ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ հայտարարության նախագիծ՝ եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների մասին

05.12.2017 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱԺ հայտարարության նախագիծ՝ եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների մասին

Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաեւ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԸ՝ անդրադառնալով եզդի ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող ցեղասպանությանն ու ցեղասպան գործողություններին:

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում կունենա Էմանուել Մակրոնի հետ

«Գաղտնիք չէ, որ ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը մեկ դարից ավելին է, որ պայքարում է իր նկատմամբ 1915 թվականին կատարվածը բոլոր երկրների կողմից ցեղասպանություն ճանաչելու համար: Գաղտնիք չէ, որ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը գալիս է  դեռեւս դարերի խորքից, ինչի վառ ապացույցը եզդիների տարիներ շարունակ Հայաստան աշխարհում ոչ միայն ապրելն ու արարելն է, այլ նաեւ իրենց որպես այս երկրի մեկ անբաժանելի մասը համարելը: Եզդի ժողովորդի նկատմամբ կատարված տարբեր ժամանակների ցեղասպանություններն ու ցեղասպան գործողություններն իրենց չափերով երբեք այնպիսին չեն եղել, որքան դա տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոս ամսին», - ընդգծեց ազգությամբ եզդի պատգամավորն ու տեղեկացրեց, որ պատահական զուգադիպությամբ՝ երեկ հայկական հեռուստաընկերությունները հայտնել են, որ հայտնաբերվել է եւս մեկ եղբայրական գերեզման Հյուսիսային Իրաքում, որտեղ թաղված են եզդի ժողովրդի հարյուրից ավելի զավակներ:

Ռ. Մախմուդյանը շեշտեց, որ այդ օրերին ոճրագործության զոհ են դարձել հազարավոր եզդիներ եւ միայն այն բանի համար, որ իրենք չեն ընդունում իսլամը. «Իսկ դրա կատարողները՝ մեզ բոլորիս հայտնի, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է: Ինչ խոսք, Հանրապետության նախագահ պարոն Սարգսյանն ի պաշտոնե է դատապարտել կատարվածը՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ինչ խոսք, ՀՀ կառավարությունը օգնության ձեռք է մեկնել անօթեւաններին եւ փախստականներին: Այնուամենայնիվ, այս ամենի հաշվառմամբ՝ իմ եւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի կողմից այսօր խորհրդարան է ներկայացվել օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների մասին»:

Իրավացիորեն պատգամավորը նկատեց, որ որեւէ կասկած չկա, որ այս նախագծի էությունը եւ բովանդաությունն ընդունելի է ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ խորհրդրաանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչների համար,  ուստի՝ հայտարարելով օրենսդրական նախաձեռնության մասին, միաժամանակ առաջարկեց. «Մեր բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, որ սույն  հայտարարության նախագծին կարող են միանալ նաեւ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, ովքեր կարեւորում են այս հարցը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА