ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ «ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ» միջազգային կազմակերպությունը մշտապես առաջնորդվում է կրկնակի չափանիշներով, եւ մատից ծծած վարկանիշներ է հրապարակում այս կամ այն երկրի խոսքի եւ մամուլի ազատության մասին, նորություն չէ: Սակայն փոքր-ինչ զարմանալի էր տեսնել նրանց զեկույցը համացանցի ազատության մասին, ուր այդ անազնիվ կազմակերպությունը Հայաստանին տեղափոխել է ազատ համացանցով երկրների ցանկից դեպի մասամբ ազատ կատեգորիա: Գրողը տանի, բայց ի՞նչն է մեր համացանցում մասամբ, այլ ոչ թե ամբողջովին ազատ: Մատչելի եւ որակյալ ինտերնետը հասանելի է բոլորին, պետությունը որեւէ կայք չի արգելափակում, քաղաքացիներին էլ ցանկացած բան գրելու, մեկնաբանելու կամ հավանելու համար ոչ ոք չի անհանգստացնում, անգամ եթե խոսքը պետական հանցագործության կոչի մասին է: Դե, բայց երբ պետք է պոզուպոչ կպցնել, մի բան կմոգոնեն: Եվ մոգոնեցին` իբր 2016-ի ամռան զանգվածային անկարգությունների ժամանակ Ֆեյսբուքը մի քանի ժամով անջատվել էր, ինչը բացարձակ սուտ է, մեկ էլ նույն անկարգությունների ժամանակ լրագրողների տուժելն են վկայակոչում, թեեւ դա տեղավորվում է մասնագիտական ռիսկերի մեջ, երկրի նախագահն էլ նրանցից հրապարակավ ներողություն էր խնդրել (ինչը իրենց գովաբանած եւ ոչ մի «ժողովրդավարական» երկրում չես տեսնի): Ինչպես կասեր տատս` հողերը ձեր գլուխը:

ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքական լուսանցքում հայտնված դեմքերից գրեթե ցանկացած ոք խոսում է, որ պետք է մի կողմ դնել ամբիցիաներն ու քաղաքական տարաձայնությունները ու միասնաբար պայքարել ատելի ռեժիմի դեմ: Բայց ահա զարմանալիորեն գալիս է Քաղաքագետների միությունը որպես նախագահ եւ միակ անդամ ներկայացնող ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ ամեն ինչ ՀԱԿմեջ անում. «Ալբերտ Բաղդասարյանը թող բացատրի հանրությանը, թե այդ ինչպես ստացվեց, որ Սարի թաղում հայտնի իրադարձությունների ժամանակ համակարգելով ժողովրդական ընդվզումն առաջնորդող խորհուրդը` կարողացավ հայտնի Գապոն քահանայի նման ջրից չոր դուրս գալ եւ խուսափել ոչ միայն ձերբակալությունից, այլեւ նույնիսկ դատական քաշքշուկներից»: Դե ինչ ասես, քաղաքական լուսանցքում էլ կիսելու բան էլ չի մնացել, բայց էլի գզվռտվում են:

Բայց, օրինակ, ՀՀ վաստակաշատ հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ի տարբերություն Հմայակի, օրինակ, չի ասում` մեզ Արմեն Մարտիրոսյանի հետ միասին էին կալանավորել, ինչո՞ւ են Մարտիրոսյանին բաց թողել, իսկ Ղուկասյանին շարունակում են բանտում պահել: Ճիշտ էլ անում են, որովհետեւ դատարանում հնչել է հերթական վկայի ցուցմունքը` Անդրեասի գործերի մասին: Այսպես, 2016-ի հուլիսի 19-ին Ազատության հրապարակ եկած Արտակ Մկրտչյանը վկայություն տվեց, որ. «Ազատության հրապարակում կանգնած էի, ելույթ էին ունենում: Արմեն Մարտիրոսյանն էր ելույթ ունենում, տրիբունայում կանգնած Անդրիաս Ղուկասյանն էլ էր ելույթ ունենում: Ելույթից հետո ինքը իջավ, մենք 10-15 հոգով կանգնած էինք, ասաց` տղերք ջան քարեր հավաքենք, հասնենք մեր Սասնա ծռերին: Երթով շարժվեցինք, հասանք Նարդոս, թեքվեցին Սարի թաղ, ես էլ չգնացի, ես Խորենացի գնացի: Ավելորդ գլխացավանք էր, որ գնայի մեկին պիտի վնաս տայի, խի վնաս տայի»: Ճիշտ է, այդ վկան գողության համար դատապարտված է եղել եւ ալկաշ էր, բայց հո շառ չարեց, թե Արմեն Մարտիրոսյանն էլ քարեր վերցնելու հորդոր է հնչեցրել: 

«Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»,- սա, ի տարբերություն հայտնի ֆիլմի, կարելի է հնչեցնել ոչ թե Խաչիկյանի, այլ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հասցեին: Մեր թերթն արդեն անդրադարձել էր այդ խայտառակությանը, որ թիվ 48 դպրոցում է՛լ գենդերային սեմինար են անցկացրել, է՛լ  հանձնարարել էին շարադրություն «ընտանեկան բռնության» թեմայով, սակայն նախարարությունը տեղյակ չէր եւ քնած էր հայտնի երկարականջ կենդանու ականջում: Եվ ահա պարզվում է, որ Լեւոն Մկրտչյանը զարմանալիորեն չի կարողանում իր նշանակած մարդուն տանել եւ նստեցնել թիվ 17 դպրոցի տնօրենի աթոռին, քանի որ ուսուցիչները կնիքը չեն  տալիս: Եվ ինչ ասած լինի նախարարը. «Հայաստանի Հանրապետությունում էլ մարդ չմնաց, որ այդ հարցով չանհանգստացներ, փողոցի հեղինակություններ, պաշտոնյաներ սկսեցին ճնշում գործադրել, որ տնօրենի դստերը նշանակեմ»: Լավ, մի՞թե նախարար մարդը կարող է այդքան անօգնական լինել, այն էլ` մի քանի անգամ այդ պաշտոնում աշխատածը: Թե՞ պարզապես անտեղյակ ու անօգնական է ձեւանում` ինչ-ինչ անձնական շահագրգռությունից ելնելով: 

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА