«Խաղաղության պայմանագիր» տարեվերջի՞ն. ԱՄՆ-ին հաստատ սա դուր չի գա
Վերլուծություն
Նախօրեին բավականին հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ բրիտանական MI6-ի սիրելի այցելու, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: Խոսելով ազերիների հետ տարվող գործընթացից՝ նա թեեւ պնդում է, որ բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, սակայն լավագույն դեպքում միայն տարեվերջին հնարավորություն կա ունենալ «խաղաղության պայմանագիր»:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԱԽՔ-Ը - 1
ԱԽՔ-ի ասածում ուշագրավն այն է, որ Նիկոլը, դեռ մինչ Մոսկվայի վերջին եռակողմ հանդիպումը տված ասուլիսում այն պարզ ակնարկ էր առաջ տանում, թե «խաղաղության պայմանագիրը» ամենեւին էլ սարերի հետեւում չէ: Նա անգամ չէր բացառում, որ նման փաստաթուղթ կարող է նաեւ Մոսկվայի հանդիպմանը ստորագրվել: Էլ ավելի հավանական է, որ կարող է դա լինել Քիշնեւի հանդիպմանը: Այսինքն, որ երկար սպասելու կարիք չկա: Բայց ահա ԱԽՔ-ը «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորությունը տարավ-հասցրեց լավագույն դեպքում տարեվերջ: Ու սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ից մշտապես հորդորում են՝ առավելագույնս արագացնել եւ ավարտին հասցնել այդ գործընթացը: Ու երբ ասվում է՝ լավագույն դեպքում տարեվերջին, այն հարցն է, թե այդ ժամկետն ԱՄՆ-ի սրտո՞վ է: Տարբեր այլ խնդիրներից զատ, այս տարեվերջին-գալիք տարեսկզբին ԱՄՆ-ն մտնում է գործնական նախընտրական փուլ: Եվ այդ իրավիճակում կարո՞ղ է նաեւ հայ-ադրբեջանական ուղղությամբ այնպիսի «ծանր վերահսկողություն» պահպանել, որ հնարավորություն ունենա Ալիեւին եւ Նիկոլին մղել իրեն նախընտրելի «խաղաղության պայմանագրի» ստորագրման ուղղությամբ: Նաեւ այն հարցը կա, թե այդ պահին ՌԴ-ն ի՞նչ աշխարհաքաղաքական դիրքեր կունենա: Եթե այս ընթացքում Մոսկվան ուկրաինական պատերազմում հաղթահարի Կիեւի արդեն կամաց-կամաց սկսվող «հակահարձակում կոչվածը», որն այս պահին գնահատվում է ամենահավանական սցենարը, ապա տարեվերջին կունենա շատ ավելի ծանրակշիռ աշխարհաքաղաքական դեր, եւ այդ պարագայում գործնականում կզրոյանա ամերիկյան մոդելի «խաղաղության պայմանագիր» ստորագրելու տարբերակը: Եթե ոչ, կլինի հակառակ տենդենցը:
Ասենք, այս վերջին միտքն արդեն իսկ ակնարկում է այն մասին, թե ինչու են Նիկոլն ու նրա ԱԽՔ-ը նման հակասական ժամկետներից խոսում: Քանիցս կարծիք ենք հայտնել, որ այս փուլում Ալիեւն ավելի կնախընտրի դեռ մի փոքր «ոտքը կախ գցել», մինչեւ վերջնականապես հստակ կդառնա՝ ո՞ր աշխարհաքաղաքական կուրսով է պետք առաջ գնալ, ռուսակա՞ն, թե՝ ամերիկյան: Նաեւ հաշվի առնելով, որ արցախահայության թեման, քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, որեւէ կերպ չեն կարողանում լուծել: Ու երբ նիկոլյան մի շարք «հույժ լավատեսական» հայտարարություններից հետո «խաղաղության պայմանագրի» հարցը տեղափոխվում է տարեվերջ, որն էլ «ծաղկեցրեց» Բայրամովը, թե՝ սա ծանր գործ է, ժամկետներ նշելը ռեալ չէ, ապա նման է նրան, որ Ալիեւն ու Նիկոլն իրոք «ժամանակի վրա են խաղում», մինչեւ գլոբալ իրավիճակն ավելի կանխատեսելի կդառնա:
Եվ ահա այս ֆոնին՝ փաստը, որ Մոլդովայի հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ Բայրամովին եւ Միրզոյանին հունիսի 12-ին նորից կանչել են Վաշինգտոն, նման է նրան, որ պետքարտուղարությունը փորձում է «խաղաղության պայմանագիրն» արագացնել: Եվ, ըստ ամենայնի, կփորձի դրա ստորագրմանը հասնել հուլիսի կեսերին Բրյուսելում ծրագրված, Շառլ Միշելի «քավորությամբ», Ալիեւի ու Նիկոլի հերթական հանդիպման շրջանակներում: Չնայած, սրան հաջորդած ԱԽՔ-ի հայտարարությունը՝ տարեվերջին ստորագրելու մասին, կարելի է նաեւ ընկալել, որպես տարաբնույթ MI6-երին ուղղված ահազանգ, թե, մի բան արեք, թե չէ՝ էլի ստորագրումը ձգձգելու են:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԱԽՔ-Ը - 2
Մեկ ուշագրավ դետալ եւս կար ԱԽՔ-ի հիշատակված ելույթում: Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով, նա նման միտք հայտնեց, թե. «Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից»:
Իհարկե, այստեղ որոշակի երկիմաստություն կա. իրականում ի՞նչ նկատի ունի նա, խոսքը միայն ադրբեջանակա՞ն, թե՞ նաեւ թուրքական սահմանների մասին է: Եթե նաեւ թուրքական, եւ այստեղ եւս «սահմանային ամբողջ ծառայությունը» պետք է իրականացնի Հայաստանը, նշանակո՞ւմ է դա, որ ԱԽՔ-ն ակնարկում է ռուս սահմանապահներին, որոնք 30 տարի պահում են թուրքական սահմանը, պետք է հեռանան: Իսկ դա, չմոռանանք, պանթյուրքիզմի եւ բրիտանացիների հիմնական ծրագրային կետն է:
Բայց եթե ընդունենք, որ ԱԽՔ-ը խոսում է բացառապես ադրբեջանական ուղղությամբ վերագործարկման ենթակա կոմունիկացիաների մասին, ապա այս հարցում ի՞նչ ենք ստանում: Նախ այն, որ կոմունիկացիաների հարցում Մոսկվայի վերջին եռակողմ հայտարարությունից սկսած հետաքրքիր զարգացումներ կան, փաստ է: Նախ՝ Մոսկվայում եղավ Պուտինի հայտարարությունը, թե՝ մնացել են միայն տեխնիկական դետալներ ստորագրել, որի հետ համաձայնեցին Նիկոլն ու Ալիեւը: Այդ տեխնիկական հարցերի քննարկումը պետք է լիներ փոխվարչապետների խմբի հերթական հանդիպմանը, որը տեղի ունեցավ հունիսի 2-ին՝ Մոլդովայի հանդիպման հենց հաջորդ օրը, եւ դրա իմաստը դժվար չէ հասկանալ:
Եվ ահա այդ հանդիպման արդյունքում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պաշտոնապես հայտարարեց. «Զգալի առաջընթաց արձանագրվեց Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ձեւերի համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել երկաթուղային հաղորդակցության վերականգնման ու կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ Երասխի-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով»: Նույն մտքերն են նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաղորդագրության մեջ, այսինքն, հիմա Մեղրիի գծի «վերականգնման եւ կազմակերպման» հարցը պետք է տեղափոխվի «կոնկրետ քայլերի իրականացման» փուլ:
Գրեթե միաժամանակ Նիկոլը, սորոսականության որջերից մեկում՝ Չեխիայում, «CNN primanews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, թե՝ «Մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել եւ շարունակում է ինտենսիվ լինել: Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք…»:
Դեռ մինչ քիշնեւյան այցը, կար տեղեկություն, որ Նիկոլը պատրաստվում է հունիսի 9-ին այցելել Մոսկվա՝ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպելու օրակարգով: Ընդ որում, այդ այցը կապվում էր հենց կոմունիկացիոն համաձայնագրի հետ, հաշվի առնելով, որ դա ստորագրելու դեպքում, իրոք կա ՌԴ վարչապետի հետ տեխնիկական բազում հարցերի հետ կապված պայմանավորվածությունների անհրաժեշտություն: Ընդհուպ, հարցի հետ կապված, թե այդ նոր գծերը գործելո՞ւ են ռուսական երկաթուղային ընկերության կառավարման ներքո, ինչպես հայաստանյան ողջ համակարգը, ի՞նչ ներդրումներով են վերականգնվելու եւ այդպես շարունակ: Բայց, դատելով Նիկոլի հայտարարությունից, այդ դեռ պաշտոնապես չհաստատված այցի շրջանակներում պետք է որ հանդիպում լինի նաեւ Պուտինի հետ: Բայց եթե «այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպեն», ապա հարց է ծագում՝ նշվածից մեկ-երկու շաբաթ անց եւս մեկ ա՞յց պետք է լինի Մոսկվայում, այդ դեպքում՝ ո՞րն է իմաստը, ինչ է, բոլոր հարցերը մեկ այցի շրջանակներում չե՞ն կարող քննարկվել, որ էլի հանդիպելու տեղ կմնա: Վերջապես, եթե Նիկոլը խոսում է ամսվա ընթացքում Պուտինի հետ «առնվազն 2 անգամ» հանդիպելուց, նշանակում է, որ կարող է նաեւ երրորդ հանդիպման կարի՞քը լինել. ինչ է, Նիկոլը մտածում է Կրեմլում աշխատանքի՞ անցնել:
Բայց եթե կան նման գերհաճախակի հանդիպումների ծրագրեր, եւ այս պահին օրակարգի առաջնային պլանում կոմունիկացիաների թեման է, ապա երկրորդ-երրորդ հանդիպման իմաստը կարող է տրամաբանություն ստանալ, եթե մասնակիցի նաեւ Ալիեւը, եւ կոմունիկացիաների վերականգնմանն ուղղված փաստաթուղթ լինի սեղանին:
Այս ընդհանրական ֆոնը, թերեւս, տանում է այն մտքին, որ հենց այդ ուղղությամբ էլ զարգացումները տանում են: Բայց նաեւ չմոռանանք, որ ԱՄՆ-ն կարողացել է 2020թ. նոյեմբերի 10-ից ի վեր արգելափակել ռուսների ցանկացած մասնակցությամբ կոմունիկացիաների գործարկումը եւ այս անգամ էլ, իհարկե, կփորձի: Իսկ դա նշանակում է, որ հարցականները դեռ մնում են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ