ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՄԵՆՔ ՍՈՎՈՐ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

19.01.2018 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՄԵՆՔ ՍՈՎՈՐ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

2017 թվականի վերջում Ղրղզստանի «Արարատ» հայ համայնքի ղեկավար, «ՈւՀԱ Ղրղզստան» ակումբի նախագահ Եվգենի Հակոբյանին շնորհվեց Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում եւ շքանշան: Մեզ հետ զրույցում Ե. Հակոբյանը պատմեց իր, հայկական համայնքի, ՈւՀԱ-ի եւ այլնի մասին:

Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

 

Պրն. Հակոբյան, պատմեք, խնդրում եմ, Ղրղզստանի հայ համայնքի մասին:

– 2017 թ. մարտին Ղրղզստանի Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվեց «Արարատ» հայկական համայնք» հասարակական միությունը: Հիմնադիրները հայ գործարարներն են, ովքեր ապրում են մեր երկրում: Ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Ղրղզստանի Ժողովուրդների վեհաժողովի նախագահ Թոքոն Մամիտովին, որը խթանեց մեզ միավորվել եւ գրանցվել: Մեզ ընդունեցին Ղրղզստանի մեծ եւ բարեկամական ընտանիքի կազմի մեջ: Այսօրվա դրությամբ երկրում ապրում է շուրջ 700 հայ: Կարճ ժամանակահատվածում արվել են մեծ քանակությամբ բարի գործեր: Իրականացվել է Հայաստանի Տան շնորհանդեսը, որին հրավիրված էին ոչ միայն Ղրղզստանում ապրող հայերը, այլեւ` եղբայրական ազգերի համայնքների ղեկավարները, երկրի հայտնի եւ հարգված մարդիկ: Սփյուռքը ձեռք է բերել գրասենյակ եւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է բեղմնավոր աշխատանքի համար` ի շահ Ղրղզստանի հայերի: Այժմ Ղրղզստանի հայերն ունեն իրենց սեփական տունը: Այս ընթացքում անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ. «Հայաստան» գրքերի ցուցահանդեսը, կիրառական մշակույթի ցուցահանդես, մարզական միջոցառումներ հայ երիտասարդների մասնակցությամբ: Իրականացվում է Ղրղզստանի հայերի մարդահամարը: Ավարտին են մոտենում «Ղրղզստանի հայերը» գրքի թողարկման նախապատրաստական աշխատանքները: Իսկ 2017 թ. սեպտեմբերին Սփյուռքի ղեկավարությունը մասնակցեց Երեւանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովին: Համայնքի ծրագրերը շատ են: Սա նաեւ հայ եւ ղրղզական գործարարների շփումների ընդլայնումն է: Երկու երկրները Մաքսային միության անդամներ են: Եվ սա բացահայտում է այն մեծ հնարավորությունները, որոնք պետք է օգտագործվեն երկու ժողովուրդների շահերի համար: Իսկ մեր համայնքը կարող է դառնալ երկու երկրների միջեւ յուրօրինակ ուղեկցորդ` ոչ միայն մշակութային կապերի զարգացման համար, այլեւ` նպաստել բիզնեսի զարգացմանը:

– Ինչպիսի՞ն է ժամանակակից համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը:

– Պետք է նշեմ, որ Ղրղզստանի հայերը մեծ հարգանք են վայելում: 700 հայերի թվում քիչ չեն պրոֆեսորները, գիտությունների թեկնածուները, դոկտորները, մշակույթի վաստակավոր գործիչները, ժողովրդական արտիստները, պոետները: Համայնքը ծրագրում է հրապարակել սեփական թերթ, որտեղ իրենց հայրենիքից հեռու ապրող հայերին կծանոթացնենք Հայաստանի պատմության, աշխարհի հայտնի հայերի, մարզիկների եւ այլնի հետ: Ես ունեմ երազանք, որ Բիշքեկում վանք կառուցվի: Հայերը պետք է այստեղ ունենան իրենց եկեղեցին: Մենք հասկանում ենք, որ դա մեծ ջանքեր է պահանջում, բայց ճանապարհը պետք է հաղթահարվի:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները Մյունխենում մի շարք հարցեր են քննարկել

– Իսկ ինչպե՞ս է լուծվում հայոց լեզվի եւ հայապահպանության խնդիրը:

– Ցավոք, Ղրղզստանում ծնված հայերը մեծամասամբ չգիտեն մայրենի լեզուն: Հիմնականում դա վերաբերում է այն ընտանիքներին, որտեղ ծնողներից մեկն այլազգի է: Բայց ուրախալին այն է, որ նույնիսկ չիմանալով լեզուն` մեր հայերը չեն դադարում հայ մնալ: Նրանք հիշում են իրենց արմատները: Հարգում եւ պահպանում են սեփական ազգի ավանդույթները: Մենք ծրագրում ենք համայնքին կից բացել հայերենի կիրակնօրյա անվճար դասընթացներ:

– Ինչպիսի՞ն են Ղրղզստանի հայ համայնքի հիմնախնդիրները:

– Խնդիրներ` դրանք մեր մասին չեն: Մենք սովոր ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Միշտ համարել եւ համարում եմ, որ խնդիրները մարդու գլխի, իր մեջ են: Մենք երիտասարդ համայնք ենք եւ քայլ առ քայլ ենք լուծում մեր առջեւ դրված խնդիրները: Համոզված եմ` ամեն ինչ մեր ձեռքերում է:

– Արդյո՞ք հաստատվել է Հայաստանի հետ ակտիվ կապ:

– Կարճ ժամանակահատվածում մենք կապ ենք հաստատել ե՛ւ Հայաստանի ԶԼՄ-ների, ե՛ւ Սփյուռքի նախարարության, ե՛ւ բիզնես կառույցների հետ: Եւ մոտակա ժամանակ մենք ձեզ հետ կտեսնենք դրա արդյունքը:

– Դուք ծնվել եւ մեծացել եք Բաքվում: Այնտեղից մեկնել եք 1990 թ.-ի ջարդերի ժամանակ: Կարո՞ղ եք կիսվել Ձեր հիշողություններով: Ի՞նչ էր կատարվում Ձեր աչքի առջեւ:

– Ճիշտն ասած` այդ ամենն անցյալ կյանքում էր: Այդ էջը ես թերթել եմ: Մենք ստացանք հերթական պատվաստումը, եւ համոզված եմ` էլ ավելի ուժեղ դարձանք: Կարծում եմ` այդ ահավոր, ողբերգական օրերը փոխադրելու իմաստ չկա: Իմ` 17-ամյա պատանու բախտը բերեց: Ես եւ ծնողներս ողջ մնացինք: Չնայած, եթե զորքը 5 րոպեով ուշանար, ողբերգությունից չէինք խուսափի: Մենք երեք օր ապրում էինք դպրոցում` աշխատանքի կաբինետում: Կողքը` հարեւան կաբինետում, թաքնվել էր դպրոցի տնօրենը, որն ազգությամբ հայ էր: Եւ հետո մեկ տարվա ընթացքում մեկը մեկի հետեւից կարողացանք լքել Ադրբեջանը: Մեր բնակարանը կողոպտեցին եւ գրավեցին: Այդպես, 17 տարեկանում ես եկա Ղրղզստան, որտեղ այդ պահին ընտանիքով ապրում էր հորեղբայրս, եւ ուսում էր ստանում մեծ եղբայրս:

– Ձեր կարծիքով` արդյո՞ք հնարավոր է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ երկու հարեւան ազգերի խաղաղ գոյատեւումը:

Սերժ Սարգսյանի պատասխան ադրբեջանցի պատվիրակին

– Կարծում եմ, ամեն հայ երազում է դրա մասին: Վաղ, թե ուշ դա կիրագործվի:

– 2017 թվականի վերջում ՂՀ նախկին նախագահ Ա. Շ. Ատամբաեւը Ձեզ շնորհեց Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում եւ շքանշան: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել Ղրղզստանում Ձեր գործունեության մասին:

– Դա որոշ չափով անսպասելի էր: Բանն այն է, որ ես 22 տարի է, ինչ ղեկավարում եւ վարում եմ ՈւՀԱ-ի (KBH) խաղերը Ղրղզստանում: Այդպես, 2003 թվականին ես դարձա Ղրղզստանի կառավարության պետական մրցանակի դափնեկիր: ՈւՀԱ-ի ոլորտում ունեցած արժանիքների համար մեր նախագահն ինձ շնորհեց մշակույթի վաստակավոր գործչի կոչումը: Չեմ թաքցնի` հաճելի է, երբ քո աշխատանքը գնահատում է ոչ միայն ժողովուրդը, այլեւ` իշխանությունը:

– Երկար տարիներ գլխավորելով Ղրղզստանի ՈւՀԱ-ն` շփում հաստատե՞լ եք Հայաստանի ՈւՀԱ-ի հետ:

– 1999 թվականին իմ հրավերով Բիշքեկ շրջագայության եկավ ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմը` Արման Սաղաթելյանի գլխավորությամբ: Այդ աստղային կազմի երկու ելույթները Բիշքեկում մեծ հաջողություն ունեցան: Մենք ընկերական հարաբերությունների մեջ ենք «Տաշքենդի հայեր» թիմի հետ: Ոչ մեկ անգամ ենք խաղացել միասին: «Նոր հայերից» հետո Բիշքեկում Հայաստանից թիմեր չեն եղել: Բայց մենք բաց ենք նրանց համար եւ միշտ ուրախ ենք իրենց տեսնել:

– Ըստ Ձեզ` ի՞նչ դեր ունի ժամանակակից ՈւՀԱ-ն հետխորհրդային տարածաշրջանում, եւ ո՞րն է նրա երկարակեցության եւ ժողովրդականության գաղտնիքը:

– ՈւՀԱ-ն յուրահատուկ խաղ է, որի շնորհիվ անձամբ ես ձեռք բերեցի մեծ թվով ընկերներ ողջ աշխարհում: Այսպես ասած` ՈւՀԱ-ի եղբայրություն է: Այդ քանակության տաղանդավոր երիտասարդություն հավաքել մեկ վայրում, կարող է միայն ՈւՀԱ-ն: Դա է մեր խաղի երկարակեցության գաղտնիքը: ՈւՀԱ-ն երիտասարդների խաղն է: Փաստացի` հավերժ շարժիչ է:

– Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի եւ արմատների մասին:

– Մորս կողմից տատիկս ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղում: Մայրս բաքվեցի է: Հայրս ծնունդով Խանլարից է, իսկ նրա արմատները` Գետաշենից: Ծնողներս, փառք Աստծո, ողջ են եւ առողջ: Ինձ հետ են ապրում: Ընտանիքս միջազգային է: Կինս կիսով չափ գերմանացի է, կիսով չափ` ռուս: Մենք երեք երեխա ունենք: Աղջիկս` Նարինեն, 18 տարեկան է: Նա Սանկտ Պետերբուրգի կինոյի եւ TV-ի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ապագա ռեժիսոր է: Երկու որդի ունեմ. Եվգենին 15 տարեկան է, 10-րդ դասարանի աշակերտ է: Անցյալ տարի ավարտեց երաժշտական դպրոցը: Գարիկը 7 տարեկան է, սովորում է առաջին դասարանում: Կինս ժամանակին նույնպես ՈւՀԱ-ում էր խաղում: Այդպես էլ հանդիպեցինք…

Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի հրավերը

Զրույցը վարեց

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА