«Իրավիճակը հսկելի է եղել, բայց, ամեն դեպքում, վիրուսը կարողացել է ներթափանցել Հայաստան»
Արխիվ 16-20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հորդորում է չշտապել հայտարարել կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի հետաձգման մասին, քանի որ դեռ մեկ ամիս կա, եւ չգիտեն, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը: Այս մասին նա հայտարարեց երեկ լրագրողների հետ զրույցում:
– Ամեն ինչ կախված է նրանից, թե այս ամենն ինչ ընթացք կստանա: Բնականաբար, եթե վիրուսը նահանջի, եւ զգանք, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, ապա կարելի է հանրաքվեն չհետաձգել:
– Պարոն Հակոբյան, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ քննադատեց իշխանությանը` դժգոհելով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված աշխատանքներից: Ի՞նչ կասեք այս մասին:
– Այդ քննադատությունը չեմ ընդունում: Ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք: Բոլոր քայլերը ձեռնարկել ենք, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը ներթափանցում է ամեն տեղ, ինչը եղավ նաեւ Հայաստանում: Դրա պատճառով նույնիսկ Իրանի հետ սահմանն ենք փակել, որովհետեւ հենց Իրանի հետ շփման արդյունքում է վիրուսը ներթափանցել Հայաստան, այլ ոչ թե Վրաստանի: Այնպես որ, վերահսկելի է եղել այդ իրավիճակը, բայց, ամեն դեպքում, կարողացել է ներթափանցել: Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն կամ մնացած հարցերին, կարծում եմ` մի փոքր ուռճացված է: Ինքս որեւէ դեղատուն չեմ մտել եւ չեմ փորձել դիմակ ձեռք բերել:
– Գագիկ Ծառուկյանը նաեւ մտահոգություն էր հայտնել, որ կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների կարանտինը Ծաղկաձորում անցկացնելու պատճառով` այնտեղ հիմա հյուրանոցները դատարկ են: Ինչո՞ւ վարակիրներին Ծաղկաձոր տարաք:
– Որովհետեւ ինձ թվում է` կառավարության բազայում այդ հյուրանոցն էր գտնվում: Ստանդարտ հիվանդանոցներում հնարավոր չէր մեկուսացնել այդ մարդկանց, դրա համար նպատակահարմար են գտել Ծաղկաձորում կազմակերպել այդ ամենը: Ինչ վերաբերում է Ծաղկաձորի հյուրանոցների դատարկ լինելուն, երկու օր առաջ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ էին գնացել Ծաղկաձոր, բոլորովին այլ պատկեր է եղել:
– ԲՀԿ նախագահը նշում է` սա էլ տնտեսություն չէ, որ չհասկանայիք, թե ինչ հետեւանքներ կունենա կորոնավիրուսի կարանտինը Ծաղկաձորում կազմակերպելը...
– Մեր մասնագետները տնտեսությունից էլ են հասկանում, առողջապահությունից էլ: Այնպես որ, ամեն ինչ շատ վերահսկելի է, քան փորձում են խուճապի միջոցով տարածել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ