ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՐՍԵԼ, ԹԵ° ՍՈՎԱԾ ՄՆԱԼ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

02.02.2018 21:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՄՐՍԵԼ, ԹԵ° ՍՈՎԱԾ ՄՆԱԼ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Հայտնի է, որ սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքներն ունեն հոսանքի եւ գազի սպառման սահմանափակում: Հակառակ դեպքում, եթե սահմանված քանակը գերազանցի, նրանք կարող են զրկվել նպաստից: Եվ ահա օրերս, ինչպես մեր ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ այդ սահմանափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել:

 

ԵՐԲ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Ըստ մարզում բնակվող մեր աղբյուրի. «Մինչ այս, անապահով ընտանիքները կարողանում էին ձմեռային ջեռուցման խնդիրը լուծել փայտի միջոցով: Բայց ահա այս տարի վառելափայտի վաճառքի սահմանափակումները խստացան, գները նկատելիորեն աճեցին: Բայց եթե փայտի փոխարեն գազով կամ հոսանքով ջեռուցեն եւ անցնեն սահմանված չափը, կզրկվեն նպաստից, ինչպես նաեւ՝ սահմանված ցածր գներից: Ավելին, շատ ընտանիքներ արդեն այդ չափաքանակից անցել են եւ հիմա մասսայաբար կարող են դուրս մնալ համակարգից: Սոցապի տեսուչները համոզում են, թե դա իրենց սրտովն էլ չէ, բայց ինչ կարող են անել: Լավ, միգուցե էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման քանակն էլ ընտանիքի անապահովության չափանիշ է: Բայց ի՞նչ անեն մարդիկ, եթե մրսում են, ստիպված կլինեն անգամ պարտքով լուծել ջեռուցման հարցը: Հատկապես լեռնային շրջաններում անհնար է առանց գոնե նվազագույն ջեռուցման: Այսինքն, կա՛մ պետք է ցրտից մեռնեն կա՛մ սովից՝ նպաստից զրկվելու դեպքում: Բայց մի՞թե պետական կառույցները չեն կարող գոնե ձմեռային ամիսներին եւ լեռնային գոտու համար այնպիսի չափաքանակներ սահմանեն, որ մարդիկ նման փաստի առաջ չկանգնեն»:

 

«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՀԱՍՑԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Սա միակ բողոքը չէ, նման դժգոհություններ այս տարի շատ ենք ստացել, ընդ որում, հիմնականում բարձրադիր լեռնային շրջաններում բնակվող մարդկանցից: Եվ, հաշվի առնելով, որ ձմեռը համեմատաբար տաք էր, դժվար չէ կռահել, որ ավելի ցուրտ լինելու դեպքում խնդիրն էապես կսրվի: Ուրեմն, հնարավոր չէ՞, որ գոնե բարձրադիր գոտիների բնակչության համար պայմանները փոխվեն՝ հարցով դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.

- Նախ պետք է ասել, որ անցյալ տարվա սկզբից կա կառավարության որոշում, համաձայն որի` սոցիալապես անապահով ընտանիքներին մեղմացված սակագներով բնական գազ եւ էլեկտրաէներգիա է մատակարարվում: Խոսքը վերաբերում է անապահովության գնահատման համակագում քսանից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին: Բնական գազի, էլեկտրաէներգիայի համար չկա սահմանաչափ այդ տեսանկյունից: Ավելին ասեմ, տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի համար նպաստառու ընտանիքները վճարում են ավելի ցածր սակագնով, քան` անապահովության գնահատման համակարգում չընդգրկվածները: Ընդ որում, որեւէ հատուկ բան, նկատի ունեմ՝ փաստաթղթեր ներկայացնել եւ այլն,  քաղաքացին դրա համար չի անում: Պարզապես՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անապահով ընտանիքների ցուցակները տրամադրում է «Գազպրոմին» եւ ՀԷՑ-ին, որտեղ էլ վճարման ենթակա գումարը հաշվարկվում է սահմանված ցածր սակագներով: Ավելին` երբեմն որոշ ընտանիքներ չեն էլ պատկերացնում, որ իրենք ցածր սակագնով են վճարում: Սա իրավունքի կիրառման տեսանկյունից:

- Բայց ունենք կոնկրետ դժգոհություններ քաղաքացիներից: Եթե կոնկրետ սահմանափակում չկա, ապա քաղաքացիների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ապօրինի՞ են:

- Ոչ, պարզապես այսպես պատասխանեմ: Ինչ վերաբերում է անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներին, ապա էլեկտրաէներգիայի սպառման հետ կապված որեւէ փոփոխություն չի եղել, տարիներ շարունակ գործում է նույն ցուցանիշը: Այն կիրառվում է միայն ամառային ամիսների համար, հետեւաբար, բարձր լեռնային բնակավայրերում, կլինի ցուրտ ձմեռ, թե մեղմ ձմեռ, որեւէ ազդեցություն չի գործում: Իսկ գազի սպառման սահմանափակման հետ կապված պետք է պարզաբանեմ հետեւյալը. դա փորձնական ծրագիր է, որպեսզի կարողանանք կողմնորոշվել եւ հասկանալ, թե մոտավորապես որքան գազ են սպառում անապահովության գնահատման համակարգում գրանցված շահառուները: Այսինքն, ընդամենը կողմնորոշիչ ցուցանիշ է, պարտադիր զրոյացման ենթակա չէ: Տնային այցելությունների ընթացքում մշակվում եւ առաջարկվում են նաեւ այն ցուցանիշները, ստանդարտները, որոնք կիրառելի են ընտանիքի անապահովության կամ բարեկեցության մակարդակը որոշելու համար: Այսինքն, մեր բնակիչները վախենալու կամ խուսափելու որեւէ առիթ չունեն: Եթե կա կոնկրետ դեպք, որտեղ խիստ է կիրառվել փորձնական ծրագիրը կամ կիրառվել է այնպես, որ ըստ իրենց այդպես չպիտի կիրառվեր, քաղաքացիները կարող են անմիջապես դիմել իրենց սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, իսկ եթե խնդիրը չլուծվի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Պետությունը հնարավոր բոլոր միջոցները կիրառում է, որպեսզի այդ ծրագրերը լինեն առավել հասցեական: Եթե կան աղքատ ընտանիքներ, ովքեր չեն կարողանում օգտվել այս ծրագրից, մենք ամեն բան անում ենք, որպեսզի հայտնաբերենք եւ ներառենք վերոհիշյալ ծրագրում: Մեր խնդիրը հասցեականությունն է եւ դրա ապահովումը:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА