КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 26. 04. 2018 : :
Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր: Այս մասին ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը նշել է Ամանորի իր շնորհավորական ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Պատիվ եւ հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա եւ Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով եւ համերաշխությամբ լի:
Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին եւ դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջեւ կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք եւ կայուն աճ ապահովենք:
Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու եւ չի կառուցելու մեր փոխարեն:
Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք եւ երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:
Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը եւ արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող եւ երջանիկ բնակչությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին եւ մեծերին, երեխաներին եւ թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից եւ դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան:
Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր:
Շնորհավորում եմ ձեր Նոր տարին եւ Սուրբ ծնունդը: