ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲՌՆԱԲԱՐԵՑԻՆ, ԱՊԱ ԴԱՆԱԿՈՎ ՎԻՐԱՎՈՐԵՑԻՆ 16-ԱՄՅԱ ԶԱՐՄՈՒՀՈՒՍ»

16.03.2018 22:30 ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«ԲՌՆԱԲԱՐԵՑԻՆ, ԱՊԱ ԴԱՆԱԿՈՎ ՎԻՐԱՎՈՐԵՑԻՆ 16-ԱՄՅԱ ԶԱՐՄՈՒՀՈՒՍ»

«Իրավունքի» զրուցակիցն է Սումգայիթի ջարդերի ականատես, ինչպես ինքն է ասում` «ադրբեջանցիների ոճրագործությունների դժոխքի մեջ թրծված», 70-ամյա ԱՆԱՀԻՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ: Մինչ գլխով անցածը վերհիշելը, նշենք, որ տիկին Անահիտը արդեն երեսուն տարի է, ինչ ապրում է Էրեբունու հանրակացարաններից մեկում: Այստեղ մի սենյակի մեջ համատեղել են ե՛ւ ննջասենյակը, ե՛ւ խոհանոցը, ե՛ւ հյուրասենյակը:

ԻՆՉՈՒ Է ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՀԱՐՑՈՒՄ

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՊԻՏԱԿՆ ԷԼ ՄԵԶԱՆԻՑ ՉԻ ՋՆՋՎՈՒՄ»

- Էդ արնախումները մեզ զրկեցին մեր ապահով կյանքից: Չեմ ասի, որ փողի մեջ լող էինք տալիս Սումգայիթում, բայց որեւէ բանի կարիք չենք ունեցել: Ունեցել ենք ազգությամբ ոչ հայ, բայց հիանալի հարեւաններ, գործընկերներ: Աշխատանքով ապահովված էինք թե՛ ես, թե՛ ամուսինս, իսկ երեխաներս հանգիստ դպրոց էին հաճախում: Անգամ վատ երազում չէինք պատկերացնի, որ մի օր կհայտնվենք փողոցում ու, փախեփախ անելով, ապրելու կռիվ կտայինք: Սակայն հայրենիքում էլ մեր կյանքը էս երեսուն տարիների ընթացքում նմանվեց դժոխքի: Հերիք չի, որ զրկված ենք կենցաղային մինիմալ պայմաններից, դեռ փախստականի, Բաքվից փախածի պիտակն էլ մեզանից չի ջնջվում: Իսկ երբ հանկարծ փորձում ենք դժգոհել, մեզ ասում են՝ կարո՞ղ է խնդրել ենք՝ գաք, եկել եք, գոյատեւեք: Ու սա մեր հայրենի երկրում:

- Տիկին Անահիտ, հասկանում ենք, որ ցավալի է Ձեզ համար, բայց կխնդրեինք անդրադառնալ նաեւ ջարդերի օրերին: Ի՞նչ եք հիշում:

- Դուք ավելի լավ կլիներ հարցնեիք՝ ի՞նչ չեք հիշում, ի՞նչ եք կարողացել մոռանալ: Էդ օրերը ինձ համար սեւ օրեր էին: Ոնց կարող եմ մոռանալ, երբ ինձանից մի քանի քայլ այն կողմ էդ գազանները, էդ անսիրտ կենդանիները բռնաբարեցին, ապա դանակով վիրավորեցին 16-ամյա զարմուհուս: Ու դա միայն նրա համար, որ նա անվախ ու աշխույժ երեխա էր եւ համարձակվել էր ընդվզել այդ անխիղճների տուն ներխուժելուն: Հիշում եմ՝ դուբինկաներով, գոռալ-գոչելով ներխուժեցին տուն: Նրանց դեմը դուրս եկավ զարմուհիս եւ փորձեց դուրս շպրտել տանից, բայց էդ անխիղճները...

- Դուք մենա՞կ էիք տանը:

- Այո, երկուսով էինք: Ինձ կապկպեցին, իսկ զարմուհուս գցեցին մահճակալի վրա ու էդ երեխային սկսեցին գազանի պես «հոշոտել»: Այն աստիճան, որ էրեխու ուշքը գնաց:

 

«ԿՅԱՆՔՈՎ ԼԵՑՈՒՆ ԱՂՋՆԱԿԸ ԴԱՐՁԱՎ ԱՐՑՈՒՆՔՆ ԱՉՔԵՐԻՆ ՉՈՐԱՑԱԾ ՇՆՉԱՎՈՐ ԷԱԿ»

- Ի՞նչ եղավ հետո:

- Հետո, երբ իրենց բարբարոսությունն ավարտեցին, դանակով հարվածեցին դեմքին ու հռհռալով փախան: Ինձ թողեցին աթոռից կապած, իսկ զարմուհուս՝ մահճակալին ուժասպառ ու արյունոտ: Մեզ փրկեց մեր հարեւանը, ով, ի դեպ, ազգությամբ ադրբեջանցի էր: Թեպետ զարմուհուս ֆիզիկապես փրկել հաջողվեց, բայց հոգեկանն այլեւս անհնար էր փրկել: Այդ դեպքից, այդ օրվանից հետո 16 տարեկան աշխույժ, ժպտերես, կյանքով լեցուն աղջնակը դարձավ արցունքն աչքերին չորացած շնչավոր էակ, ով անտարբեր էր իր շուրջը կատավող ամեն ինչին: Միայն մի բառ էր անընդհատ արտաբերում. «Ես չէի ուզում, ես ուզում էի՝ ինձ փրկեին, ուզում էի՝ ինձ օգնեին»: Ցավոք, այդ ցավը խժռեց զարմուհուս հոգեկանը ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Նա չդիմացավ այդ դաժանությանը եւ ինքնասպան եղավ, կտրեց երակները: Դե ասեք, ես կարող եմ մոռանալ այդ օրերը, ես կարող եմ մոռանալ զարմուհուս սառը, արյունոտ ու ոչինչ չասող հայացքը...

Սումգայիթի «Խաղաղության փողոցը» մեկ ժամով Ռուսական թատրոնի բեմում էր

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА