Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 1-ին եռամսյակում ստացել են 572.500 դոլար պարգևավճար (276.530.000 դրամ)
Արխիվ 16-20
Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2020թ. առաջին եռամսյակի ընդհանուր չափը կազմում է 276.529.800 ՀՀ դրամ, որը համարժեք է ավելի քան 572.500 ԱՄՆ դոլարին։
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ընդհանուր առմամբ պարգեւատրվել է 1722 աշխատակից՝ միջինը 160.500 դրամ գումարի չափով (ներառյալ բոլոր հարկերը):
Նկատենք, որ պարգևատրման գումարների միջինացված տեսքով ներկայացնելը դուրս է տրամաբանությունից, քանի որ որոշ պաշտոնյաներ 2020 թվականի ընթացքում արդեն իսկ պարգևատրվել են 1 և ավելի միլիոն դրամներով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը խրախուսվել են դրամական պարգևատրմամբ 1 միլիոն 800 հազարական դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Հետևաբար՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այս պատասխանն անհասկանալի է, եթե ոչ՝ հանրությանն ուղղակի մանիպուլացնելու փորձ։
Միաժամանակ հայտնել են, որ առաջին եռամսյակի պարգեւավճարների ֆոնդը կազմել է 414.109.800 դրամ, որից 137.580.000 դրամ վճարվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության արտահիվանդանոցային ծառայություն իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողներին պարգեւատրելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է նաև, որ ամսական պարգեւավճարների վերաբերյալ կարգադրությունները տեղադրված են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Քաղաքապետի կարգադրություններ» ենթաբաժնում:
Սակայն պետք է նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքում 2020 թվականի պարգևատրումների վերաբերյալ հրապարակված է քաղաքապետ Հայկ Մարությանի ընդամենը 8 կարգադրություն, որոնցով հատկացված պարգևավճարների հանրագումարը ոչ թե 276.529.800, այլ 66.524.001 ՀՀ դրամ է՝ ավելի քան 4 անգամ պակաս մեզ տրամադրված թվից։ Նույնը կարելի է ասել աշխատակիցների թվի մասին. Մեզ տրամադրված պատասխանում նշվում է, որ պարգևատրվել է 1722 աշխատակից, մինչդեռ հրապարակված կարգադրություններով պարգևատրված աշխատակիցների թիվն անհամեմատ փոքր է։
Հրապարակված կարգադրությունները՝ ստորև.
Հետևաբար, կարելի է միանշանակ եզրակացնել, որ քաղաքապետի՝ պարգևատրումների վերաբերվող ոչ բոլոր կարգադրություններն են հրապարակվում պաշտոնական կայքում։ Ուստի՝ լրատվականներն ու հանրությունը՝ առանց տեղեկություն ստանալու հարցման և պատասխանի, չեն կարող տիրապետել Երևանի քաղաքապետարանում պարգևավճարների մասին ամբողջական տեղեկատվությանը։
Թե ինչ նպատակով չեն հրապարակվում Երևանի քաղաքապետարանի խոշոր չափերով պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունները, կարծում ենք, կարելի է կռահել։