Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան
ՏեսանյութերՀայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ կառավարության շենքի դիմաց ազդարարեց, որ սկսում է շարունակական փողոցային պայքար` Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերը կասեցնելու օրակարգով: Այս մասին մանրամասներ ենք պարզել հենց «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:
— Սա արդեն թվով որերո՞րդն է, որ հայտարարում եք նոր պայքարի սկիզբ, ի՞նչ արդյունքներ ունեք մինչ այս պահը եւ ի՞նչ եք պահանջում հիմա:
— Մենք ասել ենք` «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» եւ կասեցրել ենք այն, ստեղծել ենք «Բոյկոտի շտաբ» եւ չեղարկվել է սահմանադրական հանրաքվեն, պահանջել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ հասել ենք դրան: Այնպես որ, խոշոր հաշվով` սա թվով 4-րդն է: Մեր պահանջը հստակ է` ո՛չ միջանցքին, ո՛չ Ոսկեպարի, Տիգրանաշենի եւ Հայաստանի այլ բնակավայրերի հանձնմանը: Ինչպես նաեւ պահանջում ենք արցախահայության վերադարձ Արցախ եւ նրանց անվտանգության ապահովում: Ընդ որում` այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանից ենք պահանջում: Մենք մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին: Այո՛, մենք մեր առջեւ խնդիր ենք դրել եւ պետք է կանգնեցնենք այս իշխանությանը:
— Բայց ինչպե՞ս…
— Խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով: Չի՛ լինելու ոչ մի բռնություն եւ անօրինական միջոցների կիրառում մեր կողմից: Բայց մեր պայքարը լինելու է շարունակական եւ դադարեցնելու ենք այն ժամանակ, երբ կկանգնեցնենք Նիկոլին:
— Իսկ եթե չկանգնե՞ց:
— Հայ ժողովրդի եւ ՀՀ պետականության շահը մեզ թելադրում ու հրամայում է կանգնեցնել Նիկոլին: Հետեւապես, այս հարցադրումը հիմա ճիշտ չէ: Մենք չենք կարող գուշակել ապագան, բայց վստահ ենք` հանուն Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել` մեր երկրի տարածքային ամբողջականության եւ հայ ժողովրդի անվտանգության համար: Այս առումով համարում ենք մեր պայքարը սկսած: Ուստի` կոչ եմ անում Սփյուռքում եւ ՀՀ մարզերում եւս սկսել ցանցային անհնազանդության ակցիաներ: Մենք պարտավոր ենք կասեցնել այս ապահայկական, ապազգային ընթացքը: Պարտավոր ենք կանգնեցնել Հայաստանի պետականության կործանումը, եւ մենք դա անելու ենք:
— Վերջին տարիներին այս օրակարգով տարատեսակ նախաձեռնություններ են եղել, ինչո՞ւ մինչեւ այսօր չի հաջողվել կասեցնել Ձեր նշած ընթացքը:
— Եթե մինչ օրս չի ստացվել, չի նշանակում, որ անհնար է: Ես մարզվել եմ եւ երբ գնում էի մրցումների, եւ չէր ստացվում չեմպիոն դառնալ, ու նորից մարզվում էի, ոչ մի անգամ ինձ հարց չեն տվել, թե` արդյոք հնարավոր է մարզումներով չեմպիոն դառնալ: Այնպես որ, եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակու,մ, որ հետագայում էլ չի ստացվելու: Ուրեմն` մի բան կիսատ ենք արել, մի բան քիչ ենք արել, սխալ ենք արել, բայց հիմա ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը:
— Կարծում եք` դրա համար ունե՞ք բավարար քանակի մարդ, ովքեր փողոց դուրս կգան:
— Այս քանի օրվա մեջ կտեսնենք, թե քանի հոգի դուրս կգա պայքարի: Բայց ես երբեւիցե քանակին շեշտադրում չեմ արել: Ինչպես գիտեք, իմ կյանքում ես հայտնվել եմ վրացական բանտում ու մենակ մնացի, երբ մինչ այդ 2-3 հազար հոգի էինք: Այդ 4 տարվա մեջ սովորել եմ մենակ պայքարել, անգամ միայնակ ակցիաներ էլ եմ արել կառավարության դիմաց: Հաջողության հասնելու համար ես երբեւիցե մարդաքանակն առաջնահերթություն չեմ դրել: Անշուշտ, ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ու աջակցությունը մեզ թեւութիկունք կտա, մեզ ավելի բարձր ու ուժգին խոսելու հնարավորություն կտա, մեր հակառակորդներին չի թողնի մեր մասին բամբասեն, դրանից ելնելով է, որ ասում ենք` միացե՛ք մեզ:
— Այս պայքարի վերջնարդյունքում ի՞նչ եք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն կտա:
— Հիմա ես իր հրաժարականը չեմ պահանջում, ասում եմ` կա՛նգ առ, Նիկո՛լ: Գնդակն իր դաշտում է: Մենք պետք է փոխենք այս սահմռկեցուցիչ, պարտվողական ընթացքը: Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք: Դրա համար ամեն ոք պետք է գիտակցի, որ գլխավոր խրամատն այսօր Հանրապետության հրապարակում է, ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետականությունը, հայ ժողովրդի անվանգությունը միայն եւ միայն հնարավոր է պաշտպանել հրապարակում: Մենք ասյսօր լինել-չլինելու գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած: Նիկոլը չի՞ հոգնել հայ ժողովրդին Ալիեւով ու պատերազմով վախեցնելուց: Դուք տեսե՞լ եք աշխարհում մի երկրի ղեկավարի, որ միշտ իր ժողովրդին ասի` խելոք մնացեք, թե չէ հեսա սարի հետեւից բոբոն կգա, ձեզ կուտի: Բա ինքն ինչի՞ համար է կառավարությունում նստած, եթե ժողովրդի անվտանգությունը չի պահելու: Այսօրվանից այլեւս պատերազմից վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Իսկ եթե` Նիկո՛լ, դու էլ ես պատերազմից վախենում, արի, տղավարի ասա` վախենում եմ, մենք էլ քեզ ասենք` Նիկո՛լ, դուխով, մի՛ վախեցի: Ալիեւն ո՞վ է, որ դու վախենում ես, իսկ եթե դուխդ չի հերիքում, հայ ժողովրդի մեջ շատ դուխով մարդիկ կան: Ալիեւն աշխարհի ցանկացած կողմ վախով է գնում, հայից միշտ վախեցել է ու վախենալու է: Հերի՛ք է մեր խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնեն, թե պատերազմ կլինի: Էլի եմ ասում` այս պահին վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Ուզո՞ւմ է պատերազմ սկսել, թող սկսի, բայց չի սկսելու, որովհետեւ եթե սկսեց շատ վատ է վերջացնելու: Բայց մեր խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը, իր վախերով պայմանավորված, զիջում է ու հային փորձում է դարձնել վախկոտ ու նվաստացած:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ