Ալեն Սիմոնյանի սիրտը Վազգեն Առաջին է ուզում
Արխիվ 16-20
Վերջին օրերին անհասկանալի երեւույթներ են կատարվում եկեղեցու եւ պետության չինովնիկներից մեկի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ։ Թերեւս ավելորդ է ասել, որ Սիմոնյանն իր ողջ պաշտոնական լիազորություններն օգտագործում է տարօրինակ պահվածք դրսեւորելով ԱԺ ամբիոնից: Այդ մասին է փաստում այն, որ, օրինակ, Սիմոնյանը նկատողություն արեց Մարդու իրավունքների պաշտպանին՝ ընդգծելով, որ եկեղեցու վերաբերյալ իր ելույթը պետք է շտկել եւ Ալեն Սիմոնյանի սրտով խոսել։
Իսկ պատմությունը հետեւյալն էր, ԱԺ-ում ի պատասխան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցմանը, թե եկեղեցին վերջին շրջանում հալածանքների է ենթարկվում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդգծել էր, որ՝ այո, կան հարձակումներ եկեղեցու դեմ։ Սա ամենեւին դուր չեր եկել Ալեն Սիմոնյանին ու վերջինս ԱԺ ամբիոնից անհասցե եւ անանուն կերպով ընդգծել էր, որ հոգեւորականները թաթախված են քաղաքականության եւ կոռուցիայի մեջ։
Վստահաբար նորանկախ Հայաստանում հոգեւոր բնագավառի շուրջ սա աննախադեպ է, որովհետեւ նույն չինովնիկը չընդգծեց, որ շուրջ մեկ տարուց ավել եկեղեցին ենթարկվել է ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ վիրտուալ լուրջ հարձակումների, իսկ իրենց իշխանությունը ոչ մի քայլ չէր կատարել, այլ միայն վարչապետի մակարդակով հայտնել էր, որ եկեղեցին անջատ է պետությունից։
Այս պատկերացումներով առաջնորդվող նոր իշախնությունները իրենց հորջորջած նոր Հայաստանում ուզում են նաեւ ունենալ նոր հոգեւոր համակարգ, որը պետք է կախված չլինի հոգեւոր իշխանությունից, այսինքն՝ լինի առանց հոգեւոր իշխանության։ Տիպիկ տոտալ գաղափար է, որը միգուցե կուսակցական կամ քաղաքական ասպարեզում կարող է տեղ գտնել, սակայն հոգեւոր-եկեղեցական կյանքում նույն է, որ ազդարարվի եկեղեցու փլուզումը, որովհետեւ եկեղեցին նվիրապետական կառույց է՝ իր օրենքներով, դոգմաներով եւ հոգեւոր հասկացողութուններով եւ մեկը մյուսով համեմատելը, պարզապես, անհնար է։
Վերադառնալով Ալեն Սիմոնայնի, այսպես կոչված, բարեփոխիչ կերպարին՝ պետք է արձանագրել, որ նրա ելույթները եւ խոսքերը միանշանակ ընդունելություն չեն գտնում եւ արժանանում են հոգեւորականների կողմից հակադարձումների: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ հոգեւորականներն այս իմաստով բավական լուրջ եւ խորքային վերլուծություններ են կատարում եւ Ալեն Սիմոնյանին դնում անհարմար վիճակում՝ դուրս բերելով նրա անտեղյակությունը եւ մակերեսային, հիմնազուրկ ելույթները։ Այսօր Ալեն Սիմոնայնը հասկանալով, որ կարող է հայտնվել ավելի վատ վիճակում իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վազգեն առաջինի նկարը եւ կատարել հետեւյալ գրառումը․ «Երկու օր է՝ տարբեր հոգեւորականներ կրկին իմ նկարներն են հրապարակում եւ բարձր արժեքներից խոսում, մեկ ու մեջ կարդում եմ, որոշ բաների հետ համաձայն եմ, որոշ բաների հետ՝ ոչ։ Բայց Աստված իրենց դատավոր։ Ես այդ հոգեւորականների զգեստով մարդկանց, ովքեր չեն հանդարտվում եւ իրար հերթ չտալով՝ կրկին ուզում են վեր հանել նախկինում եղած գնահատականները եւ իմ հետ բանավեճ վերսկսել, մի բան կարող եմ ասել՝ հանդարտվեք»: Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «Որքան մեծ էիր, Վազգեն Ա կաթողիկոս, եւ որքան հաճախ ենք մենք քեզ հիշում ու կարոտում»։
Բողոք հիշեցնող այս գրառումը հուշում է, որ Ալեն Սիմոնյանը օգտագործում է երկու տարի առաջ Հայ Եկեղեցու դեմ ցույցեր անող աղանդավորական խմբի տերմինները, որոնք գրավելով Դիվանատունը՝ բղավում էին, որ իրենց պետք է Վազգեն վեհափառ։ Այսօր էլ պարզվում է՝ Ալեն Սիմոնյանն է նման երազանքներ տածում, հատկապես ծիծաղալի է այն հանգամանքը, որ նա թերեւս նոր շրջանի պատմությունից գրեթե գաղափար չունի եւ չի իմանում, որ դեռ Խորհրդային միության ժամանակ իշխանությունը եւս հակակրանք էր տածում հոգեւորականների հանդեպ՝ միտք ունենալով փակել եկեղեցիները, իսկ Վազգեն Վեհափառին հազար տեսակ պիտակներ էին կպցնում՝ նրան վերագրելով գործակալից մինչեւ անբարո կերպար լինելու մեջ։ Ցավոք, դժվար է պատկերացնել, որ «Իմ քայլ»-ում կգտնվի մեկը, ով Ալեն Սիմոնյանին կհուշի, որ նման էժան հնարքների չգնա՝ այլապես կհայտնվի էլ առավել վատ եւ ծիծաղելի դրության մեջ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ