձառություն չունեցող , երկրի զարգացման մեջ որեւէ լումայի ներդրում չունեցող պոպուլիստների  քայքայիչ արդյունքները այսօր մեր աչքերի առաջ են, եւ մեկ պոպուլիստին փոխել մյուս պոպուլիստով ոչ մի իմաստ չունի: Դա կլիներ երկրի համար հերթական ցնցումը, որը երկիրը հետ կմղի եւս մեկ անգամ: Այնպես որ, պետք է ստեղծել ազգային պահպանողական գաղափարախոսության եւ հստակ արտաքին քաղաքական առաջնահերթությունների պլատֆորմի վրա գործող փորձառու քաղաքական ուժերի  ընդդիմադիր բեւեռ:

-Այսօր որոշ նորելուկ կուսակցություններ փորձում են ինչ-որ միավորումներ ստեղծել այն հիմքով, որ այդտեղ չպիտի լինեն ՀՀԿ ներկայացուցիչներ: Իսկ Ձեր պատկերացրած բեւեռում  ՀՀԿ կուսակցության  գործիչներ, այսպես կոչված, «նախկիններ» պե՞տք է լինեն:

- Եթե երկիրը մինչ օրս գոյություն ունի, ապա դա  նախկին  իշխանությունների` սկսած Առաջին հանրապետության եւ Սովետական Հայաստանի իշխանություններից մինչեւ ՀՀԿ-ի իշխանությունների աշխատանքի եւ  մտքի արդյունքն է: Ներկաները ցույց տվեցին իրենց բացարձակ անկարողությունը եւ որեւէ մի տեղ քարը քարի վրա դրած չունեն: Սրանց իշխանության երկու տարիների ընթացքում չկա որեւէ մի ասպարեզ, որտեղ պետականաշինությունը ունեցել է առաջընթաց: Իսկ սխալներ ունեցել են բոլորը, բայց սխալը մի բան է, իսկ պետություն քանդելը` այլ: Ինչ վերաբերում է ձեր նշած նորելուկ կուսակցություններին, ապա դժվար է պատկերացնել, որ որեւէ փորձառու եւ ծանրակշիռ փորձառու գործիչ, այդ թվում նաեւ` ՀՀԿ-ից ցանկություն ունենա դրանց հետ գործ ունենալ: Ովքե՞ր են դրանք, ի՞նչ գաղափարախոսություն ունեն, ի՞նչ են արել երկրի համար, ինչպիսի՞ աջակցություն ունեն հասարակության  մեջ: Արդյո՞ք դրանք կարող են գոնե 100 ձայն հավաքել: Այնպես որ,  ձեր հիշատակած հայտարարությունները լուրջ մարդկանց մոտ  միայն քմծիծաղ են առաջացնում: Փանջունիների պակաս իսկապես որ չկա: Եվ եթե պետք է արգելափակել մեր նշած բեւեռին ոմանց մուտքը, ապա դա պետք է լինեն ներկաները, նրանց ժամանակին աջակցածներն ու պոպուլիստները:

Ինչ վերաբերում է  ՀՀԿ-ին, իր բոլոր թերություններով հանդերձ, ապա, իհարկե, իշխանության ժամանակ  միշտ էլ դրա մեջ սողոսկում են տարբեր  կարիերիստներ, որոնք  բացի սեփական օգուտից ոչինչ չեն տեսնում: Սակայն իշխանությունից զրկվելուց հետո  կուսակցությունները սկսում են ինքնամաքրվել` կարիերիստները, պատեհապաշտները առնետների նման փախչում են խորտակվող նավից, իսկ նվիրյալները, գաղափարական մարդիկ, իրենց երկրին ու ազգին ազնվորեն ծառայողները մնում են: Այդպես էլ ՀՀԿ-ից  շատ ու շատ պատեհապաշտներ արագորեն վազեցին դեպի «Իմ քայլը», եւ այսօր իշխանավորների զգալի մասը  հասցրել է մի քանի կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, փոխել եւ միշտ էլ մնալ ջրի երեսին:

-Թողնենք «ներկաների» եւ «նախկինների» հոգնացուցիչ դարձած թեման, խոսենք ապագայից:

- Ապագան (եթե ուզում ենք, որ մեր պետությունը ընդհանրապես ունենա ապագա) պետք է պատկանի այնպիսի առաջատար քաղաքական ուժին, որն ունի պետականության զարգացման տեսլական, ազգային պահպանողական գաղափարախոսություն, արտաքին քաղաքականության  մեջ կողմնորոշված է Ռուսաստանի հետ սերտ եւ վստահելի  դաշինք ձեւավորելուն, ունի պետական կառավարման եւ քաղաքական աշխատանքի բազմամյա ու արդյունավետ փորձ, բաղկացած է ծանրակշիռ, փորձառու, խորը գիտելիքներ ունեցող, միջազգային հարթակներում ծանրակշիռ քաղաքական գործիչներից:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА