ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՔԻՄՔԻՆ ՉԷ

30.01.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՔԻՄՔԻՆ ՉԷ

Բանակային օրակարգը մեր երկրում շարունակվեց նաեւ հաջորդ օրը, եւ դա պատահական չէ: ՀՀ նախագահն այցելեց Հայրենիքի  պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջայց կատարեց պաշտպանության նախարարի եւ ՊԲՀ ռեկտորի ու մի շարք բարերարների հետ, նաեւ զրուցեց կենտրոնում բուժում ստացող զինծառայողների հետ:

ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ` 2018-Ի ԿԵՆՍԱԿԵՐՊ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԳՈՐԾՈՒՄ Է` Ի ՀԵՃՈՒԿՍ «ՀԱՐԱՄՈՂՆԵՐԻ»

Արդեն վաղուց գործում է բարի ավանդույթ, որ մեր քաղաքացիները Բանակի օրը սոցցանցերում զետեղում են սեփական բանակային լուսանկարները` կարծես հաշվետվություն տալով, որ անմասն չեն մեր երկրի պաշտպանությանը: Բայց այս անգամ, բացի տոնական գրառումներից, օրվա երկրորդ կեսին հնչեցին նաեւ կոշտ արտահայտություններ` ոմն «հարամողների» հասցեին:

Պարզվեց, որ խոսքը աղբային նյութերի սիրահար «Հրապարակ» կայքի մասին է, ուր հակազգային ցինիկ դրսեւորումներով տխրահռչակ ոմն Կարպիս Փաշոյան հենց հունվարի 28-ին զետեղել էր «Բանակը գործում է նաեւ Հայաստանի հանրության դեմ» վերնագրով մի զազրելի գրվածք, որը եզրափակում է այսպես. «Հունվարի 28-ն ինձ համար տոն չէ, ու ոչ ոքի չեմ շնորհավորում»: Անասելի թույնով ներծծված այդ հրապարակումը, որը կարող էր դուրս գալ միայն չհայի գրչի տակից, ուղղված է Ազգ-բանակ հայեցակարգի դեմ, եւ սույն կերպարանքը ահավոր նեղված է, որ. «Հայաստանում բանակն իրականացնում է երկու գործառույթ` գործնական եւ գաղափարական», եւ գալիս նրան, թե այդ ինչ վատ է, որ պետությունը միլիտարիզացվում է, որ ինչ վատ է. «Որ գործընթացն այս չունի լուրջ հակառակորդներ, բոլորը համերաշխ են այս հարցի շուրջ: Ավելին` համոզված են, որ ամեն ինչ պետք է հենց այդպես էլ լիներ»: Ու տրամաբանության հետ ոչ մի կապ չունեցող եզրակացություն է անում, որ բանակը գործում է հանրության դեմ: Թե արդյոք ո՞ւմ նկատի ունի` ասելով հանրություն, երեւի թե, դասալքության ախտով վարակված ամենաստոր խավին, գումարած օտարի համար վճարովի ազգադավ աշխատանք կատարող շպիոնօնիկներին:

Ենթադրելի է, որ այդպիսի հրապարակումները ուղղակիորեն բխում են սորոսական այն դրամաշնորհներից, որ անցյալ տարվա աշնանը շտապ բաժանվել էին հատուկ Ազգ-բանակ հայեցակարգի դեմ գործունեություն ծավալելու նպատակով: Հարկ է հիշեցնել, որ հենց անցյալ աշնանը միանգամից ծլել էին ինչ-ինչ «գիտությամբ մտահոգ» ակտիվիստներ, որոնք ահավոր հուզվել էին ուսանողական տարկետման վերացումից, բայց իրենց մազաչափ իսկ չէր հետաքրքրում պետական բյուջեով կրթության եւ գիտության ֆինանսավորման կրճատումը: Սակայն շարունակենք դիտարկել, թե ատելության փրփուրը բերնին հենց բանակի օրով ինչպիսի անեծքներ է փորձում թափել բանակի եւ պետության վրա. «Սրբություն սրբոց բանակը ջախջախվելու է, դիմադրողականությունը կորցրած պետությունը անշարժանալու է, քանի որ մնալու է առանց սոցիալական ֆունդամենտի ու քաղաքական կենսունակ համակարգի»: Տպավորությունն այնպիսին է, որ դա գրվել է հարեւան մազութային սուլթանատի բնակչի կողմից, բայց ոչ, հեղինակի ազգանունը յան-ով է ավարտվում` Փաշոյան: Եվ ակամա հիշում ես մեծն Նժդեհի դիտարկումը, որ ամենավտանգավորը ոչ թե թուրքն է, այլ թուրքանման հայը: Հավելենք` էլ ավելի վտանգավոր է այդ թուրքանմանների վայելած անպատժելիությունը: Բայց, այնուամենայնիվ, հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց այժմ եւ հենց այդպիսի հիսթերիկ տոնով է իրականացվում հակաբանակային քարոզչությունը:

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՐԴԵՆ ՀԱՄԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ

Կարծում ենք, պատասխանը պարզ է` որովհետեւ Ազգ-բանակ հայեցակարգը գործում է, գործելու է նաեւ սահմանադրական ապրիլյան վերջնական անցումից հետո, եւ գործելու է տեսանելի ապագայում: Եվ ամենակարեւորը` գործում է հաջողությամբ, եւ դրա շնորհիվ է, որ առաջնագծում կտրուկ նվազել է դիվերսիաների քանակը, եւ դրա շնորհիվ է, որ իրեն այդքան վստահ է զգում միջազգային ցանկացած ամբիոնին Գերագույն գլխավոր հրամանատարը: Բնականաբար, այն, ինչ լսեցին Սերժ Սարգսյանի շուրթերից ԵԽԽՎ ամբիոնից, դուր չեկավ արտաքին ուժերին, որոնք շահագրգռված են Հայաստանը տեսնել միշտ թույլ եւ կախյալ: Եվ հենց այդ պատճառով արձակեցին վարձու քարոզչական շներին:

 

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՌԵՖՈՐՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքում Բանակի օրվա առթիվ պարգեւատրման արարողության ժամանակ տվեց այն բանաձեւումը, որը վերաբերում է բանակի առաքելությանը. «Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում` պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը եւ անդորրը: Ձեր եւ ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետեւողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ եւ գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա»:

Սակայն ամենակարեւոր խոսակցությունը ծավալվեց, երբ ՀՀ նախագահն իր նստավայրում հանդիպում ունեցավ 2017-2018թթ. զորացրված լավագույն արդյունքները ցույց տված 30 զինծառայողների հետ: Այդ հանդիպման ընթացքում մեծ տեղ տրվեց Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում իրականացված այնպիսի ռեֆորմին, ինչպիսին է «Դիտակետ» ծրագիրը: Հիշեցնենք` զորացրվածների մեծ ընդգրկում ապահոված հարցում է իրականացվել, եւ դրա առնչությամբ Սերժ Սարգսյանը հորդորեց. «Կխնդրեմ ձեզ կա՛մ ինչ-որ կերպ մեկնաբանել եզրակացությունները, կա՛մ տալ սեփական եզրակացությունները, կա՛մ հարցերի միջոցով փորձել ճշգրտել ինչ-որ հանգամանքներ, կա՛մ անել առաջարկություններ: Սա չափազանց կարեւոր է մեր զինված ուժերի համար, որովհետեւ մեր զինված ուժերը, մեր բանակը ժողովրդական բանակ է. մեր բանակն իր մեջ ներառում է զորակոչի տարիքի գրեթե բոլորին` մեր հասարակության մի հսկա հատվածի»:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՈՎՔԵՐ ԵՆ ՍՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հետազոտության արդյունքում ստեղծվել է տվյալների ծավալուն բազա` շուրջ 560 հարց եւ ենթահարց, եւ դրանց համադրության արդյունքում լրացուցիչ տվյալներ են ստացվել: Եվ այդ տվյալները թույլ են տալիս ապահովել հետադարձ կապը` զորամաս առ զորամաս: «Ըստ ուղղությունների տրվել են հանձնարարականներ` հասկանալու, թե բացասական կամ մտահոգիչ պատասխանների ուղղությամբ ինչ աշխատանք ունի կատարելու յուրաքանչյուր ստորաբաժանումը, վարչությունը: Նաեւ դիտարկել ենք յուրաքանչյուր զորամասի կտրվածքով պատկերը: Երեկ կոլեգիայի նիստի ժամանակ ընդհանուր առմամբ մատնանշել ենք այն զորամասերը, որոնք ակնհայտորեն ավելի լավ վիճակում են գտնվում, եւ հանրային ընկալման մեջ զորացրված զինծառայողների խնդիրներն ավելի լավ են լուծված, ինչպես նաեւ այն զորամասերը, որտեղ յուրաքանչյուր ուղղությամբ կան մտահոգություններ: Ամեն զորամասի հրամանատարի հետ առանձին եւս աշխատելու ենք, որպեսզի շտկումներ արվեն, լուծումներ գտնվեն»,- ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ի դեպ, հետազոտության արդյունքների քննարկումը այնուհետ շարունակվեց արդեն առանց տեսախցիկների, որպեսզի զորացրված զինծառայողներն անկաշկանդ կարողանան անդրադառնալ ցանկացած հարցի: Ինչեւէ, այդ հետադարձ կապի մեխանիզմի ներդրումը, անշուշտ, թույլ կտա առավել դինամիկ կերպով գտնել մեր բանակի ե՛ւ ուժեղ, ե՛ւ խոցելի կետերը, ու համապատասխան շտկումներ անել, ինչպես ամբողջ բանակի մասշտաբով, այնպես էլ` զորամաս առ զորամաս: Իսկ հետադարձ կապը, ինչպես հայտնի է, ցանկացած համակարգի կայունության եւ զարգացման կարեւոր բաղկացուցիչներից է: Բացի այդ, դա նաեւ կամուրջ է բանակի ու հանրության միջեւ, ինչը, անշուշտ, բխում է Ազգ-բանակ հայեցակարգից: Թերեւս, հենց այդ կապի արդյունավետությունն ու սերտությունը, որ ուրախացնում է ցանկացած նորմալ հայի, հարուցում է բարին չկամեցողների դժգոհությունն ու զայրույթը: Բայց, բարեբախտաբար, պացիֆիզմն ու դասալքության հոգեբանությունը գնալով ավելի ու ավելի քիչ տեղ են ունենում, ավելի ու ավելի խորթ են դառնում մեր հանրության համար` դառնալով լրիվ լուսանցքային երեւույթ, իսկ նրանց կրողները` իզգոյ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 99 ՏԱՐԻ ԱՆՑ. ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ  ԱՐՏԱՔԻՆԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

 

ԻՍԿ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին մենք տեսանք նաեւ Եռաբլուրում: Այնտեղ նա ժամանել էր Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի հետ, եւ Զորի Բալայանի: Կարելի է ասել, որ դա նաեւ հետաքրքիր քայլ էր, քանզի մի կողմից ցրում է պնդումները Վազգեն Սարգսյանի հետ ունեցած լարված հարաբերությունների մասին, այնպես էլ հերքում վերջերս արհեստականորեն ստեղծված միֆը Արմեն Սարգսյանի «հակառուսականության» մասին: Ի դեպ, Զորի Բալայանի ուղեկցությամբ գալը բավականին կատաղեցրել է սորոսասին շրջանակներին, ինչի վերաբերյալ նրանք բազում կեղտոտ հետքեր են թողել համացանցում, առավել եւս, որ ինքը` Արմեն Սարգսյանը, իր հարցազրույցներից մեկում Սանկտ Պետերբուրգն ու Մոսկվան մատնանշեց որպես հարազատ քաղաքներ եւ դրական արտահայտվեց սովետական անցյալի մասին: Իսկ հանդիպումների շարքը սկսվեց ՀՀԿ-ից, եւ իշխող կուսակցությունը շատ դրական տպավորություն ստացավ: Հաջորդը ՀՅԴ-ն է, դրանից հետո` «Ելքը», իսկ Ծառուկյան դաշինքի մասին այս պահին դեռեւս բան չի հաղորդվել: Ինչեւէ, վստահաբար կարելի է ասել, որ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում Արմեն Սարգսյանը ստանձնելու է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА