ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս համաձայնագրով նպատակ չունենք Եվրամիություն մտնելու...». Վահրամ Բալայան

22.11.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս համաձայնագրով նպատակ չունենք Եվրամիություն մտնելու...». Վահրամ Բալայան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու օրվա ընթացքում եղավ նախ Բաքվում, ապա Երեւանում, եւ եթե մինչ նրա այցը խոսվում էր, որ նա Արցախի հիմնախնդրի լուծման կոնկրետ առաջարկ է ներկայացնելու ՀՀ եւ Ադրբեջանի իշխանություններին, սակայն իրականությունը բոլորովին այլ էր: Ռուսաստանյան արտաքին քաղաքականության պատասխանատուն Երեւանում հայտարարեց, որ լավատես չէ Արցախի հակամարտության արագ կարգավորման հարցում: Միեւնույն ժամանակ, հիշեցրեց, որ Բաքու այցի ժամանակ արդեն նշել է կարգավորման համար անհրաժեշտ բոլոր բաղկացուցիչների առկայության մասին, որոնք պահ են տրված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, ավելին` դրանք բանակցությունների սեղանին են ամբողջ հանրագումարով: Ս. Լավրովի տարածաշրջանային այցի, Արցախյան հիմնախնդրի եւ այս ֆոնին ՀՀ-Եվրամիություն համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Արցախի ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻ հետ:

ՌԴ նախագահի խոսնակը ՀՀ-ում իրավիճակի մասին

«ՀԱԶԻՎ ԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ ՈՐԵՎԷ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ» 

– Պարոն Բալայան, ըստ Ձեզ, որքանո՞վ արդարացվեցին սպասումները` կապված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի հետ:  

– Ընդհանուր առմամբ` վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ակտիվացել են միջնորդական առաքելության իրականացումը, մասնավորապես` Ռուսաստանի կողմից: Այս ամենն իր մեջ երկու կարեւոր պահ է ընդգրկում. առաջինը` բնականաբար, ձգտումը, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս երկարաժամկետ խաղաղության պահպանելու հնարավորություն ստեղծվի եւ երկրորդ` հասկանալի է նաեւ, որ այն ուղղված է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում պահելուն եւ մեծացնելուն: Այնպես որ, Արցախյան հարցը կքննարկվի, առաջարկություններ կլինեն, բայց կոնկրետ, թե ինչ ընթացք կլինի կամ ինչպիսի լուծումներ կլինեն, այսպես շատ լավատես չէինք կարող լինել, որովհետեւ Ադրբեջանի դիրքորոշումները միշտ էլ կոշտ են, ապակառուցողական եւ այս պահին հազիվ թե հնարավոր լինի որեւէ համաձայնություն ձեռք բերել:

– Ս. Լավրովը երեկ հայտարարեց, որ Արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բաղկացուցիչները ձեւավորված են մեկ փաթեթում, եւ դժվար է վերցնել մեկը, երկուսը կամ երեքը ու դրա հիման վրա պայմանավորվել, քանի որ այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, եւ անհրաժեշտ արդյունք չի լինի: Ի՞նչ բաղկացուցիչների մասին է խոսքը, որը կարող է ընդունելի լինել ե՛ւ Հայաստանի ու Արցախի, ե՛ւ Ադրբեջանի համար: 

– Դժվարանում եմ ասել, որովհետեւ այդ բանակցությունները հիմնականում գաղտնի են ընթանում, եւ դժվար է կռահել` ինչ բնույթի դրանք կարող են լինել:

ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

– Անդրադառնանք նաեւ ընդամենը երկու օր հետո նախատեսվող ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավոր ստորագրմանը: Ձեր գնահատմամբ` այն ինչ կերպ կարող է անդրադառնալ Արցախյան հիմնախնդրի վրա: 

– Կարծում եմ` միայն դրական կանդրադառնա: Վերջիվերջո, չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնում է ԵՄ անդամ Ֆրանսիան, եւ, բնականաբար, Եվրամիությանը աջակցող Միացյալ Նահանգները: Ուստի` այս հարաբերությունների ջերմացումը միայն ու միայն դրական կնպաստի: Ի վերջո, տարածաշրջան են այցելում նաեւ եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից եւ համոզվում են, որ Արցախի ժողովուրդը` արցախահայությունը, փորձում է կերտել ժողովրդավարական սկզբունքներով պետականություն, հետեւաբար անվտանգ իրավիճակ է պետք ստեղծել այս շիկացած հատվածում: Եվ այս տեսանկյունից թվում է, որ պետք է նպաստող լինի այդ համաձայնագիրը:

Արցախի Պաշտպանության բանակը հակառակորդի կուտակումների վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)

– Իսկ չե՞ք կարծում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մերձեցման ֆոնին կարող է արցախյան հարցում կոշտանալ ռուսաստանյան դիրքորոշումները: 

– Չեմ կարծում, որովհետեւ, ի վերջո, այս համաձայնագիրը չի խանգարում, որպեսզի Հայաստանը շարունակի ԵՏՄ-ում իր առաքելությունը, իր հարաբերությունները այդ կառույցի երկրների եւ, մասնավորապես` Ռուսաստանի հետ: Միաժամանակ, սա նաեւ քաղաքական ինչ-որ համաձայնագիր չէ, այսինքն` քաղաքական միություն չի իրենից ենթադրում: ՀՀ իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ մենք այս համաձայնագրով նպատակ չունենք Եվրամիություն մտնելու կամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու: Պարզապես, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճիշտ է տանել այնպես, որ գործընկերային հարաբերություններ լինեն բոլորի հետ: Եվ մեր տարածաշրջանում, եթե Եվրամիությունը կամ Միացյալ նահանգները ունենան եւս մեկ գործընկեր, մանավանդ` տնտեսական, մշակութային, տարածաշրջանում անվտանգության պահպանման առումով, այս տեսանկյունից ՌԴ-ն, որպես բարեկամ երկիր, չեմ կարծում, որ իր շահերի վրա կազդի կամ վնաս կկրի դրանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА